Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող ըմբիշների անունները

timthumb

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վաղն ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը: Հավաքականը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է մայիսի 5-7-ը, Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզչական շտաբն արդեն որոշել է, թե ովքեր են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:

Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշների անունները՝

59 կգ քաշային կարգ՝ Գևորգ Ղարիբյան, 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյան, 75 կգ՝ Կարապետ Չալյան, 80 կգ՝ Սարգիս Քոչարյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան։

«Ո՞վ 98 կգ քաշային կարգում կներկայացնի Հայաստանը. կհայտարարենք ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի անվիճելի առաջատար Արթուր Ալեքսանյանը ծունկը ցավեցրել է: Սպասում ենք: Եթե մինչ այդ լավանա, նա կմեկնի, իսկ եթե զգանք, որ խանգարելու է, նրան կփոխարինի Արթուր Շահինյանը: 130 կգ քաշային կարգում մենք նպատակահարմար չենք գտել մասնակից ունենալ», – ասել է գլխավոր մարզիչը:

Լևոն Ջուլֆալակյանը նաև տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանը ներկայումս Տալլինում է, որտեղ մասնակցելու է միջազգային խոշոր մրցաշարի:

sport.times.am

Դիտվել է՝