Ի՞նչն էական դեր խաղաց ապրիլյան ընտրություններում. խորհրդարան չանցած քաղաքական ուժերի դիրքորոշումը

kasharq

Ապրիլի 2-ին կայացած համապետական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարեցին 4 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն:

Մյուս 5 քաղաքական ուժերը հետընտրական շրջանում քննարկում և վերլուծում են, թե ինչն էր պատճառն ուժերի նման վերադասավորության, ինչը դեր խաղաց անցնող ընտրություններում, որքանով իրեն արդարացրեց նոր ընտրակարգը:

Ինչպես հայտնի է, նախ հայտարարությամբ հանդես եկավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որն ընտրություններին չհաղթահարեց անցողիկ շեմը: Այդ հայտարարությամբ ընդդիմադիր դաշինքը քննադատել էր ընտրական գործընթացն՝ այն համարելով ոչ թե քվեարկություն, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն:

Խորհրդարան չանցած, բայց ընտրությունների մասնակցած մյուս քաղաքական ուժի՝ «Ազատ դեմոկրատների» պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում վերլուծելով ընտրական պայքարը, կարծիք հայտնեց, թե միգուցե «Ազատ դեմոկրատների» պարտության պատճառն այն էր, որ քաղաքական ուժը քարոզարշավը չտարավ հեղափոխական հռետորաբանությամբ ու մյուս քաղաքական ուժերի նման չներկայացավ իշխանություն վերցնելու դիրքերից.

Ստյոպա Սաֆարյան

«Երևի թե մարդիկ չէին հավատում մեր հաղթանակին: «Ելքը» կամ մյուսները փորձում էին ներկայանալ իշխանություն վերցնելու դիրքերից, միգուցե նրանք գնահատվեցին անկախ նրանից, որ 7 տոկոս ունեն, մենք ավելի համեստ էինք ցույց տալիս, որ լավ խմբակցություն ունենալն էլ է կարևոր, միգուցե դա մարդկանց համար կարևոր չէր: Քարոզարշավի խնդիրներ կային, գումարի սղությունը, նորմալ արշավ տանելու համար, քո խոսքն ավելի դիպուկ, ավելի ճիշտ մարդկանց հասցնելու համար պետք է ինչ-որ գումարներ ծախսել, իսկ 1-2 միլիոն դրամով չես հաղթի»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Մյուս կողմից էլ, ըստ նրա, զարմանալի էր այն, որ ընտրողը ձայն տվեց քաղաքական ուժի, որից միշտ դժգոհում է: Որքան էլ որ ընտրակաշառքն այստեղ դեր է խաղացել, միևնույն է, փաստն անհասկանալի է: «Ընտրությունը երկու կոմպոնենտ ունի՝ մարդու կարծիքի ազատ ձևավորում և այդ ձևավորված կամքի ազատ արտահայտում, այդ երկուսն էլ չեն թողել, որ ապահովվի, ի՞նչ ընտրության մասին է խոսքը: Այնպես չէ, որ շատ զարմացած եմ, նախկին ընտրությունների նման մի բան էր էլի, այնպես չէ, որ նախկին խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից բացի ձայն են տվել, մի տարբերություն կար, որ իշխանությունն ամեն բան ավելի էր հղկել: Ժողովուրդը մոտավոր նման է հիվանդի, որին քաղաքական ուժերը փորձում են փրկել որպես բժիշկ, իհարկե հիվանդի փրկությունն առաջին հերթին իրենից է կախված, իրեն ճիշտ պետք է պահի բուժվելու համար, իսկ բժիշկն էլ իրավունք չունի հիվանդին անընդհատ մեղադրի, թե ինչու է հիվանդացել, հիմա իրավիճակը սրան է նման:

Բայց եթե ժողովուրդը ոչ մեկին չի վստահում, կներեք, ի՞նչ է նշանակում գնալ ու ամենաչսիրած քաղաքական ուժին ընտրել, գնայիր անվավեր դարձնեիր կամ փողը վերցնեիր չգնայիր: Ես չեմ հասկանում, եթե համատարած պետք է դժգոհես այդ ուժից ու գնաս ընտրես, ուրեմն չես էլ ատում: Իհարկե, ժողովուրդը ցույց է տվել, որ ում հավատում է, նրա հետևից գնում է, բայց անձի է հավատում, ՀՀԿ-ն իր քարոզարշավը վերածեց Կարեն Կարապետյան անձի քարոզարշավի, Ծառուկյանը ևս անձի քարոզարշավի, սա էլ է ողբերգություն, եթե ինչ-որ մեկին սիրում է, դա ուժ չի, գաղափար չի, այլ անձ է»,- նշեց Ս. Սաֆարյանը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանն էլ այն համոզմանն է, որ էական դեր է խաղացել մեծ չափի փողը, որն անխնա բաժանվել է:

Էդգար Առաքելյան

«Կարծում ենք՝ բոլորին ակնհայտ է, ցավոք, այսօր քաղաքացիներն ընտրության են գնում ոչ թե գաղափարական առումով, այլ ֆինանսական հարցերով պայմանավորված, հիմնական պատճառը դա է: Ո՞նց եք դուք կարծում, որ ՀՀ-ում որևէ քաղաքացի երևի չլինի, որ հարցում անեք, չդժգոհի իշխող քաղաքական ուժից, ու հանկարծ այդ իշխող քաղաքական ուժը 50 տոկոս ձայն է հավաքում, ինչպե՞ս է լինում»,- ասում է ՀՎԿ մամլո խոսնակը:

Անընդունելի են համարում այն մեղադրանքները, թե ՀՎԿ-ն ևս ընտրակաշառք է բաժանել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ժամանակին ՀՀԿ-ի հետ ՕԵԿ-ը կոալիցիա է ձևավորել, ինչով էլ պայմանավորված այս անգամ քաղաքացին իր ձայնը չի վստահել այս քաղաքական ուժին, ապա նա նշեց. «Էդ կոալիցիա կազմելուց հետո մենք մտել ենք խորհրդարան, այսինքն այդ հարցն էլ է դուրս գալիս, դա եղել է 2008-ին, բայց մենք 2012-ին ԱԺ ենք մտել: Մենք որ ընտրակաշառք բաժանեինք, այս արդյունքները չէր լինի, սովորական քաղաքացուն էլ պարզ է, թե ով է բաժանել, ով՝ ոչ, ես չեմ ասում, որ բոլորը բաժանել են, բայց ակնհայտ է, որ ընտրական գործընթացներում ներգրավված են շատ փող ունեցող շատ մարդիկ, ու դրանից կարելի է եզրակացնել: Մենք ասում էինք, որ սա ոչ թե 100 տոկոս համամասնական, այլ 100 տոկոս ռեյտինգային ընտրակարգ է, մենք ընկճված չենք, պայքարող ուժ ենք եղել ու կանք ու մեր նպատակների, ծրագրերի համար պայքարելու ենք նաև առաջիկայում»,- ասաց ՀՎԿ մամլո խոսնակը:

Զոյա Թադեւոսյան

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Զոյա Թադևոսյանը հայտարարում է՝ երկիրը գնում է կործանման ճանապարհով, ու ընտրակաշառքն ամենագլխավոր դերն է խաղում հասարակության կողմնորոշման հարցում: «Միշտ էլ կարող է մարդուն վատ ուսուցիչ հանդիպել, բայց չափահաս մարդը 18 տարեկանից հետո, ընտրական իրավունք ունեցող մարդը, սեփական խելքով շարժվելու ավելի մեծ ընտրություն ունի, քան ենթարկվելու ինչ-որ ուսուցիչների, մարդը պետք է ունենա սեփական խելք, գիտակցի իր դերը հասարակության մեջ, իր սահմանադրական իրավունքները, պետության նկատմամբ իր պատասխանատվությունը և ըստ այդմ էլ շարժվի, այնպես որ, ես ոչ մեկին էլ չեմ ուզում մեղադրել, յուրաքանչյուր մարդ իր պատասխանատվությամբ պետք է ապրի, ու այդ պատասխանատվությունն առաջին հերթին պետք է վերաբերվի իրեն, իր ընտանիքին, և վերջին հաշվով պետք է շահի հասարակությունը: Նման իրավիճակում, երբ ընտրողը չի գիտակցում իր պատասխանատվությունը, ապա այո, առաջին հերթին մեղավոր է ընտրողը»,- կարծում է Զոյա Թադևոսյանը:

ՀԱԿ ներկայացուցիչն այն կարծիքին չէ, որ ընտրություններում դաշինքի պարտության հարցում դերակատարում ունեցել են արցախյան խնդրի կարգավորման հարցում ՀԱԿ-ի դիրքորոշումն ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթները.

«Քննադատողները թող մեկ անգամ ևս լսեն նախագահի հարցազրույցը: Ես հույս ունեմ, որ կհասկանան, որ նախագահը հասարակության աչքերն էր բաց անում՝ ասելով, որ այդ հարցի լուծումը մեզ պարտադրում են, ու ասում էր, որ ինչքան շուտ այդ հարցը լուծվի, ու ինչքան շուտ հասարակությունը պահանջի իր իշխանություններից այդ հարցի լուծումն, այնքան ավելի քիչ զոհեր ու կորուստներ ենք ունենալու: Ու եթե այս հասարակ միտքը հասկանալը կասկածի տակ դնողներ ու չհասկացողներ կան, կարելի է եզրակացնել, որ մենք անհույս ենք»:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝