Կինոռեժիսորն ընդդեմ Իտալիայի պատվո հյուպատոսի. դատարան ներկայացվեց ապացույցների ամբողջական փաթեթ

դատ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ կինոռեժիսոր Արման Մազմանյանն ընդդեմ Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի գործով նախնական դատական նիստը: Սակայն պատասխանող կողմը՝ հյուպատոս Մոնտալդոն, հերթական անգամ չէր ներկայացել դատական նիստին: Հիշեցնենք, Արման Մազմանյանն իր հայցով դատարանից պահանջում է, որ վերջինս պարտավորեցնի հյուպատոսին եւ հյուպատոսարանին Մազմանյանին տրամադրել աշխատանքից ազատման հրամանն ու դրա հիմքերը: 2006 փետրվարին հայցվորն ընդունվել է աշխատանքի Իտալիայի պատվո հյուպատոսարանում որպես հյուպատոսական ծրագրերի համակարգող, սակայն առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության 2015թ. սեպտեմբերի վերջին բանավոր կերպով տեղեկացվել է, որ աշխատանքից ազատված է:

Այնուհետ, երբ դիմել է հյուպատոսին, խնդրել տրամադրել աշխատանքից ազատման հրամանը, ինչպես նաեւ տեղեկություններ աշխատանքից ազատման հիմքերի եւ պատճառների վերաբերյալ, ոչ մի պատասխան չի ստացել: Մազմանյանի աշխատանքային գրքույկում աշխատանքի ընդունման հրաման կա, իսկ ազատմանը՝ ոչ: Հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան եւ նշել, որ Մազմանյանի աշխատանքային գրքույկի մեջ իր կողմից տրված հրամանի տակ դրված ստորագրությունն իրենը չէ, մինչդեռ ստորագրության կողքին դրված է նաեւ կնիք: Ավելին, նշում է, որ առհասարակ գոյություն չի ունեցել հյուպատոսարան եւ չունի, եւ որպես հիմք հյուպատոսի լիազոր ներկայացուցիչը ներկայացրել է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված տեղեկանքը, որ 2016 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ Իտալիայի պատվո հյուպատոսարան գրանցված հաշվառված չէ:

Հայցվորը, ուսումնասիրելով այդ փաստաթղթերը, անձամբ դիմել է արդարադատության նախարարություն, խնդրել տրամադրել տեղեկություններ հյուպատոսի եւ լիազորված ներկայացուցչի՝ դատարան ներկայացրած տեղեկանքի վերաբերյալ: Ստացել է տեղեկանքի հետ կապված ամբողջական փաթեթը, որի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ հյուպատոսի լիազոր ներկայացուցիչը դիմել է պետական ռեգիստրի գործակալության պետին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, որ Անտոնիո Մոնտալդոն հաշվառված չէ որպես անհատ ձեռներեց 2006 թվականից եւ չի հանդիսանում որեւէ ՍՊԸ-ի մասնակից կամ իրավաբանական անձի տնօրեն:

«Ուստի հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում եմ դատարանին հյուպատոսի եւ նրա ներկայացուցչի ներկայացրած տեղեկանքը հիմք չընդունել որպես ապացույց հյուպատոսարանի գոյություն չունենալու մասին, քանի որ իրենց կողմից տրամադրված ինֆորմացիան ուղղված է ապակողմնորոշելու դատարանին»,- հայտարարեց Մազմանյանը: Հայցվորն այլ ծանրակշիռ փաստական ապացույցներ եւս ներկայացրեց դատարան, որոնք վկայում են այն մասին, որ հյուպատոսարան կառույց Գյումրիում գործել է: Նա դատարան ներկայացրեց մի շարք փաստաթղթեր, որոնցում առկա է հյուպատոսարանի կնիքն ու հյուպատոսի ստորագրությունը:

«Տարիներ շարունակ հյուպատոսարանն անցկացնում էր իտալերեն լեզվի դասընթացներ եւ ուսուցում անցած մարդկանց տրամադրել վկայականներ՝ 2008-2009 թվականների: Դրանք փաստում են, որ վկայականները տրվել են հյուպատոսարանի կողմից, դրանց վրա գտնվում է Իտալիայի Հանրապետության զինանշանը, իսկ զինանշանի կողքին գրված է՝ Իտալիայի պատվո հյուպատոսարան, հյուպատոսի ստորագրությունն ու հյուպատոսարանի կնիքը»,- դատարանում ասաց հայցվորը:

Հյուպատոսն ու նրա լիազոր ներկայացուցիչը հայցադիմումի իրենց պատասխանում նշում են, որ Արման Մազմանյանը կամավորական սկզբունքներով 2006-2015թթ. մասնակից է եղել պատվո հյուպատոսի կողմից կազմակերպված աշխատանքներին ու վարձատրվել է հյուպատոսի անձնական միջոցների հաշվին: Այնինչ Մազմանյանը դատարանում ներկայացրեց փաստաթուղթը, որը 2014 թվականին ներկայացրել է առեւտրային բանկերից մեկին, եւ որը տրամադրվել է իրեն հյուպատոսարանի կողմից, եւ որում շեշտվում է, որ Մազմանյանն աշխատում է հյուպատոսարանում եւ ամսական ստանում 250 հազար դրամ աշխատավարձ:

Բացի այդ, որպես ապացույց դատարան ներկայացրեց մի շարք տեսաձայնագրություններ, որոնք պատմում են Գյումրիում տեղակայված հյուպատոսարանի գործունեության մասին. «Եթե հյուպատոսարան գոյություն չի ունեցել, ապա պարոն հյուպատոսի կողմից «հյուպատոսարան» բառը չպետք է օգտագործվեր ոչ մի փաստաթղթի վրա, «հյուպատոսարան» բառը նաեւ կնիքի վրա չպետք է օգտագործվեր, նա պետք է ունենար անվանական կնիք, այլ ոչ թե հյուպատոսարանի»,- ասաց Ա. Մազմանյանն ու իր ձեռքի տակ եղած բոլոր փաստական ապացույցները հանձնեց դատարանին: Որոշվեց նշանակել դատաքննություն:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝