ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջում առկա է աղաղակող խախտում. Արման Մելիքյան

Արման Մելիքյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար, 2008 և 2013 թվականների  ընտրություններում որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արման Մելիքյանի արձագանքը Հայաստանում ԵՄ, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանների մարտի 29-ին արված հայտարարությանը

Թեև նախապես որոշել էի որևէ կերպ չանդրադառնալ ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման, անցկացման և դրանց արդյունքների ամփոփման հետ կապված տեխնիկական առանձնահատկություններին, քանի որ համոզված էի և եմ, որ մեզանում շարունակում են պահպանվել բոլոր նախորդ համապետական ընտրությունների ընթացքում ամբարված ընտրակեղծարարության փորձն ու ավանդույթները, Հայաստանում՝ ԵՄ, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանների մարտի 29-ին արված հատարարության բովանդակությունն ստիպեց ինձ խախտել լռելու որոշումս:

Բարձր եմ գնահատում ԵՄ, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանների (հատկապես Մեծ Բրիտանիայի դեսպանի) ջանքերն ուղղված ՀՀ-ում ընտրությունների արժանահավատության և թափանցիկության ապահովման միջոցով իրավազոր իշխա­նու­թյան ձևավորմանը և վստահ եմ, որ ամենևին էլ հեշտ խնդիր չէր հայթայթել համա­պա­տասխան տեխնիկական միջոցները գնելու և դրանք աշխատանքային վիճակի բերելու համար անհրաժեշտ գումարները: Այդուհանդերձ, պարտավորված եմ զգում նաև իմ մտահոգություններն արտահայտել այս կապակցությամբ: Հակառակ հարգարժան դեսպանների հավաստիացումների առ այն, որ քվեների ստույգ հաշվարկի համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններն ապահովված են, ստիպված եմ ինչպես նրանց, այնպես էլ հայաստանյան ընտրողների և ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել այդ պնդումը ժխտող կարևոր հանգամանքի վրա:

Այսպիսով՝ ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքի գլխավոր էջում զետեղված են  GIC Ltd. կողմից  տրված  ISO 27001:2005 Application of Voting Technologies through “Elections” automated system, including Electronic (Internet)Voting (վկայական No N686383) և  ISO  9001:2008 Application of Voting Technologies through “Elections” automated system, including Electronic (Internet)Voting (վկայական No N686126) սերտիֆիկատների էլեկտրոնային տարբերակները, որոնք հավաստում են, որ ՀՀ ԿԸՀ կողմից ներդրված են եվրոպական պաշտոնապես ճանաչված չափանիշներին համա­պա­տաս­խանող կառավարման համակարգեր: Այդ սերտի­ֆիկատների առկայությունը պարտավորեցնող է հատկապես եվրոպական դիտորդների համար՝ նկատված զանգվածային ընտրակեղծիքները որպես  ընտրությունների ընդհանուր որակի վրա էական ազդեցություն չունեցող մասնավոր երևույթ դիտարկելու տեսանկյունից: Խնդիրն այն է, որ նշված սերտիֆիկատների վավերականության ժամկետը սպառվել է դեռևս 2013 թվականին:17741390_1295445857212814_46187701_n 17742137_1295445860546147_1764443340_n

Ուստի, մեր համոզմամբ, ՀՀ ԿԸՀ պարագայում վերոհիշյալ սերտիֆիկատների առկայությունն այդ կազմակերպության պաշտոնական կայքէջում ապօրինի է, նպաստում է ընտրական գործընթացներին մասնակցող ՀՀ քաղա­քա­ցիների, միջազգային դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների ապա­տե­ղե­կաց­մանը  և կոչված է  կանխակալ դրական կարծիք ձևավորել քվեար­կության արդյունքների  պաշ­տոնական ամփոփիչ հայտարարության նկատմամբ: Միաժամանակ, հենց միայն այն փաստը, որ ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջում այսպիսի աղաղակող խախտում է առկա, վկայությունն է այն բանի, որ այժմ էլ հայաստանյան ընտրությունների անցկացման գործընթացները չեն իրականացվում համապատաս­խանության սերտիֆիկատներում նշված միջազգային չափանիշներին համաձայն և նշված ներդրված կառավարման համակարգերի մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում նաև ապրիլի երկուսին կայանալիք ընտրությունների մասով:

Ելնելով վերը ասվածից, հորդորում եմ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հրահանգել, որպեսզի կայքէջից անհապաղ հեռացվեն նշված սերտիֆիկատների էլէկտրոնային պատկերները, իսկ ԿԸՀ-ի կողմից էլ տրվեն անհրաժեշտ գրավոր պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ համապատասխան կառավարման համակարգերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Դիմում եմ նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներին և անդամներին՝ համապատասխան հետևություններն անելու և հստակ դիրքորոշում արտահայտելու առաջարկով: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին և քաղաքացիներին ասելիք չունեմ՝ բոլորն առաց այդ էլ ամեն ինչ տեսնում են:

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել նաև այն մասին, որ 2013 թվականի ընտրություններից հետո նախաձեռնվել է ընտրկեղծարարության փաստերի մասնավոր հետաքննություն, որի առանձին դրվագներով ուշագրավ տեղեկություններ են ստացվել որոշ օտարերկրյա պետություններում գրանցված իրավաբանական անձանց կողմից նշված համատեքստում իրականացրած գործունեության վերաբերյալ: Հետաքննության արդյունքների մասին լրացուցիչ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ։

Արման Մելիքյան

Դիտվել է՝