Բենզինի գները շարունակում են աճել

slide5

Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք, ՀՀ պարենային շուկայում նկատվում է գնաճ: Գնաճը նկատելի է նաև բենզինի շուկայում: Ներկայումս գներն այսպիսին են.

Բենզին /սուպեր/՝ 420 դրամ

Բենզին /պրեմիում /՝ 400 դրամ

Բենզին /ռեգուլյար/՝ 380 դրամ

Դիզվառելիք՝ 360 դրամ

Սա բենզինի շուկայում անցած տարվա հոկտեմբեր ամսից հետո երկրորդ գնաճն է: Առաջին գնաճը հունվարի վերջերին էր: Սկզբում արձանագրվեց գնաճ 10 դրամով, այնուհետ ևս 20 դրամով:

Բենզինի միջին գները փետրվար ամսվա դրությամբ.

Բենզին /պրեմիում/՝ 390 դրամ

Բենզին /ռեգուլյար/՝ 370 դրամ

Դիզվառելիք՝ 350 դրամ

Հիշեցնենք, որ բենզինի գնանկում նկատվեց անցած տարվա հոկտեմբեր ամսին: Միջինը 350 դրամից իջավ 320-330 դրամի:

Հատկանշական է, որ բենզինի գնի հոկտեմբերյան գնանկումն այն ժամանակ ՀՀ դեռևս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը համարում էր իր հաջողությունը կամ աշխատանքի արդյունքը:

Ամեն հարմար առիթի դեպքում նա ներկայացնում էր բենզինի շուկայում արձանագրված գնանկումը:

Դեկտեմբերի 7-ին վարչապետի պաշտոնում Գյումրի կատարած առաջին այցելության ժամանակ էլ Կարեն Կարապետյանն առիթը բաց չթողեց իր պաշտոնավարման կարճատև ժամանակահատվածում «դրական առաջընթացը» ներկայացնելու համար:

«Դրական առաջընթացն անընդհատ աշխատելու գործընթաց է: Օրինակ, երեկ մեկը կարողացել է ներկրել մի ապրանք, որը մինչև այդ չէր ներկրում, դա առաջընթա՞ց է, թե՞ ոչ, ըստ Ձեզ»,- հայտարարեց վարչապետն՝ ակնարկելով բենզինի շուկայում նկատվող գնանկումը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը բենզինի շուկայում առկա գնանկումը բացատրում էր շուկայում ներկրող ընկերությունների թվի աճով:

Շաբոյանը հայտարարում էր, որ շուկայում հայտնվել է նոր ընկերություն՝ ՄԱՔՍ ԳՐՈՒՊ-ը, որը սկսել է բենզինի ներկրումներ իրականացնել: Ըստ ՏՄՊՊՀ-ի նախագահի՝ նոր ընկերությունը ցածր գներով է ձեռք բերում ապրանք և վաճառում է ցածր գնով՝ ազդելով գնագոյացման վրա:

Սակայն բենզինի գնանկումը պահպանվեց մինչև հունվար: Հունվարին գները սկսեցին բարձրանալ, սկզբում 10, ապա ևս 20 դրամով:

Գների այդ բարձրացումը պայմանավորված չէր նաև միջազգային շուկայի փոփոխություններով, քանի որ բենզինի գինը միջազգային շուկայում չէր աճել:

Հարցին, թե ինչ եղավ նոր ներկրողը, կամ ընդհանրապես ով է նա, կամ ինչու Հայաստանում սկսեց թանկանալ բենզինը, ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, որ ուսումնասիրելու է ոլորտը, որպեսզի կարողանա պատասխանել նաև բոլոր այս հարցերին:

Հոկտեմբերի համեմատությամբ հիմա բենզինի մեկ լիտրը միջինը 40-50 դրամով թանկ է վաճառվում, և դարձյալ չկա «ինչո՞ւ» հարցի պատասխանը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝