Շիրակի մարզում բաժանված ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր կան, փաստական տվյալներ՝ ոչ

դատաղազ

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ:

-Պարոն Գաբրիելյան, ապրիլի 2-ին ընտրախախտումների վերաբերյալ ինչպիսի՞ ահազանգեր է ստացել Շիրակի մարզի դատախազությունը, եւ կոնկրետ ի՞նչ դեպքերով ի՞նչ նյութեր են նախապատրաստվել:

-Ընտրությունների հետ կապված գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաքելությունն է եղել ուսումնասիրել մամուլի հրապարակումները, ահազանգերը՝ կապված ընտրախախտումների հետ, որոնք կարող են պարունակել ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, դրանք ուղարկել համապատասխան տարածքներ՝ օրենքով նախատեսված լուծում տալու համար: Նման հրապարակումներ ուղարկվել են մեր տարածք, որոնք իմ հանձնարարությամբ ուղարկվել են ոստիկանության բաժիններ եւ քննչական վարչություն՝ համապատասխան նյութեր նախապատրաստելու համար: Բացի այն, որ նման հրապարակումներ ու հաղորդումներ ստացել ենք գլխավոր դատախազությունից, եղել են նաեւ ահազանգեր տարաբնույթ ընտրախախտումների վերաբերյալ, դրանցով նույնպես նախապատրաստվում են նյութեր:

-Կոնկրետ ինչպիսի՞ ընտրախախտումների մասին է խոսքը, կոնկրետ դեպքերով հարուցված քրեական գործեր կա՞ն:

-Հիմնականում կրկնակի քվեարկության դեպքերին առնչվող ահազանգեր են եղել, որոնք այս պահին գտնվում են ուսումնասիրման փուլում, կատարվում են անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Այս պահին ունենք մեկ քրեական գործ հարուցված կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ, մենք կկատարենք համապատասխան նախաքննություն եւ անհրաժեշտ ապացույցների առկայության պայմաններում կգանք համապատասխան իրավական եզրահանգման: Կրկնաքվեարկության վերաբերյալ ահազանգից բացի եղել է նաեւ նման դեպք, որ հարազատի հետ անձը գնացել է քվեարկելու, հարազատին է ուղեկցել ու հարազատի անձնագրի փոխարեն իր անձնագիրն է ներկայացրել:

-Թե նախընտրական շրջանում՝ կոնկրետ ապրիլի 1-ին ու նաեւ ընտրության օրը, եւ թե հիմա՝ հետընտրական շրջանում, շատ է խոսվում, որ տարբեր քաղաքական ուժերի կամ առանձին պատգամավորության թեկնածուների կողմից ընտրակաշառք է բաժանվել, անգամ հիմա ահազանգեր ենք ստանում, որ թեկնածուներից մեկը, ով չի հաղթահարել անցողիկ շեմը, ընտրողներից հետ է պահանջում բաժանված գումարը, դուք ստացե՞լ եք նման ահազանգեր:

-Ընտրակաշառքի վերաբերյալ նույնպես ունենք ահազանգեր, որոնցով նույնպես այս պահի դրությամբ կատարվում են ստուգողական ակտիվ գործողություններ, բայց ասեմ, որ այս պահին նույնպես նման տվյալներ առկա չեն, ձեռք չեն բերվել, բայց կատարվում են ակտիվ քննչական ու դատավարական գործողություններ, օպերատիվ մարմիններին տրվել է համապատասխան հանձնարարություններ՝ նշված հանգամանքները պարզելու կամ հերքելու ուղղությամբ:

-Հիմա կոնկրետ Ձեր գնահատմամբ ընտրակաշառք բաժանվե՞լ է:

-Ես ղեկավարվում եմ առկա փաստական տվյալներով, ու ներկայումս առկա փաստական տվյալները վկայում են առ այն, որ նման ընտրակեղծիքներ, այդ թվում՝ կաշառքի վերաբերյալ, չեն եղել, չեն արձանագրվել: Տարբեր անձանցից ահազանգեր եղել են, եղել են նաեւ հրապարակումներ ընտրակաշառքի վերաբերյալ, որոնցով կատարվում են ստուգողական աշխատանքներ:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Դիտվել է՝