Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետ աշխատելու տարիներին ավելի է հարստացել. հայտարարագիր

taron margaryan

Երևանի քաղաքապետի թեկնածուներից Տարոն Մարգարյանը ՀՀԿ թեկնածուն է, Երևանի ավագանու ընտրություններին գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը:

2013թ.-ին ՏԻՄ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի դրամական միջոցների ու գույքի մասին տեղեկությունները մեծ աղմուկ հանեցին հայ հասարակական, քաղաքական շրջանակներում: Չորս տարի առաջ երիտասարդ ՀՀԿ-ական գործիչը հայտարարագրել էր 115 մլն դրամ, բացի այդ, 50 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո, ամառանոց Դիլիջանում, ինչպես նաև շարժական միջոցներ, նրա գործազուրկ կինը՝ Գոհար Սարգսյանը, ևս միլիոնատեր էր:

11111

Տարոն Մարգարյանի տարեկան եկամտի չափը 2013-ի հայտարարագրում 7 մլն դրամի կարգի էր, որից տարեկան աշխատանքի վարձատրության չափը չէր հասնում 5 մլն դրամի, իսկ մյուս գումարը շարժական և դրամական միջոցների օտարումից առաջացած եկամուտն էր:

Հիմա արդեն հերթական ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նկատելի է, որ Երևանի գործող քաղաքապետն էականորեն ավելացրել է դրամական միջոցները: Պաշտոնավարման անցած տարիների ընթացքում Տ. Մարգարյանի դրամական միջոցները 115 մլն դրամից աճել են՝ հասնելով 250 մլն դրամի:

22222

Տարոն Մարգարյանի 2013թ.-ին հայտարարագրած 50 հազար դոլար և 50 հազար եվրո դրամական միջոցները պահպանվել են նույնությամբ:

Նրա եկամտի չափն է աճել, սակայն ոչ աշխատանքի վարձատրության հաշվին: Աշխատանքի վարձատրությունը 2013 թվականին տարեկան կազմում էր գրեթե 5 մլն դրամ, 2016-ին՝ 5 մլն-ից մի փոքր ավելի:

Տարոն Մարգարյանի եկամուտներն աճել են գույքի և դրամական միջոցներն օտարելու հաշվին:

Տարոն Մարգարյանի հայտարարագրած անշարժ գույքը ևս տպավորիչ է. 3 բնակարան ունի Երևանի կենտրոնական թաղամասերում: Ընդ որում, Թումանյան փողոցում բնակելի շենքի մի ամբողջ հարկ, Սայաթ-Նովա թաղամասում՝ 137.9 քմ բնակարան, Բաբաջանյան փողոցում՝ 1578.3 քմ տարածք: Ունի առևտրի կենտրոն, շինություններ և ամառանոց Ջերմուկում:

Որպես շարժական գույք Տարոն Մարգարյանը հայտարարագրել է «Մերսեդես S-450» մեքենա: Եվս երկու մեքենա վաճառել է:

Դեռևս 2015թ.-ին «Հայ ազգային կոնգրես»-ը, գումարելով Տարոն Մարգարյանի գույքն ու փողերը, մոտ 10 միլիոն դոլար էր գնահատել քաղաքապետի կարողությունը: 2013-ին նույնիսկ Հատուկ քննչական ծառայությանը դիմեցին՝ պարզելու՝ ինչպես է 37-ամյա Մարգարյանը, ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցնելով, դիզել կարողություն, որը չէր վաստակի, եթե նույնիսկ մինչև խոր ծերություն քաղաքապետ աշխատեր: Հիշեցնենք, որ դատախազությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել Տարոն Մարգարյանի դեմ՝ հայտարարելով, որ ապացուցված չէ այն, որ քաղաքապետն իր կարողությունը ձեռք է բերել ապօրինի կերպով:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝