Սասնա ծռերից Արամ Հակոբյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, իսկ դեղ հասցնում են հարազատները

aram hakobyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Հիմա նա այնտեղ բուժում է ստանում, սակայն դեղորայքը մատակարարում են Արամ Հակոբյանի հարազատները:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանը:

Ավելի վաղ փաստաբանն ահազանգում էր, որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Եվ փաստաբանը պահանջում էր հետազոտում և նորմալ բուժում:

Հիմա արդեն Արամ Հակոբյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց:

«Միակ դրական բանն այն է, որ ազատության մեջ է, իսկ բուժվերահսկողության մասով չէի ասի, որ առաջխաղացում կա: Բուժսպասարկումը շատ ցածր մակարդակի վրա է, անգամ դեղեր չեն կարող տրամադրել:

Սկզբում ընդհանրապես պնդում էին, թե մինչև բժիշկ չհետազոտի և ասի, որ ստուգման կարիք կա, չեն ստուգի:

Ասում էին՝ պետք է բժիշկ գա նայի, ուղեգիր տա, որ անհրաժեշտ է նկարել Արամի գլուխը: Բժիշկը եկավ, զննեց և բնականաբար եզրակացություն տվեց, որ անհրաժեշտ է այդ հետազոտությունը: КТ արեցին, մենք MRT էինք պահանջում, իրենք հակաճառեցին՝ ասելով, որ ինքը նոր է հետազոտվել, իսկ իրենք նոր ասելով ի նկատի ունեին այն, որ հետազոտվել է փետրվարին:

Բայց իրավիճակը շատ վատ էր: Հիմա բուժման մեջ է, բժիշկը նշանակել է սիստեմաներ, որոնք հույս ունենք, որ կբարելավի վիճակը՝ վերջույթների թուլություն և այլն, կարելի է ասել որոշ չափով հաղթահարված է»:

Ըստ փաստաբանի՝ բժշկի նշանակումները չեն տրամադրում դատապարտյալների հիվանդանոցում՝ բացատրելով, որ դեղերի այդ ցանկը չկա իրենց բազայում: Այդ իսկ պատճառով Արամ Հակոբյանի դեղորայքը գնում են հարազատները մեծ դժվարությամբ.

«Դեղամիջոցով չեն ապահովում, բերել են փոխարինող դեղամիջոցներ, մենք հրաժարվել ենք, և ինչպես ասացի, մնացել է հարազատների ուսերին: Տեղաշարժվելու առումով փոքրիկ ուրախություններ կան: Գիտակցություն ունի, կարող է նաև հաղորդակցվել և շփվել: Հարցն այն է, որ ինսուլտային իրավիճակ էր: Ճիշտ է, այս պահին ինսուլտային զարգացման վիզուալ ախտանշաններ չկան, բայց ուղեղի արյան շրջանառության խանգարում է նկատվում Հակոբյանի մոտ և այլն, սպասվող ինսուլտի մասին էր հուշում: Մի քանի արյան խանգարում և բերելու է ինսուլտին: Սա նշանակում է, որ անընդհատ վերահսկողության տակ է լինելու, անընդհատ սիստեմաներ է ստանալու»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց փաստաբան Գյուրջյանը:

Հիշեցնենք, Արամ Հակոբյանը «Սասնա ծռերի» գործով մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում շենք-շինություն զավթելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու և փոխադրելու մեջ, որոնք նախատեսված են քր. օր-ի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մեկ կարևոր փաստ ևս. ի տարբերություն «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների՝ Արամ Հակոբյանին ոչ ոք ՊՊԾ գնդի տարածքում զինված չի տեսել: Սակայն սա չի խանգարել նախաքննական մարմնին նույն մեղադրանքն առաջադրելու Արամ Հակոբյանին:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝