Իշխանությունների «անզուսպ սերը» դեպի Վանաձորի «Գլորիան», և թե ինչու այդ սերը բոլորի համար չէ

nkkk

Նախընտրական քարոզչության ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Լոռու մարզ այցելելու ժամանակ հատուկ այց կատարեց նաև Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա: Սա այն ընկերությունն է, որն էական հաջողություններ ունի, Վանաձորում ապահովում է շուրջ 1000 հոգու աշխատատեղ, աշխատողներին նորմալ ֆինանսավորում է, արտադրանքն էլ մրցունակ է, կանացի և տղամարդկանց բաճկոններ, որոնք արտահանվում են նաև Եվրոպա:

Իշխանություններն ամեն հարմար առիթի դեպքում օրինակ են բերում «Գլորիա»-ին: Այն հազվագյուտ ընկերություններից է, որ մշտապես պաշտոնական այցերի ժամանակ իշխանավորները չեն շրջանցում և բաց չեն թողնում արտադրամասերով շրջելու ու նկարվելու առիթը: ՀՀ բոլոր ժամանակների վարչապետերն արտադրական լավագույն նկարներն ու «ֆոտոսեսիաները» հենց «Գլորիա»-ում են արել:

Սակայն Վանաձորը չորս կարի ֆաբրիկա ունի՝ «Բազում», «Գլորիա», «Սարտոն» և «Դավգար»։ Չորսն էլ նախկին «Վանաձորի Բազում կարի արտադրական միավորման» մասնաճյուղերն են, որոնք հետագայում, ՀՀ անկախացումից հետո ձեռք բերելով իրավաբանական անձի կարգավիճակ, դարձել են առանձին ձեռնարկություններ։

Այս չորսից հաջողություն ունի միայն մեկը: Հետաքրքիր է՝ որն է «Գլորիա»-ի հաջողության գաղտնիքը, և թե ինչու այդ հաջողությունները նաև մյուս մասնավոր ընկերությունների համար չեն:

Այն ժամանակ դեռևս Ս. Սարգսյանը, հետո Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, հիմա արդեն Կարեն Կարապետյանը Վանաձորի զարգացման գործում միշտ կարևորել են այդ ֆաբրիկայի գործունեությունն ու ճոխ արտոնություններ են տվել։

Հիմնադրման առաջին տարիներից այս ընկերությունը գործեց հարկային արտոնությունների դաշտում:nk2

2010թ.-ից կարի ֆաբրիկայի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվեց «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմ, որով ժամկետները երկարաձգվեցին մինչ 2013թ. սեպտեմբերի 29-ը: Ընդհանուր առմամբ, երկարաձգվեց 109.7 մլն դրամ մաքսային արժեքով 59 անուն կարի մեքենաների և արտադրությանն անհրաժեշտ 931 միավոր սարքավորումների մաքսային ռեժիմները:

Արդյունքում, ընկերությունը հայտարարեց, որ մինչև 2012թ. միայն «SARTIS» ֆիրմայի պատվերով արտադրել և արտահանել է 213.9 մլն դրամի հագուստ: Աճը 2010թ. նկատմամբ կազմել է 3.2 անգամ:nk3

2013թ.-ին «Գլորիա» այցելեց այն ժամանակ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը: Մինչ այդ ընկերությունը կրկին դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով երկարաձգել ներմուծված մեքենասարքավորումների «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները:

Փոխարենն ընկերությունը խոստանում էր 2016թ. Իտալիա առաքել շուրջ 670 մլն դրամի արտադրանք (2013թ.՝ 420 մլն դրամի դիմաց): Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել աշխատողների քանակը և 2016թ. ներկայիս 550-ի փոխարեն այն հասցնել 1000-ի:

2014թ.-ին կարի ֆաբրիկայի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կրկին երկարաձգվեց այս անգամ մինչև 2017թ.։
nk42015թ.-ին, երբ «Գլորիա» այցելեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ընկերությունից տեղեկացրին արդեն, որ ֆաբրիկան տարեկան Իտալիա և Գերմանիա է արտահանում շուրջ 700 հազար բաճկոն և աշխատանքներ է տանում իտալական Dizel ընկերության հետ համատեղ բարձրորակ ջինսերի արտադրություն ևս կազմակերպելու համար: Այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց կառավարության կողմից ֆինանսական ռեսուրսներով օժանդակել ֆաբրիկային՝ 450 մլն դրամի չափով, ինչի արդյունքում ստեղծվելու էր լրացուցիչ 200 և ավելի աշխատատեղ:nkkk

Հիմա այս ընկերությանը քաղցր աչքով նայելու հերթը Կարեն Կարապետյանինն է: Նախընտրական քարոզչության ժամանակ, երբ ընկերություն այցելեց Կարեն Կարապետյանը, գործարանի ղեկավարությունը նրան ներկայացրեց գործունեության ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

Հիմա թերևս պարզ է, թե ինչու է հաջողություններ արձանագրում «Գլորիան»: Ընկերությունը մշտապես գործել է հարկային արտոնությունների դաշտում: Խնդիրն այստեղ այն է, թե ինչու նույն կերպ չեն վերաբերվում մյուս ընկերություններին: Օրինակ, Վանաձորը կարող էր ունենալ ոչ թե մեկ «Գլորիա», այլ առնվազն չորսը: Եվ կարող էին աշխատանքով ապահովված լինել ոչ թե 1000 վանաձորցի, այլ, ասենք, 4-5 հազար:

Օրինակի համար նշենք, որ «Նայթեքս» վերանվանված Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան ևս լավ հնարավորություններ ուներ դառնալու «Գլորիա»: Սակայն այն հիմա սնանկ է: Ընկերությունը մի քանի տարի առաջ վարկ է վերցրել և պատվերներ չունենալու պատճառով չի կարողացել գումարն ամբողջությամբ փակել:

Տոկոսներն աճել են, ընկերությունը սննկացել է, և արդյունքում ֆաբրիկան հանվել է աճուրդի:

Նման բան չէր լինի, եթե այս ընկերությունը ևս գործեր հարկային արտոնյալ պայմաններում: Ի վերջո, Ս. Սարգսյանը 2013թ.-ին երդմնակալության ժամանակ խոստանում էր հավասար մրցակցային և հավասար արտոնյալ պայմաններ ապահովել բոլոր տնտեսվարողների համար:

Խնդիրն այստեղ այն չէ, թե ումն է «Գլորիան», ով է թիկունքում, կամ իշխանությունների հետ կապ ունեն արտադրողները, խնդիրն այն է, որ բոլոր տնտեսվարողները պետք է գործեն հավասար, նույն դաշտում, ու կարևոր է, որ արտոնյալ դաշտում գործեն, որպեսզի հնարավոր լինի արտադրության եղանակով ապահովել տնտեսական առաջընթաց ՀՀ-ում:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝