Հանցագործ վարչախումբը չխորշեց բացահայտ կերպով իրեն հանցակից դարձնել ՀՀ քաղաքացուն

Սյուզան Սիմոնյան

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանի հետ

-Տիկին Սիմոնյան, խորհրդարանական այս ընտրություններին Ձեր ընդհանուր գնահատականը: Համատարած խոսում են ընտրակաշառքի մասին, նույնիսկ ՀՀԿ-ականները չեն հերքում, որ ընտրակաշառք եղել է: Ո՞վ է մեղավոր՝ հասարակությո՞ւնը, թե՞ իշխանությունը, որ մարդկանց հասցրել է բարոյալքման:

-Մենք մնում ենք հավատարիմ մեր դիրքորոշմանը, որ գաղութային վարչախումբը երբեք չի կարող արդար ընտրություններ անցկացնել, մանավանդ, որ ավելի քան հստակ գիտակցում է, որ իրական ընտրությունների դեպքում ընդհանրապես քվե չի ստանալու: Այս ազգադավ վարչախմբին կարելի է հեռացնել միայն ընդվզման միջոցով, ժողովուրդը պետք է իր կամքը թելադրի: Կլինի այդպիսի կամարտահայտություն, ուրեմն կապրենք մեր ուզած Հայաստանում, չի լինի, ուրեմն կապրեք այս Հայաստանում, և իհարկե նաև ավելի վատ Հայաստանում: Նման մի խոսք էր ասել նաև երիտասարդ Սասնա ծուռ Կյուրեղյան եղբայրներից մեկը:

Ընտրությունների մասով իմ գնահատականը չի կարող դրական լինել: Դեռևս քարոզարշավի ժամանակ միանգամայն հասկանալի էր, որ վարչախումբը չի պատրաստվում դավաճանել իր էությանը: Բոլորս տեսանք, թե ինչն ինչպես կատարվեց: Այս անգամվա նորարարությունն այն էր, որ իր հանցագործ նպատակներն իրականացնելու համար, և լինելով կոռումպացված և հանցագործ վարչախումբ, նա չխորշեց իրեն բացահայտ կերպով հանցակից դարձնել ՀՀ քաղաքացուն: Տեղի ունեցավ վատթարագույնը: Վարչախումբն անթաքույց ընտրակաշառք բաժանեց, որպեսզի ուղղի իր՝ նախկինում թույլ տված սխալը, երբ ընտրությունների ժամանակ գլխավորապես գործի էր դրվում նրա վերարտադրության հանցավոր մեխանիզմը և ընտրակաշառքի մասին այդքան բացահայտ չէր խոսվում: Այս անգամ լրատվականները հաղորդեցին համատարած ընտրակաշառքների մասին լուրերը, և նույնիսկ ՀՀԿ անդամներ հաստատեցին այն: Վարչախմբի թելադրանքով այս ձևով ընտրություններին տրվեց մի նոր երանգ: Բացահայտ և անթաքույց ընտրակաշառք բաժանվեց, որպեսզի շտկվի նախկինում թույլ տրված սխալը:

Այսինքն, եթե նախորդ ընտրություններին գլխավորապես գործի էր դրվում ռեժիմի վերարտադրման հանցավոր մեխանիզմը, ապա այս անգամ գումարվեց ահռելի չափերի, բայց ամենակարևորը՝ լրատվականներով հաղորդվող բացահայտ ընտրակաշառքների մասին լուրերը: Սա նպատակային և միտումնավոր արված քայլ էր, որպեսզի ի լուր աշխարհի վարչախումբն իր կեղծարար մեղքը բարդեր ընտրողի վրա և հայտարարեր, որ Հայաստանի ժողովուրդն է վերցրել ընտրակաշառք և իր կամքով ընտրել իրեն: Այսինքն, ընտրություն ամեն դեպքում կատարվել է: Փաստորեն, վարչախումբը վարկաբեկեց մեր ժողովրդին՝ նրան դարձնելով իրեն հանցակից: Կեղծիքը, շատ մեծ կեղծիքը, որը գործի է դրվում, շղարշվեց՝ ստեղծելով պատկեր, թե իբր ժողովուրդը փող վերցրեց և քվեարկեց: Սրանից ավելի մեծ սրիկայություն այն ժողովրդի հանդեպ, որին կեղեքում ես տարիներ շարունակ, և վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելով՝ նրան բարոյալքում ես և զրկում ես կամքից, դժվար է պատկերացնել: Իհարկե, մի կողմից կարելի է մեղադրել հասարակությանը, բայց մյուս կողմից՝ ո՞վ է բարոյալքման հեղինակը: Ո՞վ է անարդարության ու կեղծիքի և ահաբեկիչ գործողությունների միջոցով բարոյալքել հասարակության մի մեծ հատվածի: Ո՞վ է օրինակ ծառայել նույն հասարակության համար: Ո՞վ է սերմանել այն գաղափարը, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, և ո՞վ է ցուցանել ժողովրդին, որ իր դեմ խաղ չկա և ինչքան ուզի կխփի: Պատասխանը մեկն է՝ այս կոռումպացված և բարոյալքված համակարգն ու վարչախումբը: Մենք պետք է ի վերջո հստակ գնահատական տանք, թե ինչ է կատարվել մեր երկրում այս 20 տարիների ընթացքում: Միտումնավոր կերպով երկրում ժողովրդին բարոյալքելու, աղքատացնելու, անզորացնելու, հուսահատեցնելու, անգրագետ, անտարբեր ու գաղափարազուրկ դարձնելու քաղաքականություն է տարվել: Մարդկանց աղքատության ու վախի մեջ պահելով են կառավարելի դարձնում: Սա է գլխավոր չարիքներից մեկը, որի մասին չենք խոսում, կամ բավարար չափով չի խոսվում: Կարծում եմ՝ ոչ թե մեղքը պետք է բարդել խեղճացած, վախեցած, սովահար և հուսալքված ժողովրդի վրա, որի համար այդ 10.000-ը երկնքից ընկած մի քանի օրվա ապրուստ էր, այլ պետք է պատասխանատվության կանչվեն իրավիճակի հեղինակները:

Այս ամենի մեջ ամենազարմանալին այն էր, որ ընդդիմադիր ուժերը հայտարարեցին կամ ընդունեցին վերը նշված հանցագործությամբ իրականացված ընտրությունների արդյունքները: Այն փաստը, որ լցոնում չի եղել կամ քվեատուփ չի առևանգվել, չի կարող ընդունելի դարձնել այս ընտրությունների արդյունքները, քանի որ կատարվել է ավելի մեծ հանցագործություն՝ բացահայտ և համատարած ընտրական կոռուպցիա: Եթե քաղաքական ուժերն ընդունում են այս արդյունքը և ստանում իրենց հատկացված մի քանի մանդատը, ներեցեք, ինձ վստահություն չի ներշնչում, որ այդ ուժերը կարող են վաղը պայքարել երկրում խորացած կոռուպցիայի դեմ: Ընտրական կոռուպցիան անտեսողները և այս ընտրության արդյունքներն ընդունողներն իրենց լուռ համաձայնությամբ Հայաստանը հռչակում են հանցապետություն, քանզի ընտրակաշառքն ամենամեծ խախտումն է ու հանցագործությունը:

-Տիկին Սիմոնյան, ընտրություններից օրեր առաջ Սասնա ծռերն հանդես եկան հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի: Նրանք ողջունում էին ընդվզման նկրտում ունենալու համար և կոչ էին անում մեր ժողովրդին պատրաստվելու համաժողովրդական ընդվզման։

Սակայն ՕՐՕ-ն կարծես թե ընդվզման, անգամ փողոցային պայքարի չի գնում: Ինչո՞ւ:

-Այո, եղել է Սասնա ծռերի կողմից հայտարարություն, սակայն միտումնավոր կերպով նրա գաղափարը խեղաթյուրվել է: Որևէ մեկը շատ մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող գտնել այդ հայտարարության մեջ դաշինքին սատարելու մասին նախադասություն: «Սասնա ծռեր»-ը, լինելով վերը նշված գաղափարների կրողը, այն է՝ գաղութային վարչախմբի պայմաններում հնարավոր չէ ընտրություն անցկացնել, և ովքեր ասում են, որ հնարավոր է, ստում են, ինչպես նաև, որ այս հանցագործ, կոռումպացված ռեժիմին հնարավոր է հեռացնել միայն և միայն ժողովրդական ընդվզման և ժողովրդի կամարտահայտության միջոցով, ընդամենը ողջունել է Ջրառատի դեպքերի ժամանակ տեղի ունեցած հանցագործությանը ՕՐՕ դաշինքի համակիրների կողմից ընդդիմանալու և ընդվզելու փաստը: Նման դեպքեր եղել են նաև «Ծառուկյան» դաշինքի նկատմամբ, և «Սասնա ծռեր»-ը նշել են այդ մասին ևս: Հիմա հարց, ինչպե՞ս կարող են «Սասնա ծռեր»-ը սատարել ընտրության գնացող որևէ ուժի, եթե իրենք սկզբունքորեն չեն մասնակցում ընտրություններին և բոյկոտում են այն: Այսինքն, ի՞նչ է, «Սասնա ծռեր»-ն իրենք իրենց դե՞մ էին դուրս եկել: Իհարկե ոչ: Ինչ վերաբերում է ակնկալվող ետընտրական ընդվզմանը, ապա բազմիցս հայտարարվել է, որ այդ դեպքում սատարելու ենք ցանկացած ընդվզող ուժի: Այո, մենք պատրաստ ենք եղել համաժողովրդական ընդվզման դեպքում լինել այդ շարքերում: Այսօր էլ ենք պատրաստ, քանի որ մեր հավատամքն է դա, քանի որ այն բոլոր գաղափարներն ընտրությունների մասին, որ տարիներ ի վեր արտահայտել են և՛ Հիմնադիրը, և՛ «Սասնա ծռեր»-ը, այս անգամ կրկին իրականություն դարձան: Մեր երկիրն արտակարգ իրավիճակում է գտնվում, իսկ արտակարգ իրավիճակներն արտակարգ լուծումներ են պահանջում: Այսօր հոտառություն չունեցող կամ միտումնավոր իրենց գլուխներն ավազուտներում թաքցրած ջայլամային քաղաքական ուժերը դա չեն հասկանում կամ չհասկանալու են տալիս իրենց վախկոտության, մերկանտիլության և պատեհապաշտության պատճառով:

Իսկ թե ինչու ընտրությանը մասնակցող ուժերը չգնացին փողոցային պայքարի, այդ մասին պետք է հարցնել իրենց: Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել:

- Մամուլը գրում էր տևական ժամանակ, որ նախապատրաստվում էր «Սասնա ծռեր-2» օպերացիա: Թերթերից մեկը գրեց, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։ Բայց հետո Սամվել Բաբայանին ձերբակալեցին: Ձեզ հայտնի՞ է՝ ովքեր էին այդ տեղեկությունները տարածողների թիկունքում:

-Անկեղծ ասած՝ հայկական մամուլին թույլ տվեք վերապահումով մոտենալ այս օրերին, քանի որ այնքան է ամեն ինչ խառնված, որ ամեն լուրի հավատալը միամտություն է: Միշտ պետք է մտքում ունենալ այն մոտեցումը, թե ում է այդ լուրի տարածումը ձեռնտու, և ովքեր են այն տարածում և ինչ նպատակով: Իսկ գուցե տարածում էր հենց իշխանությո՞ւնը, որպեսզի ժողովրդի ընդվզման դեպքում արդարացներ իր պատժիչ գործողությունները և բռնությունները: Չէ՞ որ դա այնքան հատուկ է իրեն: Սամվել Բաբայանին ձերբակալելու համար ցանկացած անհեթեթություն սպասելի է այս վարչախմբից: Եվ բոլորովին զարմանալի չէ, որ վարչախմբի ականջները երևան այդ լուրը տարածողների ետևում:

Համենայնդեպս մենք նման գործընթացից տեղյակ չենք և նման բան չենք հայտարարել:

Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի

Դիտվել է՝