ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք ՀՅԴ-ն

39a62cb7e4187e3aa2deb0435b962148

Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական զույգը քննարկում է նոր կոալիցիոն իշխանություն ձեւավորելու հարցը: Այսպես վստահեցնում են երկու կուսակցություններից էլ:

«Այո՛, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության հարցը, դրանք ավարտվելուն պես կտեղեկացնենք ձեզ»,- օրերս այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Է. Շարմազանովը՝ շարունակելով, որ նոր կոալիցիոն իշխանության հարցը դեռ քննարկում են:

ՀՅԴ-ից եւս հայտարարում են, որ կոալիցիոն նոր կառավարում է ձեւավորվելու, որովհետեւ ըստ ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան անժամկետ էր եւ ոչ թե մինչեւ խորհրդարանական ընտրությունները:

ՀՀԿ-ն կարող է եւ միայնակ ձեւավորել կառավարություն

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է ստացել: Սա նշանակում է, որ առանց ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարման էլ իրավունք ունի եւ ի վիճակի է միանձնյա ստանձնել երկրի կառավարումը: Սակայն, այնուամենայնիվ, ՀՀԿ-ում մեծ կամք ու ցանկություն ունեն կոալիցիա կազմելու որեւէ քաղաքական ուժի հետ:

ՀՀԿ-ի բարի կամքը

ՀՀԿ-ի բարի կամքը՝ կազմել կոալիցիոն կառավարում խորհրդարան անցած քաղաքական ուժերից որեւէ մեկի հետ, բացատրվում է երկու հանգամանքով.

1.ՀՀԿ-ն ցույց է տալիս, որ չնայած միանձնյա կառավարման հնարավորությանը՝ բարի կամք կա քաղաքական ուժերի հետ համագործակցության: Մյուս կողմից՝ կոալիցիոն կառավարումը նաեւ պատասխանատվություն է, եւ, իհարկե, վատ չի լինի, որ երկրի քաղաքական, տնտեսական կյանքի համար ՀՀԿ-ից բացի եւս մեկ քաղաքական ուժ պատասխանատվություն ստանձնի: Մեկ կարեւոր հանգամանք եւս. թե՛ կոալիցիոն, թե՛ միանձնյա կառավարման տարբերությունը մեծ չէ այնքանով, որ որոշումները միանձնյա են լինելու:

2.Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ ՀՅԴ-ի հետ քաղաքական գործընկերությունն օգնում է ՀՀԿ-ին ջերմ պահել հարաբերությունները նաեւ Սփյուռքի հետ, հատկապես այս փուլում, երբ Սփյուռքում կա մեծ անվստահություն գործող իշխանության հանդեպ:

Ի՞նչ են բանակցում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն

Մյուս կարեւոր եւ տրամաբանական հարցը, թերեւս, այն պետք է լինի, թե ինչ են բանակցում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն այդքան երկար, մինչդեռ մինչեւ խորհրդարանական ընտրությունները քաղաքական այս զույգն արդեն իսկ կոալիցիոն կառավարում իրականացնում էր: Այս իմաստով ընտրություններից առաջ եւ հետո իշխանության մեջ ուժերի հարաբերակցության առումով շատ բան չի փոխվել: Ընտրություններից առաջ եւս ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ուներ ԱԺ-ում, իսկ ՀՅԴ-ի հետ հուշագիր ստորագրելուց առաջ միանձնյա կառավարում էր իրականացնում:

Կարելի է ենթադրել, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն գոհ է մնացել հավաքած տոկոսներից եւ փորձում է «դրանց չափով» պորտֆելներ պահանջել ՀՀԿ-ից:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝