«Այս անկայունությունը կարող է սխալ ընկալվել Բաքվի կողմից և պատրանք ստեղծել»

Ռուբեն Մեհրաբյան

Միացյալ Նահանգներն, ինչպես հայտնի է, թևավոր հրթիռներով հարվածեց Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվեց օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:

Բազմաթիվ երկրներ արձագանքեցին այս միջադեպին՝ մի մասը քննադատելով, մյուսներն էլ ողջունելով ԱՄՆ այդ քայլը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ԱՄՆ այդ քայլը բավականին ուշացած էր, բայց ամեն դեպքում, ըստ նրա, ողջունելի և պահանջված քայլ էր: Զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը, այո, պետք է պատժվի,- կարծում է Ռ. Մեհրաբյանը: «Եվ բացի այդ, այն հանցավոր ռեժիմները, որոնք ուղղակի զանգվածաբար սպանություններ են իրականացնում սեփական բնակչության նկատմամբ, այո, նրանք իրավունք չունեն կոչվելու օրինական իշխանություն, և նրանք պետք է պատժվեն ու ընդհանրապես հեռանան քաղաքական ասպարեզից, ինչպես նաև պետք է դատվեն միջազգային դատարանով: Ինչ փոփոխություններ կարող են լինել, ժամանակը ցույց կտա՝ սա ինչ-որ մի միանվագ քայլ էր ԱՄՆ կողմից, ինչ-որ մի պատժիչ գործողություն, թե, այնուամենայնիվ, ինչ-որ նոր քաղաքականության սկիզբ: Տրամաբանությունը հուշում է, որ ԱՄՆ չափազանց կոշտ ու ադեկվատ արձագանքը նաև պետք է ունենա ինչ-որ տրամաբանական շարունակություն»,- կարծում է մեր զրուցակիցը:

Ըստ Մեհրաբյանի՝ կատարվածը ևս մեկ անգամ փաստեց, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները կշարունակեն մնալ ամենաստորին կետում, և այս իրավիճակում, քաղաքագետի համոզմամբ, ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի Սիրիայի հարցում ընդհանուր խաղից դուրս չմնա:

«Ռուսաստանի, այսպես կոչված, զայրույթն ուղղակի լուրջ չի ընդունվում ԱՄՆ կողմից, և ՌԴ-ն ստիպված է լինելու ընդհանրապես խաղից դուրս չմնալու համար պարզապես հետևել ամերիկյան խաղի կանոններին ու դառնալու մասնակից այն գործընթացին, որը վերջ կտա Սիրիայում պատերազմին, քանի որ Սիրիայի պատերազմը ոչ միայն տարածաշրջանային անվտանգության հարց է, այլև եվրոատլանտյան անվտանգության հարց, քանի որ միլիոնավոր փախստականների ալիքն առաջին հերթին պրոբլեմ է դառնում Արևմուտքի համար, այնպես որ, սպասենք դեպքերի հետագա զարգացման: Մոսկվան առնվազն բարոյական և քաղաքական պատասխանատվություն է կրում այս ամենի համար: Այդ զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը ցույց է տալիս, որ Մոսկվան պարզապես չի կատարել իր իսկ ստանձնած պարտավորությունը՝ դուրս բերելու քիմիական զենքը Սիրիայից, ու սա չափազանց խոցելի է դարձնում Մոսկվայի դիրքերը միջազգային ասպարեզում որպես խաղաղության ջատագով Սիրիայում: Ավելին, Մոսկվան դիտարկվում է որպես պրոբլեմի մի մաս, այլ ոչ թե պրոբլեմի լուծման մի մաս»,- կարծիք հայտնեց Ռ. Մեհրաբյանը:

Սիրիայի շուրջ տեղի ունեցող այս զարգացումները վտանգ են պարունակում նաև Մերձավոր Արևելքին հարակից տարածաշրջաններում, այդ թվում և Հարավային Կովկասում, ուստի քաղաքագետը չի բացառում, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ևս իրավիճակը սրվի:

«Քանի որ այս անկայունությունը կարող է սխալ ընկալվել Բաքվի կողմից և պատրանք ստեղծել, որ ինչ-որ առումով, ինչ-որ ժամանակ նա կարող է իր ձեռքերն ազատ զգալ: Բայց ես, այնուամենայնիվ, վստահ եմ, որ ՀՀ իշխանություններն ու պետական ինստիտուտները բոլոր ջանքերը կգործադրեն այդ պատրանքները հօդս ցնդեցնելու համար, և Բաքվում պետք է հասկանան, որ այդ առումով ոչինչ էլ չի փոխվել ու ցանկացած ոտնձգություն ուղղակի կպատժվի Հայաստանի կողմից, բայց, այնուամենայնիվ, Երևանին պետք է էապես բարձրացնել զգոնությունը»,- նշեց Ռ. Մեհրաբյանը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝