«Հետաքրքիր կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունը դատի տար ու ասեր, որ վարչական ռեսուրս չի չարաշահել». Դ. Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյան

Հանրակրթական դպրոցների և նախակրթարանների 30 տնօրեններ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության: Նրանք գտնում են, որ իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորվել է, ուստի պահանջում են, որ կազմակերպության անունից ներողություն հայցեն և, բացի այդ, իրենցից յուրաքանչյուրին երկուական միլիոն դրամ փոխհատուցեն:

Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը սա ցինիզմի դրսևորում է համարում: «Փաստորեն ստացվում է, որ հանրակրթական դպրոցների տնօրեններն ու մանկապարտեզների վարիչները չեն հերքում, որ աշխատել են ՀՀԿ-ի օգտին, բայց պնդում են, որ այդտեղ վարչական ռեսուրսի չարաշահում չկա ու իրենց անտեղի մեղադրել են: Բայց դե վարչական ռեսուրսի չարաշահումը պոզո՞վ է լինում, պոչո՞վ է լինում, հենց էսպես էլ լինում է էլի: Իրենց ասածն այն է, որ մենք իրենց անտեղի մեղադրել ենք վարչական ռեսուրսի չարաշահման մեջ: Ասենք իրականում մենք ոչ թե իրենց ենք մեղադրել վարչական ռեսուրսի չարաշահման մեջ, այլ Հանրապետական կուսակցությանը, թող Հանրապետական կուսակցությունը դատի տա ու ասի, որ մեզ ինչո՞ւ եք մեղադրում վարչական ռեսուրսի չարաշահման մեջ, մենք վարչական ռեսուրս չենք չարաշահել, այ սա հետաքրքիր դատավարություն կլինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրությունների նախաշեմին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակեց «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդված, որում Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրեց նաև տնօրենների հետ ունեցած զրույցների ձայնագրությունները:

Դ. Իոաննիսյանի կարծիքով ընդդեմ կազմակերպության դատական 30 հայցով հանդես գալը ոչ այլ ինչ է, քան կազմակերպված գործընթաց:

«Բավականին կազմակերպված է 30 հայց. 30-ն էլ նույն պահանջով, նույն օրերին ներկայացված, ոնց հասկանում եմ՝ մեծ մասը նույն փաստաբանական կից ծառայություններից է օգտվում, չեմ կարծում, որ սա ինքնաբուխ 30 հայց լինի:

Մենք իրականում ընկճված չենք, ես չեմ ասի, որ իրականում այս ամենը հաճելի է, չէ, հաճելի չէ, բայց մենք ընկճված չենք, մենք հասկանում ենք, որ սա պետք է մեզ ստիպի ավելի էֆեկտիվ գործել, ավելի մեծ եռանդով գործել, քանի որ հասկանում ենք, որ, ճիշտ է, սա դասական լրագրություն չի, բայց երբ լրագրողը տեսնում է, որ իր հրապարակումը լուրջ արձագանքի է արժանանում, դա նշանակում է, որ հրապարակումը ծանրակշիռ էր»,- նշեց Իոաննիսյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ հիմա բավականին հետաքրքրական է դատարանի պահվածքն ու դիրքորոշումն այս հարցում: «Եթե «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ դեմ վճիռներ հրապարակվեն, ապա դա ևս մեկ անգամ կհաստատի այն փաստը, որ ՀՀ-ում ոտնահարվում է խոսքի ազատության իրավունքը: Հարցը նաև այն է, թե դատարաններն իրենց ինչպես կդրսևորեն, քանի որ սա միարժեք կդիտվի, եթե հանկարծ դատարանները բավարարեն այս հայցերը, միարժեք կդիտվի որպես Հայաստանում խոսքի ազատության իրացման դեմ բավականին ծանրակշիռ ակցիա: Մենք ունենք իրավաբաններ, մտահոգվելու կարիք չկա, հիմնականում մտահոգությունն այն է, որ գիտենք՝ Հայաստանում դատարաններն ինչպես են աշխատում, ու անգամ եթե դու ճիշտ ես ու ունես լավագույն իրավաբանները, միարժեք չի, որ դու կհաղթես»,- եզրափակեց Դ. Իոաննիսյանը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝