«Մարդուն չոքացրել են այն աստիճան, որ արդեն մարդկային, ազգային, առավել ևս՝ քաղաքացիական արժանապատվությունը չկա»

timthumb (9)

 ԳԱԼԱ-ի զրուցակիցն է մեկնաբան Արա Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, ավարտվեց քարոզարշավը, վաղը Հայաստանում տեղի կունենան ընտրություններ: Ի՞նչ գնահատական կտաք քարոզարշավի ողջ ընթացքին: Իշխանությունները ՀՀ Սահմանադրության, ԸՕ փոփոխություններից հետո հայտարարում էին, որ քաղաքական պրոցեսի մեկնարկն են տալու նոր ընտրակարգով: Արդյո՞ք քաղաքական, գաղափարական պայքարի ականատեսը դարձանք…

-Նոր սահմանադրությունը կազմվել էր իշխանության անխաթար վերարտադրման նպատակով։ Սահմանադրական հանրաքվեն էլ կեղծիքի շնորհիվ էր համարվել վավեր, և հիմա էլ այդ կեղծված սահմանադրությամբ ընտրություններ են կայանալու։ Դե դիտորդներ կան, գլխապատառ դեպի ընտրություն գնացող թիմեր կան։ Որևէ խնդիր չի լինելու ընտրությունների լեգիտիմության հարցում։ Ոմանց կկաշառեն, ոմանց կհամոզեն, ոմանք ինքնուրույն կգնան ընտրելու, և կընտրվի ինչ-որ մի բան։ Իշխանությունները դա կկոչեն խորհրդարան։ Մարդիկ դա կհամարեն ֆարսով ի մի բերված վերին տերերի դրածոների հավաքածու։ Դրսերում կասեն, որ այս մի ընտրությունը մի քայլ առաջ էր նախորդներից, մենք կասենք, որ սա մի քանի քայլ ետ էր նորմալից։ Ու կյանքը կգնա ոնց գնացել էր՝ դեպի անկում։  «5 տեղի հույսով պառլամենտ վազող ու մեծ-մեծ բրդող ընդդիմադիրից ի՞նչ սպասել»

- Մի շարք քաղաքական ուժեր և թեկնածուներ դարձյալ ընտրակաշառք բաժանեցին ընտրողին՝ ակնկալելով նրան այդ կերպ ուղղորդել գնալու ընտրատեղամաս: Դուք կարծիք եք հայտնել, որ այդ 5-10000 դրամն իրականում ընդդիմության գինն է, որ ունենք 5000 դրամանոց ընդդիմություն: Ինչո՞ւ ընդդիմությունը չի ձգտել այսքան տարիներ բարձրացնել իր «գինը», գուցե իշխանություններն ավելի՞ն են տվել…

Արա Հարությունյան

Արա Հարությունյան

- Ընդդիմություն ասածը շատ ավելին պետք է լինի, քան մենք կարծում կամ պատկերացնում ենք։ Անցած տասնամյակներին ընդդիմադիր նշաձողն իջել է պլինտուսից էլ վար, և այդ որակը լավ էլ տեսանելի է մարդկանց։ Եթե իշխանություններն առանց որևէ մեկին հաշիվ տալու անում են իրենց ուզածը, ապա ընդդիմությունը պարտավոր է և քննարկել-քննադատել իշխանության արածը, և տեսականորեն հիմնավորել իր դիրքորոշումներն իր հենարանի առջև, և ցույց տալ, թե մեթոդաբանորեն ինչպես է հաղթահարելու իշխանական դիմադրությունը՝ վերցնելու իշխանությունը կամ էլ նրան պարտադրելու իր լուծումը։ Փոխարենը, մեզանում «լավ» ընդդիմադիրը խրոխտ խոսող-քննադատողն է, թե՝ սա էս արեց, էն մեկն էն արեց։ Բայց ոչ մի խոսք չկա, թե ինքն ինչ ու ոնց է անելու։ 5 տեղի հույսով պառլամենտ վազող ու մեծ-մեծ բրդող ընդդիմադիրից ի՞նչ սպասել։ Հո մութ չէ, մարդիկ էլ ապուշ չեն, հասկանում են, որ ընդդիմադիր ֆարսն իշխանականից պակաս չէ, դեռ ավելին է։

- Այս օրերին ընտրակաշառք վերցրած քաղաքացուց հաճախ լսեցինք, թե ինչպես է արդարացնում իր արարքն այսպես. «Մեր փողերն են, գողացել են մեզանից, մենք էլ լավ ենք անում՝ վերցնում ենք… Մենք էլ կվերցնենք, կգնանք ուրիշի կընտրենք» և այլն… Սա համընդհանուր դեգրադացիայի մասին չի՞ խոսում… Ո՞ւմ է ձեռնտու, որ ՀՀ քաղաքացին շարունակի այսպես մտածել ու վաճառվել՝ մտածելով, թե ճիշտն ինքն է:

- Հայկական ներհանրայինը կատաստրոֆիկ վիճակում է։ Այս իշխանությունների հիմնական «նվաճումը» հային Հայաստանում ստրուկ սարքելն էր։ Դե հասել են իրենց նպատակին, մարդուն չոքացրել են այն աստիճան, որ արդեն մարդկային, ազգային, առավել ևս՝ քաղաքացիական արժանապատվությունը չկա։ Համակենտրոնացման ճամբարին բնորոշ գոյատևման ռեժիմ է։ Ավելին, նաև օրուելյան իրականությունն է լրիվ թափով ուժի մեջ՝ ամենօրյա զոհեր ու աղետալի լուրեր են իբր հեռու ռազմաճակատներից։ Նման պայմաններում միջին մարդուց ավելին սպասելն անիմաստ է։ Լավ են անում, թող վերցնեն, մեկ օր ավել կապրեն, մի կտոր երշիկ ավել կվայելեն։ Եթե ընդդիմություն լիներ, որն իրատեսական, թեկուզ մեկ տոկոսանոց շանսով հեռանկար խոստանար, ոչ մեկն էլ չէր կաշառվի, ընդդիմությանը կընտրեր։ Բայց վիճակն այնպիսին է, որ «գին գցողը» հենց ընդդիմության աղետալի որակն է։ Եթե ինձ ինչ-որ հրաշքով մտցնեն ընտրախցիկ և ավտոմատի փողի տակ պարտադրեն ընտրել, ես ցանկացածին ձայն կտամ, բայց ոչ ընդդիմությանը։

- Գիտեմ, որ բոյկոտի կողմնակից եք, մեկ անգամ չէ, որ Ձեր կարծիքն եք ասել, որ այս ընտրությունները պետք է բոյկոտվեին… Այսպիսի հորդոր ուներ ժողովրդին նաև Հաց բերողը… ամեն դեպքում, վաղը ընտրություն է: Արդյոք դրական փոփոխության որևէ ակնկալիք չունե՞ք, ինչպիսի՞ Հայաստանում կարթնանանք ապրիլի 3-ին:

-Կարթնանանք նույն հին Հայաստանում, նույն հին կոտրած տաշտակի առջև, որակապես նույն հին խորհրդարանականների խորհրդարանով, նույն հին պրոբլեմներով ու հին դժբախտություններով։ Որովհետև երկրում մարել է մարդկայինը, նորմալը, միտքը, արժանապատիվը, տրամաբանականը և ամենակարևորը՝ տղամարդկայինը։ Անտղամարդ երկիր է։ Երիցս ճիշտ էր երկրորդ նախագահն իր հայտնի թեզով։ Տղամարդու երկրում պնակալեզներն իշխանություն չէին ընտրվի, խեղկատակներն ազգի ճակատագիր չէին որոշի, գողերը սկզբունքներ չէին պարտադրի, «հերոսները» բանտերը չէին լցնի, ու երկրի գոյությունը հեռու ու մոտիկ հարևաններից չէին մուրա։ Արտաքին թշնամու դեմ պատերազմ ենք հաղթել, բայց անվերապահ կապիտուլյացիայի ենք ենթարկվել ներքին տականքի կողմից։ Ես որ նման պատմական մի այլ օրինակ չգիտեմ։ Ու վիճակն այնպիսին էլ չէ, որ ասենք՝ մեկը կա, որ կարող է այս ճահիճը չորացնել, բայց տեղը չգիտենք։ Համընդհանուր գաճաճություն է, որն արդեն ողբալի ճակատագրական է դարձել։ Ներող եղեք հոռետեսության համար, բայց լավատեսության որևէ նշույլ ես չեմ տեսնում։

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝