Փոփոխության համար սպառվել են քաղաքական բոլոր միջոցները, մնում է մեկ միջոց

17918830_808529022630302_1639968427_n

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու Գարիկ Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, Ձեր գնահատականները ՀՀ-ում ստեղծված իրավիճակի շուրջ: Փաստորեն այս անգամ էլ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ իշխանությունները կարողացան ապահովել վերարտադրություն: Ո՞րն է Ձեր ընդհանուր կարծիքն անցած ընտրությունների վերաբերյալ:

-Հայաստանն արդեն 25 տարի ապրում է քաղաքական ճգնաժամի պայմաններում, և դա վերջին տարիներին ավելի է խորացել այնքան, որ ժողովրդի և քաղաքական իշխանության հարաբերությունները դարձել են թշնամական, այսինքն անօրինական իշխանություններն արհամարհելով ու թալանելով ժողովրդին՝ արժանացան ժողովրդի ատելությանը:

Վերադառնալով «ընտրություններին»՝ եղավ այն, ինչ տարիներ շարունակ զգուշացնում էինք, որ Հայաստանում գործող ներկա համակարգի պայմաններում հույս ունենալ արդար ընտրությունների առնվազն միամտություն է: Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր դիրքորոշումն ընտրությունների վերաբերյալ, բայց, ցավոք, մեր հայրենակիցները նորից խաբվեցին, որի արդյունքը լինելու է պետականության կորստի, քաղաքական, տնտեսական ճգնաժամի, ազգային արժեհամակարգի անկման և ամենացավալին՝ նորից արտագաղթ:

Մինչ «ընտրություններին» մասնակցելը՝ ժողովուրդն ինքն իրեն պետք է մեկ հարց տար՝ ո՞ւմ շնորհիվ է Հայաստանի քաղաքացին հասել այն վիճակին, որ 10.000 դրամը կարող է ինչ-որ բան փոխել, և որ դա ներկա իշխանությունների վարած ապազգային և ապաշնորհ քաղաքականության արդյունքն է, սա իմանալով՝ պարզապես չպետք է գնային ընտրատեղամաս:

Իշխանությունները կարողացան վերարտադրվել, քանի որ Հայաստանում չկա ընդդիմադիր գոնե մեկ ուժ, որը կներկայացներ ժողովրդի իրական պահանջը, հակառակը, բոլոր ուժերը խաղացին իշխանության թելադրանքով:

Այս անգամ էլ իշխանությունները վերարտադրվեցին՝ կաշառքով, շանտաժով և ստով, որի արժեքն է 10.000 դրամ:

-Պարոն Խաչատրյան, անցած ընտրությունները լեգիտիմացրին նաև միջազգային կառույցները՝ հայտարարելով, որ ՀՀ իշխանություններն այս անգամ ջանացել են անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, մինչդեռ համատարած խոսում են ընտրակաշառքի մասին, նույնիսկ ՀՀԿ-ականները չեն հերքում, որ ընտրակաշառքը վճռորոշ դեր ու նշանակություն է ունեցել ընտրությունների գործում: Ո՞վ է մեղավոր՝ հասարակությո՞ւնը, թե՞ իշխանությունը, որ մարդկանց հասցրել է բարոյալքման:

-Միջազգային կառույցները վերապահումով են մոտեցել «ընտրությունների» արդյունքներին: Նրանք հայտարարում են, որ լավ է կազմակերպվել, բայց արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել ընտրակաշառքը:

Մարդկանց բարոյալքման հիմնական պատճառն ընդդիմության բացակայությունն է, որը և արդյունքն է համակարգի բռնապետական քաղաքականության, որի հետևանքն է 100-ից ավելի քաղբանտարկյալների գոյությունը բանտերում:

Ինչո՞ւ ժողովուրդն ընդունեց «Սասնա ծռեր»-ին, որովհետև նրանք գործեցին ժողովրդի պահանջով. միակ ընդդիմությունը, որ կա Հայաստանում:

Մենք չունենք իշխանություն, մենք ունենք իշխանությունն անօրինական զավթած մի խումբ, որն օգտագործում է պետությանը պատկանող բոլոր միջոցները՝ հատկապես ոստիկանությունը, իշխանությունը պահելու և վերարտադրվելու համար:

Ժողովուրդը բարոյալքված է անօրինականություններից և որևէ բան փոխել չկարողանալու անզորությունից:

Պարոն Խաչատրյան, ընտրություններից օրեր առաջ Սասնա ծռերը հանդես եկան հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի: Նրանք ողջունում էին ընդվզման նկրտում ունենալու համար և կոչ էին անում մեր ժողովրդին պատրաստվելու համաժողովրդական ընդվզման։ Սակայն ՕՐՕ-ն կարծես թե ընդվզման, անգամ փողոցային պայքարի չի գնում: Ինչո՞ւ:

-«Սասնա ծռեր»-ը հանդես չեկան ի պաշտպանություն Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի, այլ ընդվզման այն դեպքին, որը տեղի ունեցավ ՕՐՕ-ի ընտրարշավի ընթացքում: Բոլորին հայտնի է, որ «Սասնա ծռեր»-ն ընդվզման կողմնակիցներ են և համոզված են, որ փոփոխության միակ միջոցն ընդվզումն է այս համակարգի դեմ:

Ես իրավասու չեմ մեկնաբանել, թե ինչու ՕՐՕ-ն ընդվզման կամ փողոցային պայքարի չի գնում:

-Հայաստանում ստեղծված վիճակից, ի վերջո, ո՞րն է ելքը, ըստ Ձեզ: Ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ վաղվա օրը:

-Հայաստանի ապագան որոշողը պետք է լինի քաղաքացին, հայը: Քանի դեռ իշխանությունը գտնվում է մարդկանց ձեռքին, որոնք միայն մտածում են՝ ինչպես հարստահարել և ստրկացնել ժողովրդին, անլուրջ է խոսել լավ ապագայի մասին:

Քանի որ փոփոխության համար սպառվել են քաղաքական բոլոր միջոցները, մնում է մեկ միջոց. հեռացնել անօրինական իշխանությունը՝ վերադարձնելով ժողովրդին, իսկ թե ինչ միջոցով, դա պետք է ժողովուրդը որոշի:

Ժողովրդի որոշումը մեզ համար կլինի այն ուղեցույցը, որով մենք կառաջնորդվենք:

 Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Դիտվել է՝