Գնաճի գնահատականների հարցում ՏՄՊՊՀ-ն զգուշանում է

food-prices-armenia

Պարենային շուկայում շարունակվում է որոշ ապրանքատեսակների գնաճը: Սա միջին վիճակագրական սպառողն առաջին հերթին կապում է անցած խորհրդարանական ընտրությունների հետ: Մասնավորապես պատգամավորի որոշ թեկնածուների մասնակցությունն ընտրություններին ինքնաբերաբար բերում է գնաճի: Քաղաքացիների եւ լրատվամիջոցների «մշտադիտարկման» առանցքում է հատկապես շաքարավազը եւ բանանը:

Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացին «հայտնաբերել» է գների աճ այս ապրանքների շուկայում, ՀՀ ՏՄՊՊՀ-ն գնահատականների մեջ ավելի զգույշ է:

Շաքարավազի շուկան ուսումնասիրության առանցքում է, եւ 10-օրյա կտրվածքով գնաճ չի նկատվել:

Շաքարավազի շուկայում ՏՄՊՊՀ-ն վերջին 10 օրում գնաճ չի նկատել

«Վերջին տվյալների համաձայն շաքարավազի շուկայում վերջին տասն օրվա կտրվածքով գնի բարձրացում չի արձանագրվել: Շաքարավազի բարձրացումը տեղի է ունեցել շատ ավելի վաղ՝ 10-15 դրամով՝ տարեսկզբին: Մամուլը որոշակի գնահատականներ է հնչեցնում վերջին թանկացումների հետ կապված, բայց դեռ թանկացումներ մենք չենք արձանագրել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց մամուլի հարցերով պատասխանատու Գայանե Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին շաքարավազը Հայաստանում անցած տարվա մարտի համեմատ թանկացել է 14.9 տոկոսով, չնայած նրան, որ միջազգային շուկայում գնային հարաբերությունն այլ է:

Գայանե Սահակյանն ասաց, որ անցած տարվա համեմատությամբ գնաճ կա շաքարավազի շուկայում, դա արձանագրել եւ ուսումնասիրում է հանձնաժողովը: «Մենք ուսումնասիրում ենք տարվա կտրվածքով բարձրացումը, բայց վերջին մի քանի օրերին չի բարձրացել: Գինն աճել է նախորդ տարվա հետ համեմատած, եւ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է»:

ՏՄՊՊՀ-ն նոր է սկսում ուսումնասիրությունը ծխախոտի շուկայում

Տեղական ծխախոտը 5-6 տոկոսով է թանկացել, արտասահմանյան որոշ տեսակների գներն են բարձրացել միջինը 8-9 տոկոսով: Գների բարձրացումը հայտնի չէ վաճառողներին, փոխանցում են, որ ձեռք են բերել նոր գներով, վաճառում են թանկ:

«Ծխախոտի թանկացման հետ կապված կան մամուլում հրապարակումներ, թեեւ թեժ գծով հանձնաժողովը դեռ սպառողներից ահազանգեր չի ստացել: Այնուամենայնիվ, մենք դիտարկում ենք նաեւ մամուլի հրապարակումները: Հանձնաժողովը կուսումնասիրի տնտեսվարողների կողմից գնային փոփոխության քաղաքականությունը»,- փոխանցեց Գ. Սահակյանը:

Զատկից առաջ թանկացել է կանաչեղենը

Զատկից առաջ կանաչեղենի գինն է բարձրացել: Սակայն սա, ըստ ՏՄՊՊՀ-ի մամուլի պատասխանատուի, հանձնաժողովի կողմից չի կարգավորվում, այլ շուկան է կարգավորում: «Մրցակցային շուկաներ են, եւ գները կարգավորվում են առաջարկ-պահանջարկի հիման վրա, եւ գները չեն կարող լինել քարացած, անընդհատ փոփոխվում են»:

Զատկից առաջ ձուն չի թանկանա

Ձվի շուկայում 20-ից ավելի արտադրողներ կան, եւ չորսն են գերիշխող, ՏՄՊՊՆ-ն հենց նրանց մոտ գնային քաղաքականությունն է ուսումնասիրում:

«Ձվի շուկայում մեր վերահսկողության չորս գերիշխող տնտեսվարողները չեն թանկացրել ձուն: Երեկվանից անցել ենք ուսումնասիրությունների ձվի շուկայում, քանի որ ինչպես Ամանորին, այնպես էլ Զատիկին նախորդող ժամանակահատվածում ավելի չարաշահումներ կատարելու ռիսկը մեծանում է: Ուսումնասիրում ենք, որ կանխարգելենք եւ հայտնաբերենք հնարավոր չարաշահումները: Միջին գինը երեկվա դրությամբ 58-ից 60 դրամի սահմաններում է, եւ որն այդպիսին է եղել նաեւ նախորդ ամսվա դրությամբ: Ապրիլին որեւէ բարձրացում չենք նկատել: Եվ մեր ուսումնասիրությունները, նաեւ եզրակացությունը, որ արտադրողների մոտ ձվի արտադրության պաշարները բավարար են Սուրբ Զատիկի համար առաջացող պահանջարկը բավարարելու համար, եւ կարծում ենք, որ հասարակությունը պետք է զերծ մնա բարձրացումներից»,- փոխանցեց ՏՄՊՊՀ մամուլի պատասխանատուն:

Բանանի շուկայում գնի բարձրացում չի տեսնում ՏՄՊՊՀ-ն

Բանանն այլեւս գերիշխող շուկա չի համարվում, քանի որ, ըստ հանձնաժողովի, 10-ից ավելի ընկերություններ են ներկրում բանան նաեւ ՌԴ-ից, սակայն հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել գնային քաղաքականությունը եւ գնաճ չի արձանագրել:

«Քեթրին գրուպը երկար ժամանակ միայնակ էր, բայց հիմա ներկրող ընկերությունների թիվը հասնում է մեկ տասնյակի: Եվ այս ապրանքատեսակի գինը մշտապես տատանվել է: Նախորդ տարիներին եւս ունեցել է տատանում: Վերցնել 20-30 դրամով մի օրվա բարձրացումը եւ հայտարարել, որ բանանի գինը բարձրացել է, դա սխալ է: 630, 650, 670, 700՝ այսպիսին է բանանի գինը տարբեր խանութներում, տատանողական բնույթ է կրում՝ նայած ինչ գնով է տնտեսվարողը բարձրացրել, կամ որակը ինչպես է: Գնաճ չունենք»:

 Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի

Դիտվել է՝