«Կայսրը ստացավ իրենը, ցուլը՝ իրենը». Արմեն Պապյան

armen papyan

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության նախկին պետ, նախկին ՀՀԿ-ական Արմեն Պապյանի հետ:

-Պարոն Պապյան, ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն անցած ընտրությունների վերաբերյալ: Արդյո՞ք կանխատեսելի և սպասելի էին նման արդյունքները: Ո՞ր քաղաքական ուժի հետ կապված Ձեր կանխատեսումները կամ սպասումները չարդարացան:

-Ինչ վերաբերում է կանխատեսելիությանը… մեջբերեմ իմ ֆեյսբուքյան էջում արված գրառումն ընտրություններից գրեթե մեկ ամիս առաջ: Համեմատեք ստացված արդյունքների հետ, և դա կլինի պատասխանս: Միայն ՀՅԴ ու «Ելք»-ը տեղերով փոխեք: Կոնգրեսից էի մի քիչ ավելի շատ սպասում, բայց սա էլ հասկանալի ու սպասելի էր. Տեր-Պետրոսյանի հայտնի հայտարարությունից հետո ձայներ կորան: Չնայած անձամբ ես այդ հայտարարությանը վերաբերվում եմ, իր իսկ խոսքերով ասած, ըմբռնումով, բայց դա այլ պատմություն է:

Արմեն Պապյան

7 մարտի

«Гулять, так гулять, ես էլ իմ կանխատեսումներն անեմ ԱԺ ընտրությունների մասով. հետո կստուգենքայսպիսով:

Հանրապետական՝ մոտ 52 տոկոս

Բարգավաճ՝ մոտ 28 տոկոս

Դաշնակցություն՝ 8 տոկոս կթողնեն՝ Սփյուռքի խաթեր

մի 7 տոկոս, կարծում եմ, ԵԼՔ-ին

Կոնգրես՝ 2

Մնացածը միասին՝ 3 տոկոս»:

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ տեխնոլոգիաներ կիրառվեցին այս անգամ նախընտրական, ապա և ընտրական շրջանում քաղաքական ուժերի կողմից:

-Այն նույն տեխնոլոգիաները, որոնց մասին Ձեզ ասում էի դեռևս նոյեմբերին, եթե չեմ սխալվում: Այս մի կանխատեսումս էլ լրիվ իրողություն դարձավ, համաձայն չե՞ք: Վարչական ռեսուրս+նյութական խրախուսում… դե մեղմ եմ արտահայտվում: Ոչ մի կոպտություն, ծեծ ու ջարդ, համատարած լցոնումներ չեղան, և վստահ էի, որ չեն լինելու: ՀՀԿ աշխատեց այնպես, ինչպես և պետք է աշխատեր: Նույնը կասեմ ԲՀԿ-ի մասին: Կայսրը ստացավ իրենը, ցուլը՝ իրենը: Կանխատեսելի և արդյունավետ:

Ինչ վերաբերում է մյուս ուժերին… այս մասին էլ եմ շատ գրել: Մի բան միայն հավելեմ, թող ներեն ինձ, ամենևին չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, բայց ասեմ ուղիղ ու գեղավարի. տղերք ջան, մեծ-մեծ խոսելով չէ: Աշխատել է պետք, իրավիճակը, ժողովրդի տրամադրությունները ճիշտ վերլուծել է պետք, սեփական ուժերը ճիշտ գնահատել է պետք, սեփական «ես»-ը թողնելով միավորվել է պետք… եթե, իհարկե, միավորվելու համար հող կա:

-Պարոն Պապյան, ինչո՞վ է բացատրվում ՀՀԿ-ի հաջողությունը: Ընտրած քարոզչական մարտավարությունից, ինչպես նաև տեխնոլոգիաներից, որ կիրառեց իշխանությունը, ի՞նչը հատկապես կառանձնացնեք:

-Չկրկնվեմ: Այդ երկու գործոններն աշխատեցին: Եվ դրան հավելած՝ մի շաաատ կարևոր բան: Ալտերնատիվ հզոր ուժի բացակայություն: Գաղափարական ուժի, հասկանում եք: Կուզե՞ք՝ ավելի մանրանամ: Կարող եք ինձ պատասխանել, օրինակ, ինչո՞վ էին տարբերվում իրարից «Ազատ դեմոկրատներ»-ի, «Ելք»-ի, ինչպես նաև՝ ՕՐՕ-ի և «Հայկական վերածննդի» գաղափարախոսությունները: Ո՞ր կետերում էին դրանք իրար հակասում, որ նրանք եզրեր չգտան միավորվելու և համատեղ հանդես գալու համար: Կամ… Կոմկուսը… ո՞րն էր այդ մարդկանց նպատակը: Ընտրություն կատարելուց հետո էլ դեռ նրանց ղեկավարը ի լուր աշխարհի խոստացավ, որ վաղը մենք արթնանալու ենք լրիվ այլ Հայաստանում: Ծիծաղելի է, հասկանո՞ւմ եք: Չերկարացնեմ, որովհետև շատ կխորանանք:

Ինչ վերաբերում է իմ պատկերացումներին, թե ով կարող է լինել իրական ընդդիմություն Հայաստանում, նորից մեջբերեմ իմ ֆեյսբուքյան գրառումը, այս անգամ՝ հունվարին արված.

«Արմեն Պապյան

20 հունվարի

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒ՞ՆՀԱՅԱՍՏԱՆՈՒ՞ՄԿԱՐԴԱՑԵՔ ԻՈՆԵՍԿՈ

Իսկ հիմա ամենակարևորի մասին: Հայաստանում իրական ընդդիմություն դառնալու համար քաղաքական ուժը պետք է ունենա ԱՐՄԱՏԱՊԵՍ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ կամ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ: Արմատապես տարբերվող: Դա կարող է լինել միայն այն ուժը, որը կկարողանա արտաբերել այս ՖԱՆՏԱՍՏԻԿ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ մտքերից մեկը.

  1. Հայաստանը պետք է կրկին դառնա համայնավար երկիր: Անվճար առողջապահություն, կրթություն, բոլորին՝ աշխատանք, անվճար ուղեգրերև այլն, և այլնՀԱՎԱՏՈՒ՞Մ ԵՔ
  2. Կամ՝ Հայաստանը պետք է հրաժարվի ԼՂՀ հիմնախնդրի հայամետ լուծումից: Հենց այդպես, ուղիղ տեքստով: ՀԱՎԱՏՈՒ՞Մ ԵՔ
  3. Կամ՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի և միանշանակ դուրս գա ՌԴ ազդեցությունից, եղբայրանա Արևմուտքի հետ և, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, բոլոր խաղերը խաղա նրա սցենարով: ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐԸորովհետև կիսատպռատով այստեղ չես պրծնի: ՀԱՎԱՏՈՒ՞Մ ԵՔ
  4. Կամ՝ Հայաստանը փառահեղորեն ապացուցեց, որ ինքնիշխան պետություն լինել չի կարող: Եկեք գնանք ազգովի խնդրենք ռուսներին, որ մեզ վերցնեն իրենց թևի տակ: Առավել ևս, որ աշխատունակ տղամարդկանց շատ մեծ մասը այնտեղից է ընտանիք պահում: Իհարկե, ովքեր դեռ ընտանիք ունեն Հայաստանում: ՀԱՎԱՏՈՒ՞Մ ԵՔ:

ԻՀԱՐԿԵ ՈՉ: Չկա՛ մեր երկրում գործիչ կամ ուժ, որն անի այս հայտարարություններից մեկը:

Այդ դեպքում հարց եմ տալիս: Էլ ո՞րն է ընդդիմությունը: Ո՞ր գաղափարի վրա եք ընդդիմանում: Կամ ո՞ւմ: Իմաստուն ժողովուրդն էլ ընտրում էգուշակեք, ի՞նչը»:

Ի դեպ, այս գրածիցս հետո հետևեց Լեւոն Տեր-Պետրոսյանի  հայտնի հայտարարությունը… շատ նման էր իմ կողմից նշած երկրորդ կետին… և ինչի՞ հասան:

-Պարոն Պապյան, ՀՀԿ-ականները ևս չեն խորշում հիմա խոսել ընտրակաշառքի մասին: Այնուամենայնիվ, 10000 դրամով ՀՀԿ ընտրելու հարցում ո՞վ է ավելի շատ մեղավոր, պատասխանատու՝ ՀՀ քաղաքացի՞ն, թե՞ իշխանությունը: Սովորաբար իշխանությանն են մեղադրում, բայց կարող էին, չէ՞, համարձակ գտնվել և պարզապես «խաբել» փող տվողներին:

-Ես հակված չեմ ժողովրդին մեղադրել: Կարդացեք նախորդ մեջբերմանս վերջին նախադասությունը…

2003-ին, 2008-ին ոչ մի փող, ոչ մի ծեծ ու ջարդ չկարողացան կոտրել ժողովրդի ոգին: Հիմա միանգամայն այլ իրավիճակ էր:

-Մինչև ընտրությունները սկանդալային բացահայտում եղավ. 100-ից ավելի տնօրեններ աշխատել են ՀՀԿ օգտին: Աղմկահարույց բացահայտումն այնքան էլ չազդեց ընտրությունների արդյունքների վրա, փոխարենը հիմա փորձում են «պատժել» այն ՀԿ ղեկավարին, ով «հանդգնել էր» բացահայտել իրականությունը: Ի՞նչ եք կարծում, տնօրենների մտադրությունը՝ բոլորը միասին դատի տալու և պատժելու Դ. Իոաննիսյանին, իշխանությա՞ն հրահանգն է:

– Չեն պատժի, մի թեթև թեմա կլինի, կանցնի: Դանիելն էլ խելացի տղա է, հենց այն գլխից էլ հասկանում էր, որ խնդիրն ամբողջությամբ բարոյական հարթության մեջ է: Այլ բան ապացուցելն ուղղակի անհնար է: Քրեական օրենսգրքի հետ կապված խնդիրներ չկան: Իհարկե, մեկ այլ երկրում սա կդառնար Ուոթերգեյթի նման մի բան, հրաժարականներ կհետևեին, բայց մենք ապրում ենք Հայաստանում:

-Ի՞նչ կփոխեն խորհրդարանական ընտրությունները, Ձեր կարծիքով, ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու կյանքում: Ի՞նչ սպասելիքներ կան:

-Ամեն ինչ կգնա իր հունով, ցավոք սրտի: Կավելանա արտագաղթը, սա միանշանակ: Էլ ավելի կիջնի կենսամակարդակը: Իսկ իշխանությունում… կձևավորվի կառավարություն, որտեղ ամեն մեկը կստանա իր հասանելիքը: Կարծում եմ՝ վարչապետը կշարունակի աշխատել մինչև 2018թ.-ը, կլինեն փոքր փոխատեղումներ, իմիտացիաներ, միգուցե մեկ-երկու լուրջ ներդրում արվի, մի այդքան էլ հիմնադրամ կստեղծվի: Բայց ժողովրդին դրանից հաստատ ոչինչ…

Առաջիկայում մի կանխատեսում էլ կանեմ Երևանի ավագունու ընտրությունների վերաբերյալ… սա, ի դեպ…

Վերջում կցանկանայի նշել. ամենևին չեմ ցանկանում հավակնել Նոստրադամուսի կամ Վանգայի փառքին: Ես պայծառատես չեմ: Ուղղակի սթափ ուղեղով, նաև՝ հաշվի առնելով ներքին և արտաքին մի շարք գործոններ, կարելի է մաքսիմալ ճշգրտությամբ վերլուծել իրավիճակը, քանի որ այսօրվա Հայաստանն ամբողջովին կանխատեսելի երկիր է: Ցավոք, ոչ միայն մեզ համար:

Հարցազրույցը՝Ք. Մկրտչյանի

Դիտվել է՝