«Գողանալու ռեսուրսները գնալով պակասում են». Վարդան Հակոբյան

Վարդան Հակոբյան

Ապրիլի 2-ին կայացած համապետական ընտրությունների և հետընտրական շրջանում երկրում տիրող ընդհանուր իրավիճակի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է դիրիժոր, Հիմնադիր խորհրդարանի գաղափարակից Վարդան Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններից հետո իշխանության ներկայացուցիչները շտապեցին հայտարարել, որ գործընթացը «թռիչք առաջ էր», և առաջին անգամ հետընտրական զարգացումներ տեղի չունեցան, ուստի կարելի է ասել, որ ժողովուրդն ընդունել է ընտրության արդյունքները: Ի՞նչ է սա նշանակում, թվում է՝ ժողովուրդը ևս համակերպվեց այն մտքի հետ, որ ընտրության միջոցով համակարգային փոփոխությունների հասնել հնարավոր չէ:

-Ուզում եմ մեկընդմիշտ ընդունենք, որ մեր ժողովուրդը վաղուց հասկացել է այն, ինչը քաղաքական դերասանները համառորեն հերքում են: Ժողովուրդը վաղուց է հասկացել, որ տասնամյակներ շարունակ կեղծվող ընտրություններով հարց չի լուծվել և չի լուծվելու, առավել ևս, որ ընտրարշավին չկար ժողովրդի մոտ միանշանակ հեղափոխական և կենսագրությունով մաքուր քաղաքական միավոր: Դրանով էլ հենց պայմանավորված էր ժողովրդի գործողությունները: Իսկ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ մենք ավելի խորացնենք ժողովրդի ծախվածության մասին թեզը՝ այն դարձնելով ռեժիմի հաղթության խաղաթուղթ: Ռեժիմն ուրախությամբ ընդունելու է, որ ոչ թե կեղծիքներով ու ահաբեկչությամբ է իշխանությանը տիրացել, այլ ձայներ առնելով: Ու այս ներկայացմանը մասնակցող բոլոր քաղաքական միավորները շատ լավ հասկանում են սա, դրա համար էլ հետընտրական որևէ զարգացում չեղավ ու չէր էլ կարող լինել, որովհետև արմատական ընդդիմությունը բանտերում է, և այն ընտրություններին չէր մասնակցում:

- Հետընտրական շրջանում հնչեցին կարծիքներ, որ ՀՀԿ-ն գնել է իշխանությունը, տեղի է ունեցել առևտուր, շատ մեղադրանքներ ու քննադատություններ լսեցինք նաև 10 հազար դրամով ընտրակաշառքի դիմաց քվեարկություն կատարած ընտրողների մասին: Ձեր գնահատմամբ քննադատության սլաքներն իրականում ո՞ր կողմին պետք է ուղղել:

-Քննադատության սլաքներ ուղղելու իմաստ չեմ տեսնում, որովհետև բոլորը քաջ տեղյակ էին հնարավոր ելքի մասին և խոնարհ ընդունեցին արդյունքները, մասնակի բողոքներին լուրջ չեմ վերաբերվում, որովհետև տեղի ունեցածը համապետական կործանարար միջոցառում էր, ոչ թե ինչ-որ ակցիա: Ժողովուրդն, իհարկե, շարունակելու է դժգոհել իրավիճակից, որովհետև վիճակը գահավիժող անկումային է, և շրջադարձային որոշումներ կամ գործողություններ իշխանության կողմից չեն կարող լինել: Երկիրը խորը գաղութացված և կոռումպացված է, դա հիմնովին զրկում է ցանկացած երկրի զարգացման հնարավորությունից:

-Ապրիլի 2-ի ընտրությանը մասնակից քաղաքական ուժերի մեծ մասը հրաժարվեց մասնակցություն ունենալ Երևանի ավագանու ընտրություններին՝ հավանաբար կանխորոշելով, որ այն լինելու է նախորդ ընտրության կրկնությունը: Կա տեսակետ, որ իրենց ընդդիմություն համարող ուժերն ընդհանրապես ճիշտ կլինի, որ բոյկոտեն ՀՀ-ում ցանկացած ընտրական պրոցես, Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

-Իրավիճակից դուրս գալը հնարավոր է միայն ազատագրական պայքարի և ապագաղութացման միջոցով: Իսկ դա որքանով է իրական՝ կախված է, թե որքանով է դրա անհրաժեշտությունն ընկալվում և կարևորվում հասարակության մեջ: Հայաստանում այսօր ազատության մեջ չկա քաղաքական ուժ, որ կարևորի ապագաղութացման և ինքնիշխանության վերականգնման խնդիրը: Դրանք կարևորողները բանտերում են: Եթե չկա հիմնական խնդիրը հետապնդելու պրոցես, դրա համար պայքար, մնացածն անիմաստ եմ համարում, հետևաբար քաղաքապետի կամ գյուղապետի պաշտոնի համար ովքեր են պայքարում և ինչ արդյունքներ են լինելու՝ բացարձակ հետաքրքրված չեմ:

- Եվ հիմա նկատում ենք, որ նույն իշխանության մեջ է գնում աթոռակռիվ, հիշենք վերջերս շրջանառության մեջ դրված հայտնի ձայնագրությունը՝ Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ խանութների ցանցի աշխատակիցների հետ, որում վերջիններիս հորդորում են ձայներ բերել հօգուտ Արտակ Սարգսյանի: Բոլորիս է հայտնի, որ իշխանական թեկնածուներն հիմնականում այդ մեթոդներով են աշխատում, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հանկարծ քննադատությունների կիզակետում հայտնվեց այդ թեկնածուն:

– Ինչ վերաբերում է Արտակ Սարգսյանի հետ կապված ձայնագրությանը, չեմ կարծում, որ որևէ մեկի համար նորություն էր ՀՀԿ-ի աշխատելու մեթոդաբանությունը: Մենք ունենք Դանիել Իոաննիսյանի բացահայտումները նույնպես, թե ինչ ընթացք է ստանում այն, դա էլ ենք տեսնում: Այսինքն, Արտակ Սարգսյանի հետ արտառոց ոչինչ չի պատահի և ունեցածի մի մասը զիջելով ում պետք է՝ կպահպանի իր դիրքերը: Պետք է հասկանանք, որ ոհմակը զուրկ է բարոյական դիմագծից և իր կառուցվածքով կատարյալ չէ, ու այսպիսի դեպքերի դեռ շատ ենք ականատես լինելու, որովհետև գողանալու ռեսուրսները գնալով պակասում են, իսկ այն իրենց կողմ քաշել ցանկացողներն՝ ավելանում: Որպես երկիր և պետականություն մնալու համար առաջնային ու անհետաձգելի խնդիր է ապագաղութացումը, ազատում մի ռեժիմից, որը Հայաստանը դատարկում է օրական առնվազն 100 մարդով և զուգահեռ արտաքին պարտքն ավելացնելով 1.200.000 $: Հայաստանը հայտնվել է ֆինանսական և քաղաքական տոտալ գաղութացման մեջ, և այն գնալով սոսկալի խորանում է: Եթե այս հանգամանքն ազատության մեջ գտնվող այսօրվա քաղաքական ուժերի օրակարգային հարցը չէ, ուրեմն կարելի է վստահ համարել, որ Հայաստանի ապագայով լրջորեն մտահոգված գործող քաղաքական միավորում չկա: Հայաստանի փրկությունն ինքնիշխան և դեմոկրատական պետություն դառնալու մեջ է: Մնացած խնդիրները կլուծվեն ինքնաբերաբար: Հակառակ դեպքում մենք կորցնում ենք պետությունը, և սա արդեն իսկ տեսանելի է:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Դիտվել է՝