Դուք հաղթեցիք ու հեռացաք, իսկ մենք ապրում ենք պարտված

rus148731664397

Անցած տարի՝ 2016թ.-ի ապրիլի 2-ին, ձեր կռիվն էր: Ավելի ճիշտ կռիվը բոլորինս էր, բայց դուք ստանձնեցիք նաև մեր բաժին կռիվը, մեր տունը, մեր քաղաքը, մեր զավակներին ու հայրենիքը պաշտպանելու պարտավորությունը: Դուք առաջին գծում էիք, մենք՝ թիկունքում:

Երբ թշնամին գրոհեց, մենք խաղաղ քնած էինք, դուք սահմանն էիք հսկում: Դուք, այո, երկար ժամանակ հրամանի էիք սպասում՝ հակագրոհե՞լ, թե՞ ոչ: Հակագրոհեցիք: Թշնամու պլանները բավականին լուրջ էին, բայց դուք ձախողեցիք դրանք: Եվ կանգ առաք, որովհետև այդպիսին էր հրամանը:

80-ականների զենքերով, բահով ու քլունգով, ուղղաթիռ խոցող նռնականետով… ձեր կյանքի, ձեր արյան գնով… չհանձնեցիք տունը, հանձնեցիք ձեզ… Դուք հաղթեցիք, տղե՛րք, հաղթեցիք ու հեռացաք:

Մենք ապրեցինք ձեր հաղթանակած երկրում ուղիղ մեկ տարի, սգացինք, ողբացինք, հպարտացանք, օրհնեցինք, հետո նույն օրը տանուլ տվեցինք, նո՛ւյն օրը, տղե՛րք:

Մեկ տարի անց ճիշտ նույն օրը՝ ապրիլի 2-ին, կռիվն արդեն մերն էր: Առաջնագծում մենք էինք, դուք՝ թիկունքում: Բայց նույնիսկ մեր թիկունքի ամրությունը չգնահատեցինք: Մարտական առաջադրանքը չկարողացանք կատարել: Մենք պահելու էինք ձեր տունը, ձեր մայրերին, ձեր զավակներին ու եղբայրներին… Բայց չպահեցինք, մենք հանձնեցինք… Հանձնեցինք առանց կռիվ:

Հանձնեցինք Երևանը, հանձնեցինք Գյումրին, ձեր տունը, մեր զավակների ապագան, մեր վաղվա օրը… Հանձնեցինք առանց մարտի, առանց հակառակվելու, հանձնեցինք հոժարակամ, սիրով, ժպիտով, ծածուկ պայուսակներ քչփորելով, հանձնեցինք գիտակցաբար՝ քվեախցում, ընտրատեղամասեր տեղափոխող տասնապետերի մեքենաներում, սուս ու փուս՝ առանց դժգոհելու, առանց վարանելու, առանց հիշելու ձեր պատգամը, Ռոբերտ Աբաջյանի մահվանից առաջ ասած խոսքերը… հանձնեցինք հողը՝ 10 հազար դրամով: Հանձնվեցինք ինքներս…

«Ընտրությունների ճակատամարտում» մենք պարտվեցինք, այնպես պարտվեցինք, տղե՛րք, որ նույնիսկ մեռավ բարոյական հաղթանակի հույսը, սպանեցինք հույսը, մեր ինքնասիրությունը, պատիվը, ազնվությունը: Պարտվեցինք բոլորս, հաղթեց միայն մեկը, հաղթեց փողը:

Ներեցեք մեզ, տղերք, ներեցեք, եթե կարող եք:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝