«Խորհրդային Հայաստանում էլ ընտրություններից հետո ոչ ոք դուրս չէր գալիս փողոց». Բադալյան

Արմեն ԲադալյանՓորձագետ

«Արտաքին շղարշի տակ, երբ գրանցվում են կուսակցությունները, քարոզարշավ են իրականացնում, դարձյալ նույն միջոցառումն էր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին՝ ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը: Սակայն, ըստ Բադալյանի, անցած ընտրությունները նմանություններով հանդերձ նաեւ տարբերվում էին նախորդ բոլոր ընտրություններից: Այդ տարբերությունն այն էր, որ ընտրակաշառքն առավել մասսայական էր. «Անցյալ ընտրությունների ժամանակ փողով քվեարկողների թիվը քիչ էր, այս անգամ հիմա արդեն փողով քվեարկողների թիվն անցել է 70 տոկոսից: Եվ դա նշանակում է, որ ընտրությունները դադարեցին ինչ-որ նշանակություն ունենալուց»:

Այս ընտրություններից հետո, ըստ քաղաքագետի, կարելի է երկու փաստ արձանագրել.

1.Ժողովրդի իրավագիտակցության մակարդակն իջել է.

«Մարդիկ փողով էին քվեարկում ոչ միայն այն բանի համար, որ ընդդիմությունն է վատը, կամ որ ծրագրեր չեն ներկայացնում, այլ որ հասարակության մեջ տեղի են ունեցել որակական փոփոխություններ: Հասարակության զգալի մասի մոտ քաղաքացիական գիտակցությունն է իջել: Այս ամենը երեւում է ընտրատեղամասում, երբ որ դիտորդ ես եւ կողքից նայում ես»:

2.Ընդհանուր ընտրազանգվածի ինտելեկտուալ մակարդակն է իջել.

«Դա երեւում էր քվեարկության մեխանիզմից՝ ինչպես են մարդիկ քվեարկում: Շատ ժամանակ նկատելի էր, որ չեն հասկանում ինչ անեն: Հասարակության մոտ ոչ միայն փողի խնդիրն է գերիշխող դարձել, այլեւ ինտելեկտուալ մակարդակը:

Մարդիկ հավատում էին, որ տեսախցիկներով վերահսկում էին, նայում էին, թե ինչպես են իրենք քվեարկելու: Կամ մարդիկ, երբ որ մատնահետք էին տալիս եւ անձնագիրը սարքով անցկացնում էին, բոլորին ասել էին, թե գիտեք՝ կամպյուտորի միջոցով հնարավոր է վերահսկել քվեարկությունը: Քո անձնագրի տվյալները վերցնում ենք եւ գիտենք՝ դու ինչպես ես ընտրելու: Դու չես կարող մեզ խաբել: Կամպյուտորի սերվերը Սերժ Սարգսյանի մոտ է, ու Սերժ Սարգսյանն անձամբ վերահսկում էր, թե ով ինչպես է քվեարկում: Դա մեկ հոգի չէր, երկու հոգի չէր, համատարած էր»:

Ըստ քաղաքագետի՝ այս ամենը ցույց տվեց, որ մարդիկ համատարած չէին հասկանում՝ ինչպես պետք է քվեարկեին: Ըստ Բադալյանի՝ նկատելի է այն, որ ընտրողների շուրջ 70 տոկոսը վերածվել է կենսաբանական զանգվածի կամ բիոմասսայի:

Ինչ մնում է այն հարցին, թե խորհրդարանական այս ընտրությունները, նոր խորհրդարանն ինչ-որ բան կփոխի՞ ժողովրդի կյանքում, Բադալյանը կարծում է, որ կոսմետիկ ինչ-որ քայլեր կարվեն:

«ՀՀԿ-ն ասում է՝ վիճակն այնքան լավ է, որ ժողովուրդը դուրս չի գալիս պայքարի: Եթե իրենք դա ասում են, որ ապացուցեն՝ իբրեւ ինչ-որ բան փոխվել է, ապա ես կասեմ, որ ոչինչ էլ չի փոխվել: Ես պատասխանում եմ, որ գիտեք՝ Խորհրդային Հայաստանում էլ Գերագույն խորհրդի ընտրություններ էր տեղի ունենում, ընտրություններ չէին, բայց էլի ոչ ոք դուրս չէր գալիս փողոց պայքարելու:

Հասկանալի է, որ սա ձեւական միջոցառում է, դրա համար դուրս չեն գալիս: Դուրս գան ո՞ւմ բողոքեն. դատարաններն ո՞ւմ են պատկանում»:

Ըստ Բադալյանի՝ նման եղանակով ձեւավորված խորհրդարանում աշխատանքային բուռն գործունեություն ակնկալել անիմաստ է: Նախ՝ այնտեղ հայտնվածները չեն կարող որեւէ բան փոխել, իսկ հետո՝ Հայաստանում մնացած ժողովրդին չեն հետաքրքրում փոփոխությունները, նրանք չունեն այդ պահանջը: Արմատական որեւէ բան չի փոխվելու:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝