ՕՐՕ դաշինքի հայտարարությունն իշխանությունների՝ վերջին օրերին սաստկացած ապօրինությունների վերաբերյալ

oro

Ս.թ. ապրիլի 2-ի կեղծված ընտրություններին հետևեցին իշխանությունների ոչ պակաս զազրելի գործողությունները:

Ապրիլի 14-ին Վարչական դատարանը, իշխող ՀՀԿ-ի քաղաքական ղեկավարության ակնհայտ ուղղորդմամբ, մերժեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայցադիմումը, որով պահանջվում էր պարտավորեցնել ԿԸՀ-ին ստեղծել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային հատուկ սարքերում կուտակված մատնահետքերի միասնական բազա և կատարել դրանց համադրում՝ բացահայտելու համար կրկնաքվեարկությունները: Այսպիսով, ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս արդարադատության համակարգը ծառայում է ոչ թե արդարության և օրինականության ապահովմանը այլ իշխանությունների պարտադրված կեղծիքին:

Մինչ այդ՝ ապրիլի 12-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է Վերաքննիչ դատարանի կողմից Անդրիաս Ղուկասյանի հանդեպ կալանքի կիրառման և գրավի միջնորդության վերաբերյալ մերժման դեմ բողոքը: Այսպիսով, Անդրիաս Ղուկասյանը մյուս բոլոր քաղկալանավորների և քաղբանտարկյալների պես շարունակում է մնալ ճաղերի ետևում:

Մինչդեռ այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն, գերազանցելով իր լիազորությունները և ստանձնելով դատախազի կարգավիճակ, օրերս հանդես եկավ մեղադրական “եզրակացություններով”՝ Սարի թաղի դեպքերի հետևանքով մինչ օրս քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների գործողությունների մասին: Նշված գործով քննությունն ավարտական փուլում է, և շուտով գործերը քննվելու են դատարանում, և դժվար չէ կռահել թե ինչին է փորձում իշխանությունների պատվերով նախապատրաստել հասարակական կարծիքը մարդու իրավունքների կեղծ պաշտպանը:

Զուգահեռաբար իշխող վարչախումբը հարձակում է գործում իր ապօրինությունների բացահայտման ուղղությամբ քայլեր կատարած քաղհասարակության ներկայացուցիչների հանդեպ: ՀՀԿ-ական ուսուցիչների կողմից նախընտրական շրջանում ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ 30 ուսուցիչների կողմից հայցերի կազմակերպված ներկայացումը դատարան ևս պետք է դիտարկել քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում: Այսպիսով իշխանությունները իրենց կամակատարների ապօրինությունների իրավական գնահատականը տալու և դրանց հեղինակներին պատժելու փոխարեն քաղաքական հետապնդում են սկսել այդ ապօրինությունները բացահայտած հասարակական կազմակերպության դեմ:

ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ՀՀԿ-ի անդամ Արտակ Սարգսյանի օգտին սեփական աշխատակիցներից ձայներ կորզելու՝ օրերս բացահայտված ապօրինի մեթոդաբանությունը ևս այլ կերպ, քան հաշվեհարդարի սպառնալիքներով ուղեկցվող քաղաքական հետապնդում անվանել հնարավոր չէ:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը դատապարտում է վերը թվարկված բոլոր ապօրինությունները և իր զորակցությունը հայտնում բոլոր քաղբանտարկյալներին և քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքացիներին և կազմակերպություններին:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք

Դիտվել է՝