ՀՀԿ տոկոսների դինամիկ աճը եւ, ի վերջո, ո՞րն է գաղտնիքը

unnamed-2-4-600x407

Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանական ուժեր են համարվում չորսը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ԵԼՔ-ը եւ ՀՅԴ-ն:

Ընդ որում, առաջին երկու քաղաքական ուժերը միասին ստացել են ավելի քան 70 տոկոս վստահության քվե: Իշխող Հանրապետականը վերարտադրվում է  եւ խորհրդարանում դարձյալ հանդես կգա որպես իշխող քաղաքական մեծամասնություն:

ՀՀԿ-ն անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացավ 771.242 քվե, որը համապատասխանաբար 49.12 տոկոս է: Սա խորհրդարանում 55 մանդատ է: Իսկ կլորացման եւ բոնուսների շնորհիվ մանդատների թիվն էլ ավելի կաճի:

ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում ՀՀԿ-ն վստահության այնպիսի քվե է ստացել, որ ի վիճակի է ինքնուրույն ձեւավորելու իշխանությունը, կառավարելու միանձնյա՝ առանց կոալիցիաների ու համագործակցության:

Երկրում առկա քաղաքական-տնտեսական զարգացումների ֆոնին իշխող Հանրապետականի բացարձակ հաղթանակը, այն էլ այսպիսի տոկոսներով, առերեւույթ զարմացնող է:

2017թ.-ի Ազգային ժողովի այս ընտրությունները թվով վեցերորդն է, որ մասնակցեց  ՀՀԿ-ն: Ընդ որում, անցած խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ-ի տոկոսներն ամենամեծն են այդ կուսակցության պատմության մեջ:  Սա ինքնին ենթադրում է, որ ՀՀ քաղաքացիների համար գոհացնող է ՀՀԿ քաղաքականությունը:

Փորձենք այժմ համադրել  համապետական տարբեր ընտրություններում ՀՀԿ-ի վստահության  տոկոսները եւ աշխատանքի արդյունքները:

2003թ.՝ ՀՀԿ280.363 քվե

Հանրապետական կուսակցությունը համապետական ընտրություններին առաջին անգամ միայնակ է մասնակցել  2003 թվականին: Այն ժամանակ  ՀՀԿ-ն ստացավ ընտրություններին մասնակից քաղաքացիների 280.363-ի վստահությունը:

2007թ.՝ ՀՀԿ – 458.250 քվե

2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի վստահության քվեն կտրուկ աճել է: Ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն այս անգամ ստացավ շուրջ 458.250 քվե:

2008թ.՝ ՀՀԿ - 862 369 քվե. «Առաջ Հայաստան»

2008թ.-ին դարձյալ համապետական ընտրություններ էին: Այս անգամ ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական: Եվ իշխող Հանրապետականին եւ ՀՀԿ առաջնորդ Ս. Սարգսյանին, ով 2008-ին նախագահի թեկնածու էր, ընտրել  է 862 369 քաղաքացի:

Ինչպես տեսնում ենք, դարձյալ դինամիկ աճ է արձանագրվել՝ համեմատած 2007թ.-ի խորհրդարանական ընտրությունների հետ:

ՀՀԿ-ն այդ ժամանակ ներկայացավ ընտրողներին «Առաջ Հայաստան» կարգախոսով:

2009թ.-ի արդյունքներով, ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական վիճակագրության, երկրում գրանցվեց տնտեսական անկում, ՀՆԱ-ի 14.1%-ոց նվազում:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ 2009թ.-ին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 52.198 մարդ, իսկ արդեն 2010թ.-ի 9 ամիսների տվյալներով՝ 69.890 մարդ:
2012թ.՝ ՀՀԿ - 664.640 քվե. «Հավատանք, որ փոխենք»

Հաջորդ համապետական ընտրությունները 2012-ի խորհրդարանական ընտրություններն էին:

2012-ին ՀՀԿ-ն ստացավ  664.640 ձայն: ՀՀԿ-ի այս տոկոսը շուրջ 200 հազարով պակաս էր 2013թ.-ի նախագահական ընտրություններին Ս. Սարգսյանի հավաքած ձայներից եւ նույնքան ավելի էր, քան 2007թ.-ին հավաքել էր ՀՀԿ-ն:

2012-ին 664.640 քաղաքացու վստահությունը եւ քվեն ստացած քաղաքական ուժը հանդես էր գալիս «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով:

2012թ.-ին երկրի պետական վիճակագրությամբ աղքատների թվաքանակը կազմեց մոտ 980 հազար (շատ աղքատների թվաքանակը՝ 408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ մոտ 85 հազար:

2012թ. ՀՀ-ից հեռացել է 42.7 հազար մարդ:

2013թ.՝ ՀՀԿ – 861.373 քվե. «Դեպի ապահով Հայաստան»

Հաջորդ համապետական ընտրությունները 2013թ.-ի նախագահական ընտրություններն էին, որին մասնակցող ՀՀԿ թեկնածուն Սերժ Սարգսյանն էր: Ս. Սարգսյանի վստահության քվեն 861.373 էր, գրեթե նույնքան, որքան 2008թ.-ին էր Ս. Սարգսյանը հավաքել, իսկ անցած համապետական, 2012-ի խորհրդարանական ընտրություններից շուրջ 200.000 ձայն ավելի:

2013թ.-ին ՀՀԿ թեկնածուն մրցապայքարի մեջ մտավ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով:

Միայն 2013թ.-ին, ըստ պաշտոնական վիճակագրության, երկրից հեռացավ 123 հազար 303 ՀՀ քաղաքացի:

Հայաստանում աղքատության մակարդակը 2013թ.-ին կազմեց 32%:

Հայաստանն ունեցավ 800 հա հողային կորուստ, հարյուրից ավելի զոհեր և հարյուրավոր վիրավորներ:

2017թ.՝ ՀՀԿ – 771.242 քվե

Չնայած այս ամենին՝ 2017թ.-ին ՀՀԿ վստահության դինամիկ աճը պահպանվեց, եւ ՀՀԿ-ն հավաքեց 771.242 քվե: Սա պակաս է անցած նախագահական ընտրություններին գրանցած ցուցանիշից, բայց նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ շուրջ 100 հազար քվեով ավելին է:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝