Երևանի ընտրություններ. քաղաքական ուժերը որոշում չունեն. ԵԼՔ-ն ու ՀՀԿ-ն հրապարակել են թեկնածուների անունները

новый коллаж

Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրումների ժամկետին մնում է մեկ օր, սակայն քաղաքական ուժերն առայժմ ակտիվություն չեն ցուցաբերում: Բացի ՀՀԿ-ից և ԵԼՔ-ից, մյուս բոլոր քաղաքական ուժերն առայժմ որոշում չունեն՝ մասնակցելու են արդյոք Երևանի ավագանու ընտրություններին, թե ոչ:

Երևանի ավագանու ընտրությունները մայիսի 14-ին են: Ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները պետք է փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնեն ամենաուշն ապրիլի 9-ին ժամը 18:00-ն: Որից հետո մինչև ապրիլի 14-ը ցուցակների գրանցումն է, իսկ ապրիլի 21-ից մայիսի 12-ը նախընտրական քարոզարշավն է:

ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստի ավարտից հետո հայտարարեց Երևանի ընտրություններին մասնակցելու մասին և հրապարակեց նաև ցուցակի առաջին եռյակը: ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, այնուհետ միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը:

Երեկ ԵԼՔ դաշինքը հայտարարեց Երևանի ընտրություններին մասնակցելու մասին:

Դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը նախ հայտարարեց, որ քննարկում են Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Այնուհետ, երբ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իր հիմնադրած «Երկիր ծիրանի» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին միայնակ մասնակցության հարցը, ԵԼՔ-ը նոր հայտարարությամբ հանդես եկավ, որ մասնակցում է ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

ԵԼՔ-ի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, այնուհետ՝ Արայիկ Հարությունյան, Դավիթ Խաժակյան, Անահիտ Բախշյան: Վերջինս խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր «Ազատ դեմոկրատների» ցուցակով:

Խորհրդարանական ընտրություններին մասնակից դաշինքներից ՕՐՕ-ն առայժմ որոշում չունի՝ մասնակցե՞լ Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց ՕՐՕ-ից Արեգնազ Մանուկյանը:

ՀՎԿ-ն ևս չունի որոշում: ՀՎԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ, ամենայն հավանականությամբ, այդ մասին որոշում կկայացնեն այսօր, որից հետո կտարածեն մամուլի հաղորդագրություն:

ՀՅԴ-ն ևս որոշում չունի: Աղվան Վարդանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ՀՅԴ-ի երևանյան կառույցնէ  որոշում կայացնելու:

ՀԱԿ-ից, «Ծառուկյան» դաշինքից տեղեկություն ճշտել մեզ չհաջողվեց:

Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արդեն որոշում ունի՝ չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:

«Մենք վերլուծեցինք մեր հնարավորությունները, ռեսուրսները և նպատակահարմար չգտանք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Անժելա Խաչատրյանը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝