Ադրբեջանը միջազգային հանրությանը պատերազմով շանտաժելու ջանքերը չի դադարեցնելու և առաջնագծում շարունակելու է միջադեպեր հրահրել

Արման Մելիքյան

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ռազմական դրության մասին» 2017 թվականի փետրվարին ընդունված օրենքը:

Նշվում է, որ ռազմական դրություն կարող է հայտարարվել հանրապետութան ինչ-որ մասի փաստացի օկուպացիայի, արտասահմանյան պետության կողմից Բաքվին պատերազմ հայտարարելու, Ադրբեջանի վրա հարձակման իրական սպառնալիքի առաջացման, երկրի որոշակի մաս շրջափակելու կամ շրջափակման մասին հայտարարելու դեպքերում: Ինչի՞ մասին է սա խոսում: Ինչո՞ւ է Ադրբեջանում նման օրենք ընդունելու անհրաժեշտություն առաջացել: Այն ավելի շատ քաղաքակա՞ն նպատակ ունի, թե՞, այնուամենայնիվ, Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում՝ պատրաստվելով ռազմական գործողությունների:

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն, անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության այս քայլին, նախ նշեց, որ ռազմական դրության վերաբերյալ օրենք Ադրբեջանը նոր չէ, որ ընդունում է: Համանման օրենսդրական ակտ Ադրբեջանի Հանրապետության կողմից ընդունվել է նաև 1994 թվականին:

Պարզապես, ըստ Մելիքյանի, այդ օրենքի նոր խմբագրությունը հարմարեցված է պաշտոնական Բաքվի արդի բանակցային պահանջների և մոտեցումների տառին և ոգուն:

«Եթե առաջիկա շաբաթների ընթացքում պարոն Ալիևը համապատասխան հրամանագիր ստորագրի Արցախի Հանրապետության և հարակից տարածքներում ռազմական դրություն հռչակելու վերաբերյալ, ապա դա միանգամայն կծառայի Հայաստանն արդեն պաշտոնապես օկուպանտ պետություն հռչակելու և այդ հարցում միջազգային հանրության իրավաքաղաքական աջակցությունը ստանալու նպատակին: Ստիպված եմ իրերն իրենց անուններով կոչել. Երևանն ու Ստեփանակերտն առ այսօր իրենց դրսևորած պահվածքով միայն նպաստել են ադրբեջանական մոտեցումների առաջմղմանը: Բազմիցս ասել եմ ու նորից կրկնում եմ՝ իրավիճակն արմատապես փոխելու հնարավորությունները մենք դեռ պահպանում ենք, ու եթե այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, ապա դրանում արդեն ոչ թե մասնագիտական անճարակության, այլ հստակ քաղաքական միտումնավորության նշաններ կարելի է տեսնել»:

Օրերս Ալիևը կոչով դիմել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ պահանջելով ուժեղացնել Հայաստանի նկատմամբ ճնշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար, պնդել է, թե Հայաստանը ձգտում է սառեցնել բանակցությունները, «բայց չի հասնի դրան»:

Անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը՝ Արման Մելիքյանը գտնում է, որ այս կերպ ևս պաշտոնական Բաքուն կփորձի հաստատել Հայաստանի օկուպանտ լինելու վերաբերյալ իր պնդումները.

«Ադրբեջանը միջազգային հանրությանը պատերազմով շանտաժելու ջանքերը չի դադարեցնելու և առաջնագծում շարունակելու է միջադեպեր հրահրել. այս կերպ ևս պաշտոնական Բաքուն կփորձի հաստատել Հայաստանի օկուպանտ լինելու վերաբերյալ իր պնդումները, սակայն լայնածավալ պատերազմական գործողությունների կդիմի միայն այն դեպքում, եթե երաշխավորված արագ հաղթանակի ու համապատասխան ռազմաքաղաքական համապարփակ աջակցության առարկայական խոստումներ ստանա Ռուսաստանից և Թուրքիայից: Մինչ այդ, կարծում եմ, որ պարոն Ալիևը դեռևս ձեռնպահ կմնա ռիսկային քայլեր կատարելուց, վստահ եմ, որ Բաքվում ուշադրությամբ հետևում են սիրիական զարգացումներին ու չեն բացառում, որ ոչ հեռավոր ապագայում Ռուսաստանը կարող է և դուրս մղվել Հարավային Կովկասից, ու այդ դեպքում թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիան Հայաստանի դեմ կարող է մեր հակառակորդին հաջողության հասնելու լավ հնարավորություն ընձեռել»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝