Կարելի է աջակցել նաեւ չխոչընդոտելով

taron

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարեց «Տարոն-ավիա» ավիաընկերության առաջին օդանավը: «Տարոն-ավիա»-ն «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարթերային) չվերթներ կսկսի իրականացնել ապրիլի 25-ից:

Առայժմ 3 ուղղություններով՝ Ռոստով, Սամարա, Կրասնոդար քաղաքներից, բայց հետագայում ավիաընկերությունը մտադիր է ընդլայնել չվերթների ուղղությունները:

Ավիաընկերության սեփականատերը նշում է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հաջողություններ կունենան, եւ արդյոք Հայաստանի երկրորդ քաղաքում ներդրում իրականացնելն ու գործունեություն ծավալելը ձեռնտու կլինի: Կառավարությունից Գառնիկ Պապիկյանին վստահեցրել են, որ հնարավորինս կաջակցեն բիզնեսը զարգացնելու հարցում: Մեր հարցին, թե մինչ այժմ ինչով են աջակցել, Գառնիկ Պապիկյանը նշեց՝ դեռեւս չխոչընդոտելով: Ծնունդով գյումրեցի ներդրողը միաժամանակ նշում է՝ եթե Հայաստանում հաջողությունների չհասնի, ապա գործունեությունը կշարունակի արտերկրում:

«Դե եթե չարդարացրեց, ինչ կարող եմ անել, պետք է գնամ, որ չաշխատեց բիզնեսը, հո ինքնաթիռները չե՞մ գրկելու նստեմ: Հանդիպել եմ վարչապետի հետ, արտոնություն չեն տվել, ուղղակի ասել են՝ սկսեք, այսօրվա դրությամբ դեռ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գառնիկ Պապիկյանը:

Ավիաընկերության սեփականատերը նշում է, թե առայժմ ընտրել են Կրասնոդար, Սամարա, Ռոստով ուղղությունները, քանի որ ՌԴ այդ քաղաքներում մեծ թիվ են կազմում մեր հայրենակիցները: Բացի այդ, ըստ նրա, վարելու են գնային այնպիսի քաղաքականություն, որը եւս ձեռնտու կլինի ուղեւորին, բայց հիշեցնում են՝ բոլորին հետաքրքրող 10 հազար դրամ արժողությամբ ավիատոմսերի քանակը սահմանափակ է լինելու:

«Գները սկսում ենք 10 հազար դրամից, սակայն սահմանափակ են, իսկ ամենամեծ գինը մեզ մոտ 75 եվրո է»,- ասաց Գառնիկ Պապիկյանը:

Հանրապետության կառա­վարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հայտարարեց, թե ավիացիոն բիզնեսի զարգացման տեսանկյունից Գյումրին մեծ պոտենցիալ ունի: Կառավարությունում հույս ունեն, որ օտարերկրացիների ներհոսք կլինի Գյումրի, եւ տուրիզմն այստեղ կզարգանա:

«Տուրիզմը բոլորս միասին պետք է զարգացնենք, գյումրեցիներն իրենց հյուրընկալությամբ, մեր երկիրն իր ֆանտաստիկ պոտենցիալով, որը մենք ունենք: Ես կարող եմ ասել, որ կառավարությունը տարիներ առաջ սկսեց մտածել Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վերագործարկման մասին, այդ իսկ պատճառով արվեցին որոշակի փոփոխություններ թե՛ օրենսդրական, թե՛ ենթաօրենսդրական եւ թե՛ այլ կարգավորումների դաշտում, մասնավորապես հանվեց օդի տուրքի պահանջը մեկնող ուղեւորների համար, այնուհետ իջեցվեցին գներն արիոնավիգացիոն ծառայությունների համար 50 տոկոսով, եւ սա այն բոլոր քայլերն էին, որ մենք կարողանայինք Գյումրու «Շիրակ» օդանավակայանն առանձնացնեինք մեր շուկայում որպես սպեցիֆիկ օդանավակայան, որը որ ավելի մատչելի գներով տրամադրում է նոր տեսակի ծառայություն, նոր տեսակի ավիաընկերությունների համար»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը:

Սակայն միաժամանակ նշում է՝ դեռեւս միակ գրավիչ բանն այն է, որ ավիատոմսերի գներն, ի տարբերություն «Զվարթնոց» օդանավակայանի, համեմատաբար մատչելի են լինելու: Ինչ վերաբերում է «Շիրակ» օդանավակայանում նախատեսվող 3 միլիոն դոլարի ներդրմանը, ապա քաղաքացիական ավիացիայի վարչության պետը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ այն իրականություն դառնալու է. «Օդանավակայանում այս տարի նախատեսվում է անել մինչեւ 3 միլիոն դոլարի ներդրում, եւ այդ ներդրումը նախատեսում է իրականացնել ենթակառուցվածքի, ինչպես նաեւ առհասարակ մեխանիզացիայի վերակառուցմանը եւ հզորացմանը, որպեսզի ավելի մեծ շուքով ընդունենք մեր հյուրերին»:

Նշենք, որ «Տարոն-ավիա» ավիաընկերությունն առաջին չվերթը կիրականացնի ապրիլի 25-ին՝ Գյումրի-Կրասնոդար ուղղությամբ:

 

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝