«Մեծ պապայի պստիկ պապան կարողացավ փչացնել առանց այն էլ հիվանդ քաղաքական դաշտը». Զատիկյան

Serj-Putin

«Ընտրությունը ժողովրդավար երկրներին բնորոշ ճոխություն է, որից զուրկ են բռնապետությունները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնելով ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասաց սփյուռքում ճանաչված հասարակական գործիչ Արմեն Զատիկյանը: Ըստ Զատիկյանի՝ հայաստանյան «ընտրությունների» վերաբերյալ միշտ նույն կարծիքն է եղել.

«Ես հայաստանյան «ընտրությունների» վերաբերյալ երկար տարիներ կարծիքս չեմ փոխել և ուրախանում եմ, որ գնալով ավելի շատ մարդ է հասկանում և համոզվում, որ ընտրությունները ժողովրդավար երկրներին բնորոշ ճոխություն է, որից զուրկ են բռնապետությունները, այն էլ՝ ավազակապետության մակարդակի»:

Այնուամենայնիվ, Արմեն Զատիկյանը մի քանի կարևոր հանգամանքներ է ընդգծում, թե անցած խորհրդարանական ընտրություններն ինչով էին տարբերվում.

Արմեն Զատիկյան

Արմեն Զատիկյան

«Գլխավոր նորությունը, որ մեծ պապայի պստիկ պապան իրեն բնորոշ մեծ տաղանդով կարողացավ փչացնել առանց այն էլ հիվանդ քաղաքական դաշտը և բավականաչափ թարմացրեց Ազգային ժողովը նոր, երիտասարդ կադրերով՝ միաժամանակ ազատվելով «օգտագործման էջը» լրացրած «ախպերությունից»: Սա հատկապես կարևոր է այն առումով, որ Եվրոպայի հետ խաղեր տալիս հայտնի թիվ խփողը կջանա ապացուցել, որ հայկական ֆորպոստը սլացիկ ձևով ընթանում է ժողովրդավարության մայրուղիով, որի դիմաց էլ ակնկալելու է համապատասխան ֆոնդեր կպցնել: Ով գիտի, Ռուսաստանի գործերը շատ խառն են, մեկ էլ տեսար այն օրն ընկավ, որ վրայից թռնելու հարց առաջանա: Դե, իսկ Սերժիկի ճկուն մտքի և շախմատիստի ուղեղի վրա վաղուց ոչ ոք չի կասկածում»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս անգամ ընտրություններից հետո չեղան մշտական հետընտրական զարգացումները, ժողովուրդը դուրս չեկավ փողոց, պարոն Զատիկյանը սա համարեց ուրախալի՝ բացատրելով, որ ժողովուրդն էլ է սկսում հասկանալ, թե ինչ փորձանք են բերել իր գլխին «ընտրություն» կոչված նենգախաղի միջոցով:

«Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ ժողովուրդն էլ է սկսում հասկանալ, թե ինչ փորձանք են բերել իր գլխին այս «ընտրություն» կոչված նենգախաղի միջոցով: Հետընտրական ոչ մի պայքար-մայքար, խիստ ըմբռնումով են մոտենում, կարծես նման բան չի էլ եղել: Ազգային ժողով մտած «երիտասարդ գվարդիայի» անդամներն էլ շուտով կհասկանան, որ իրենց ոտքով ծուղակն են ընկել և շմայս-սեյրանին փոխարինելով՝ բնավ չեն խանգարելու հանրապետական գայլերի ոհմակին հոշոտելու մնացածը, եթե դեռ մի բան մնացել է հոշոտելու, դեռ մի բան էլ՝ իրենց աշխատավարձ տալու»:

Ըստ Զատիկյանի՝ այսօր արդեն բոլորը համոզվում են, որ Հայաստանում չկա այն գաղափարական ուժը, որը երկրում կծավալի ապագաղութացման պայքար

«Եվ ոչ էլ շագրենյան կաշվի պես փոքրացող երկրում կա համապատասխան ժողովրդական ուժ, որ թիկունք կանգնի այդ ուժին: Սակայն նույնիսկ դրանց բացակայության դեպքում, միևնույն է, վաղ թե ուշ ժողովուրդն ապստամբելու է: Դրան կհասցնի օրեցօր վատացող տնտեսական վիճակը, դրսից կտրուկ նվազող տրանսֆերները և այլն: Այս համակարգը, այս մարդակեր ռեժիմը երկար չի ձգելու, իրենք էլ դա գիտեն, դիմանում են նրա հաշվին, որ Ռուսաստանի բերանում դեռ շունչ կա, սակայն նաև լա՜վ զգում են, որ շունչը փչելու վրա է…»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝