Հսկայական փողեր են ծախսել ու չեն անցել, հիմա կոմպրոմատներն են հանելու

Արա Պապյան

ՍԱՍ-ի նախընտրական ժողովի ձայնագրության թեման սոցցանցերում շարունակում է մնալ քննարկման թոփ թեմա: Իսկ այս ձայնագրությանը հետեւեց եւս մեկը, այս անգամ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի նախընտրական ժողովինը՝ նույն ոճով:

Հասկանալի է, որ ՀՀԿ-ականների ժողովների ժամանակ արված այս ձայնագրություններն արվել են յուրայինների ձեռքով, այսինքն ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժերի ձեռքի գործն է, այլ հենց իշխանության, քանի որ դրանք հրապարակվում են ոչ թե ընտրություններից առաջ, այլ ընտրություններից 12-13 օր անց:

Ի՞նչ միտումներով են նման ձայնագրություններ հրապարակվում, արդյոք դրանք ներիշխանական հակասությունների արդյունք են:

Քաղաքագետ Արա Պապյանի համոզմամբ՝ այն ընտրակարգը, որը դրված էր այս ընտրությունների հիմքում, երբ մի տարածքում նույն կուսակցությունից մարդիկ էին պայքարում իրար դեմ, չի բացառվում, որ պիտի իրար դեմ կոմպրոմատներ հավաքվեին, եւ դա արվել է:

«Ի վերջո, ժողովրդի համար էական նշանակություն չունի՝ ՍԱՍ-ի Արտակը կանցնի, թե Վովա Գասպարյանի փեսան: Պարզապես սրանց արածն է բացահայտվել: Ես վստահ եմ, որ գրեթե բոլոր տեղերում էլ այդպես է եղել: Բոլոր գործատուները, բոլոր պաշտոնյաները չարաշահել են իրենց դիրքն ու վստահությունը: Իհարկե, այդպես է եղել, բա հո Հանրապետականն այդքան ձայն չհավաքեց: Որ ասում ենք վարչական ռեսուրսի չարաշահում, սա է: Ուղղակի որոշ փաստեր առաջ են գալիս, որոշ փաստեր՝ ոչ: Արդեն ԿԸՀ ամեն ինչ հաստատել է, Սահմանադրական դատարանը բան չի փոխի: Սա որեւէ բան չի փոխի: Սա կարող է ազդել միայն ներկուսակցական վերադասավորումների վրա, ոչ ավելի»:

Մեր այն հարցին, թե բոլո՞րն ունեն այդ հնարավորությունները՝ հրապարակել ձայնագրություններ, բացահայտել կոմպրոմատներ, թե՞ դա տեղի է ունենում հատուկ թույլտվությամբ, Արա Պապյանը պատասխանեց.

«Կարող է, ի վերջո, կան նեղացած մարդիկ: Պետք է հասկանանք ի վերջո, որ մարդիկ հսկայական փողեր են ծախսել: Մենք չգիտենք կոնկրետ թվերը, բայց որ դրանք հսկայական են եղել, կասկած չունենք: Օրինակի համար հաղորդագրություն գնաց, որ Սամվել Ալեքսանյանն իր շտաբից այն մարդկանց, ովքեր ամենաշատ ձայներն են ապահովել, պարգեւավճար է տվել. առաջին տեղի համար 50 հազար դոլար, երկրորդ տեղի համար՝ 40 հազար, երրորդ տեղի համար՝ 30 հազար: Պատկերացրեք, սա դեռ պարգեւավճարն է: Այսինքն՝ ինչքան փողեր են գնացել: Մարդ կա, որ այդ փողերը ծախսել է, կուսակցությունը ոգեւորել է, եւ հիմա, հիմա ի՞նչ են անելու, ստիպված ներքին պայքար է գնում՝ տարբեր ձեւերով»:

 Քրիստինա Մկրտչյան

 

Դիտվել է՝