Իրավապաշտպաններ. տնօրենների հայցն՝ ընդդեմ Դանիել Իոաննիսյանի, ահաբեկելու նպատակ ունի

Без названия

«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ-ի դեմ 30 դպրոցների տնօրենների հայցը նպատակ ունի ահաբեկել իշխանությունների թույլ տված ապօրինությունների բացահայտմամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Իրականում այդ կազմակերպության կատարած սկանդալային բացահայտման մեջ ոչ մի քրեական արարք չկա: Սա հայտնի լրագրողական հնարք է՝ բացահայտելու համար իրականությունը: Այս մասին «Մեդիա կենտրոնում» ապրիլի 12-ին տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին իրավապաշտպանները:

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր դպրոցի տնօրենների ձայնագրություններ, որտեղ տնօրենները խոստովանում էին, որ իշխող Հանրապետական կուսակցության համար մարդկանց ցուցակագրում են անում: 30 դպրոցի տնօրեններ ընտրություններից հետո դիմեցին դատարան՝ ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանից պահանջելով ներողություն խնդրել և որպես փոխհատուցում յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն դրամ:

Իշխանյանի կարծիքով՝ երկրում ստեղծվել է մի այնպիսի վիճակ, երբ կրթությունը, որ պետք է համարվեր ամենահարգված ոլորտը, քաղաքականացվել է և հայտնվել մի այնպիսի վիճակում, որ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն իրենց աշխատանքը չկորցնելու համար պատրաստ են նման ծառայություններ մատուցել իշխանություններին: «Նրանք նույնպես այս համակարգի զոհերն ու հպատակներն են»,- ասաց Իշխանյանը՝ հավելելով, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կատարածի մեջ ոչ մի քրեական արարք չկա:

Նրա խոսքով՝ քաղաքակիրթ երկրներում, նման բացահայտումների դեպքում, լինում է սկանդալ, հրաժարականներ: «Հանձնարարական կատարողները վստահաբար իմացել են, որ իրենք չեն պատժվելու: Ես վստահ էի, որ Դանիելի նկատմամբ ինչ-որ գործողություններ կատարվելու են՝ ընտրություններից հետո, իհարկե: Եվ դրա պատճառներից մեկն այն էր, որ բոլոր քաղաքական ուժերը, բացի Հանրապետականից, պետք է օգտագործեին այդ բացահայտումներն՝ ընդհուպ մինչև ուլտիմատում. եթե այս հարցը չի բացահայտվում, իրենք չեն մասնակցում ընտրություններին»,- ասաց նա:

«Մեդիա կենտրոնում» ապրիլի 12-ին Ավետիք Իշխանյանի, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Իրավապաշտպանների գնահատականը Դանիել Իոաննիսյանի դեմ հարուցված դատական գործին» թեմայով:

Արթուր Սաքունցի կարծիքով, տնօրենները չպետք է դիմեին դատարան զրպարտության հիմքով, այլ թաղապետարանները, մարզպետարանները և Հանրապետական կուսակցության շտաբները պետք է դիմեին դատարան ընդդեմ տնօրենների ու ասեին, որ նրանց ասածը զրպարտություն է: «Այժմ իշխանությունները տնօրեններին հերթական անգամ նվաստացնում են և ստիպում են բացարձակապես անհիմն հիմքով դիմել դատարան»,- ասաց նա՝ հավելելով, որ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ իրենք ուղղակի պատասխանատվություն ունեն, բայց չունեն խիզախություն հրապարակավ ընդունելու այդ պատասխանատվությունը:

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ դատական հայցերի նապատակն, ըստ ամենայնի, ահաբեկելն է, ոչ թե արդարադատությունը: «Փոխարեն պաշտպանվեն, դիմել են հարձակման: Սա շատ սխալ ճանապարհ է: Ձայնագրությունները հրապարակելու մեջ զրպարտություն չկա, իմ կարծիքով: Դա զրպարտություն որակելը կամ անգրագիտություն է, կամ նենգափոխելու նպատակ ունի»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ հայցվորները «քաշվելու են շատ գեշ», հետո գնալու են հրահանգիչներին ասեն՝ «ինչ մի կրակի մեջ գցեցիք մեզ»:

«Անհեթեթ հայցեր են, անապացուցելի բան է, մարդը չի զրպարտել: Խոսել ենք բազմաթիվ փաստաբանների, իրավաբանների, փորձագետների հետ»,- ընդգծեց Լևոն Բարսեղյանը՝ նշելով, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան և կոչ կանեն այլ անձանց միանալ դրան:

Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ պետք է իրենց դիրքորոշումները հայտնեն ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը, ինչպես նաև հասարակական միավորումներն ու կազմակերպությունները: «Կրթությունն այնպիսի ոլորտ է, որ վերաբերում է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացու: Ուստի այժմ ժամանակն է, որ բոլորը հստակ ասեն իրենց կարծիքը և հաղթահարենք այս խնդիրը: Պետք է կարողանանք ընդունել այս մարտահրավերը, այս համակարգն արմատապես փոխվի»,- ասաց նա:

Դիտվել է՝