Մուսուլմանների թիվն աշխարհի տարբեր երկրներում. ե՞րբ, որտե՞ղ, ինչքա՞ն

cs-muslim-lead-mar17-1_650_030714063140

Քրիստոնեությունն առայժմ հետեւորդների թվաքանակով հանդիսանում է համաշխարհային առաջատար կրոնը, սակայն իսլամն առաջանցիկ տեմպերով զարգացում է ապրում: Եթե պահպանվեն ներկայիս զարգացման միտումները, ապա 2050թ.-ին քրիստոնյաների եւ մուսուլմանների թիվը գրեթե հավասար կլինի, իսկ 2070թ.-ին մահմեդականները մեծամասնություն կկազմեն:

Հին աշխարհում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ շատ այլ երկրներում առկա ժողովրդագրական խնդիրները կնպաստեն իսլամի գերակայությանը: Ներկա պահին մուսուլմանները կազմում են աշխարհի բնակչության ¼-րդ մասը՝ գերիշխելով Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այդ կրոնը գերիշխում է նաեւ Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում, որտեղ ծնելիության ցուցանիշը բարձր է, իսկ հղիության արհեստական ընդհատումը, որպես կանոն, խստորեն արգելված է:

Նախ սկսենք Հայաստանից. մեր երկրում բնակվում են շուրջ 2800 մահմեդականներ՝ քրդեր եւ պարսիկներ, որոնք կազմում են բնակչության մոտ 0,1%-ը:

Pew Research Center սոցիոլոգիական կազմակերպության տվյալներով այսօր Հնդկաստանում եւ Պակիստանում բնակվում են շուրջ 344 մլն մուսուլմաններ, այսինքն ավելի շատ, քան Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի ավանդական իսլամական երկրներում, որտեղ նրանց թիվը կազմում է «ընդամենը» 317 մլն:

graphik

Աշխարհի 49 երկրներում մահմեդականները բնակչության մեծամասնությունն են կազմում: Ինդոնեզիայում բնակվում է ամբողջ աշխարհի մուսուլմանների 13%-ը: Առաջատարը հենց այդ երկիրն է, որտեղ բնակչության 87.2%-ը (209 մլն) իսլամ է դավանում: Հնդկաստանը երկրորդ տեղում է: Այդ երկրում բնակվում է 176,5 մլն մուսուլման, թեեւ դա կազմում է բնակչության 14.4%-ը: Պակիստանում ապրում է 167 մլն մուսուլման՝ բնակչության շուրջ 97%-ը: Բանգլադեշը եւս առաջատարների թվում է. այդ երկրի բնակչության 88%-ն իսլամի հետեւորդ է (132,5 մլն):

Մեր հարեւան երկրներից Իրանում բնակվում է 76,6 մլն մահմեդական՝ բնակչության 98%-ը: Թուրքիայում նրանք կազմում են բնակչության 99%-ը (76,4 մլն), Ադրբեջանում՝ 93,5%-ը (8,1 մլն), Թուրքմենստանում՝ 89 %-ը (4,45 մլն),  Տաջիկստանում՝ 95%-ը (6,85 մլն):

Աֆրիկյան երկրներից առաջատարը Նիգերիան է, որտեղ բնակչության 48%-ը՝ 83 մլն մարդ, իսլամ է դավանում:

Սաուդյան Արաբիայում այլ կրոնների համար տեղ չկա: Այս երկրի բնակչության 100%-ը կամ 27,5 մլն մարդ մահմեդական է:

ԱՄՆ-ում մինչեւ 2050թ.-ը մահմեդականների թվաքանակը կկրկնապատկվի, եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահի նոր հրամանագրերը լուրջ արգելք չհանդիսանան: Այժմ նրանք կազմում են ԱՄՆ-ի բնակչության 1,5%-ը (4,6 մլն): Ինչպես ԱՄՆ-ում, Չինաստանում եւս բնակչության 1,5%-ն են կազմում մահմեդականները (շուրջ 20 մլն):

Գերմանիայում մահմեդականների թիվը կայուն աճ է արձանագրում: Եվրոպական այդ երկրի բնակչության 3,7%-ը կամ 3,1 մլն-ը մուսուլմաններ են:

Ռուսաստանում  մինչեւ 2050թ.-ը մուսուլմանների թիվը կկազմի բնակչության ավելի քան 30%-ը: Ներկայումս նրանց թիվն այդ երկրում կազմում է 21,5 մլն՝ բնակչության 15%-ը:

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝