Գյումրեցիները պնդում են, որ ընտրակաշառք բաժանվել է մի քանի ուժերի կողմից

f563ca95d179b0_563ca95d17d90_thumb

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրական գործընթացի ժամանակ Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրիում գործող տարբեր ընտրատեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր եղան: Շատ խոսվեց նաեւ ընտրատեղամասերի հարակից տարածքներում բաժանվող ընտրակաշառքի,  ընտրողներին ուղղորդելու դեպքերի մասին եւս, որոշ գյուղական համայնքներից էլ տեղեկացնում էին, որ ընտրողներին 9 քվեաթերթիկի փոխարեն տրվել է միայն մեկ քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի քվեաթերթիկը, եւ եղել է հորդոր՝ քվեարկել ռեյտինգային թեկնածուներից մեկի օգտին:

Չնայած այս ամենին՝ Շիրակի մարզի դատախազությունից տեղեկացնում են, որ ընտրախախտման ընդամենը մեկ դեպքի առթիվ է հարուցվել քրեական գործ, որը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին: Մյուս բոլոր նյութերով դեռեւս միայն ստուգողական աշխատանքներ են տարվել:

Մարզի դատախազը վստահեցնում է նաեւ, որ մարզում ընտրակաշառք չի բաժանվել: Մեր հարցին, թե ինչի հիման վրա է նման հայտարարություն անում, Կարեն Գաբրիելյանը պատասխանեց՝ ճիշտ է, ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր մարզի դատախազությունն էլ է ստացել, սակայն իրավապահ մարմինների կողմից նման փաստ չի արձանագրվել:

Գյումրեցիները, սակայն, այլ կարծիքի են: Քվեարկության եւ դրան նախորդած օրերին Գյումրիում ու մարզի համայնքներում ընտրակաշառք բաժանվել է, եւ ոչ միայն մեկ, այլ ընտրությանը մասնակից մի քանի քաղաքական ուժերի եւ նրանց կողմից առաջադրված թեկնածուների կողմից:

Գյումրեցիները լուրջ չեն վերաբերվում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների այն պնդումներին, թե ապրիլի 2-ին անցկացվել են լեգիտիմ ընտրություններ, քանի որ վերջին 10-15 տարվա մեջ առաջին անգամ ժողովուրդն ընտրություններից հետո փողոց դուրս չի եկել, ինչը նշանակում է, որ ժողովուրդն ընդունում է ընտրությունների արդյունքները: Նշում են՝ ժողովուրդն ուղղակի այլեւս չի հավատում ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու խոստումներին:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝