Ձայնագրողներին փնտրել ՀՀԿ ցուցակում ու «հովանավորյալների» մեջ

sasi-artak

Երեկվանից համացանցում թեժ քննարկման թեմա է «ՍԱՍ» գրուպի նախընտրական ժողովի ձայնագրությունը:

Ընկերության մի ներկայացուցիչ աշխատակիցներին ստիպում է ձայներ հավաքել ՀՀԿ վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) համար:

Նա սպառնում է աշխատանքից ազատել «անգործներին» և պարգևատրել «գերազանցիկներին»:

Արտակ Սարգսյանը Հայաստանի էլիտայի կարկառուն ներկայացուցիչ է, օլիգարխ, ստվերային տնտեսության հիմնասյուներից մեկը, որոնցից շատ ունի ՀՀԿ-ն:

Նրանց բոլորի մոտ էլ աշխատակարգը նույնն է, տարիներ շարունակ իշխանությունը գործել ու վերարտադրվել է՝ գործի դնելով նույն լծակները, նույն տեխնոլոգիաները: Նույն կերպ գործել են Արման Սահակյանը՝ հրավիրելով «Կրպակ» նախընտրական ժողով, Սամվել Ալեքսանյանը, մյուսները: Նորույթն այստեղ թերևս անձի ընտրությունն է և մեկ էլ ձայնագրությունը:

Ձայնագրությունը

Կոնկրետ ինձ համար ավելի հետաքրքիր էր ձայնագրության որակը: Նման որակի ձայնագրություն դժվար է ստանալ հեռախոսով: Կասկածից վեր է, որ ձայնագրությունը պրոֆեսիոնալ մակարդակի է: Լրագրողական տարիների փորձս հուշում է, որ նման կարգի ձայնագրություն ստանալու համար պետք է բարձրորակ ձայնագրող սարքն առնվազն պահել խոսողի բերանին մոտ և ուշադիր լինել նաև, որ կողքից ձայները չխանգարեն մաքուր «ձայնագրություն» ապահովելու համար: Նկատելի է, որ այս ձայնագրությունում բոլոր խոսողների ձայներն են շատ պարզ: Եվ հազիվ թե ձայնագրողը «թռչկոտած» լինի դահլիճի մի ծայրից մյուսը, որպեսզի որսա բոլոր խոսողների խոսքերն անթերի: Այնպես որ, փաստերը հուշում են, որ հատուկ պրոֆեսիոնալ ձայնագրություն է արվել:

Ձայնագրության հեղինակը

Տրամաբանական է, որ ձայնագրության հեղինակներ կարող են լինել Արտակ Սարգսյանի մրցակիցները: Նախ դիտարկենք ՀՀԿ-ի հետ մրցող, ասենք, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների վարկածը: Նրանք, այո, կարող էին կազմակերպել պրոֆեսիոնալ ձայնագրություն, սակայն եթե նման ձայնագրություն անողները լինեին ՀՀԿ-ին դեմ ուժերից, ապա անտրամաբանական է, թե ինչու են ձայնագրությունը հրապարակում միայն ընտրություններից 12 օր անց, եթե նախընտրական շրջանում այս ձայնագրությունը կարող էր իսկապես մեծ սկանդալ լինել և աշխատել ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանի դեմ:

Մնում է մյուս վարկածը. կարող էին ձայնագրած լինել նրա ՀՀԿ մրցակիցները:

Երևանի թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքած մյուս երկու թեկնածուներն Արման Սահակյանն ու Արթուր Գևորգյանն էին:

Առաջինը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է, որն այս տեղամասում ամենամեծ թվով ձայներ հավաքած թեկնածուն է: Երկրորդը ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի փեսան է, ով ՀՀԿ թեկնածուների մեջ հավաքած ձայներով երրորդ տեղում է՝ Արման Սահակյանից ու Արտակ Սարգսյանից հետո:

ՀՀԿ երկու մրցակիցներից ո՞վ կարող էր կազմակերպել ձայնագրությունը՝ Արման Սահակյա՞նը, որը ձայների առավելությամբ հաղթող է ՀՀԿ-ում, թե՞ Արթուր Գևորգյանը, ով 1000 ձայնով պարտվել է ՍԱՍ-ի Արտակին և, ասենք, Արտակ Սարգսյանի ինքնաբացարկի դեպքում կարող է ինքը զբաղեցնել վերջինիս տեղը և դառնալ պատգամավոր:

Ներիշխանական գզվռտոց և կոմպրոմատներ

Մինչև խորհրդարանական ընտրություններ ՊԵԿ հարկային ծառայությունը ստուգումներ էր անցկացնում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում:

Մամուլը գրում էր, որ ստուգումների հրահանգն իջեցվել է ամենաբարձր մակարդակով:

Լրատվամիջոցները հստակ ընդգծում էին՝ «առաջիկա ԱԺ ընտրություններին Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրվել պատրաստվող Արտակ Սարգսյանը ներիշխանական խաղի կանոններ է խախտել»:

ՍԱՍ-ի ստուգումները դադարեցին նախընտրական շրջանում, իսկ ընտրություններից 12 օր անց շրջանառության մեջ դրվեց այս ձայնագրությունը, զուգահեռ աղմկոտ այլ բացահայտումներ են ի հայտ գալիս Արտակ Սարգսյանի մասին:

Ո՞վ է շահելու այս ամենից

Արդեն ստեղծվել են «շարժումներ»՝ «Հրաժարվիր մանդատից», «Զրկել մանդատից» և այլ խորագրերով: Հիմա մի քանի հարց. եթե Արտակ Սարգսյանին զրկեն մանդատից, դա ո՞ւմ հրահանգով կարող է լինել, ո՞վ կշահի դրանից և ՀՀ քաղաքացիներին դրանից ի՞նչ…

Արտակ Սարգսյանին կզրկեն մանդատից, եթե բարձրագույն իշխանությունը կամենա, եթե Ս. Սարգսյանը նման հրահանգ իջեցնի: Դրանից կշահի նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Գևորգյանը՝ ոստիկանապետի փեսան: Իսկ ՀՀ շարքային քաղաքացու համար ամբողջովին միևնույն է, թե ՀՀԿ մանդատը հանրապետական որ թեկնածուին բաժին կհասնի:

Նույնը վերաբերում է ՍԱՍ-ի Արտակին ունեցվածքից զրկելուն: Ի՞նչ կլինի, եթե նրանից խլեն հարստությունը: Ոչինչ չի լինի, կհարստանան մյուսները: Օրինակի համար Գագիկ Խաչատրյանից խլելու ժամանակ դրանից ի՞նչ փոխվեց, ի՞նչ շահեցինք մենք, կամ արդյոք Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) ունեցվածքը պետականացրին: Նույնը լինելու է այս դեպքում:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝