Վարուժան Ավետիսյանի բաց նամակն «Արմավիր» ՔԿՀ-ից

varujan-2-320x228

Բաց նամակ հայ մտավորականությանը.

Քեզ ասում են հայ մտավորականություն:
Ներկայիս իրականության մեջ թերևս չկա ազգային ինքնասպանության տանող ավելի վտանգավոր մոլորութուն:
Որովհետև դու այն ամենի հակառակն ես, ինչ պետք է լինեիր:
Ո՞վ ես և ի՞նչ ես դու իրականում:
Իրականում դու տեսել ես հրեշի երախը և սարսափից կորցրել ոգիդ ու կամքդ:
Հրեշը քեզ քշել է անկյուն և դու ընդունել ես նրա պայմանները՝ փոքրիկ աշխարհիկ ունենալու դիմաց ուրանալ ազգդ ու Հայրենիքդ և ծառայել նրան մեծ աշխարհում:
Զավեշտալի և, միևնույն ժամանակ, նողկալի է, որ դու քեզ համարյա որպես Ագռավու Քար մտած Փոքր Մհեր ես երևակայում և ապրում ես այն հույսով, թե մի օր մեծ աշխարհը նույնպես քո փոքրիկ աշխարհիկի նման «մաքուր» կդառնա և դու կազատագրվես ու դուրս կգաս:

Զավեշտալի է, որովհետև դու շատ լավ գիտես, որ քո փոքրիկ աշխարհիկը ևս կուսական ու մաքուր չէ: Քանզի կեղտաջրում չի կարող մաքուր կաթիլ լինել:
Նողկալի է, որովհետև դու հանուն քո փոքրիկ աշխարհիկի ամեն րոպե պղծում ես մեծ աշխարհը: Եվ, որպես պղծության գործիք, հաճախ հենց քո փոքրիկ աշխարհիկն ես գործածում:

Հիմա դու մեր ամենամեծ և ամենավտանգավոր հակառակորդն ես:
Կոչված լինելով որպես հայության ազգային-քաղաքական մտքի և կամքի դարբին ու ջահակիր, դու ենիչերի-վերակացու ես դարձել մեր երկիրը զավթած, մեզ ցեղասպանող ու հայրենազրկող գաղութարարի և նրան ծառայող հայաստանյան վարչակազմի ձեռքին: Դու ոչ միայն չես առաջնորդում փրկարար ընդվզումը, այլև գաղափարապես ու բարոյապես կազմալուծում ես դրա ամեն մի դրսևորումը: Ավելին՝ քարկոծում և վատաբանում ես ընդվզումը և ընդվզողներին: Կամ, լռում ես ու չտեսնելու տալիս: Երբեմն, երբ խիղճդ շատ է տանջում, կիսատ-պռատ մի խոսք ես ասում կամ մի քայլ ես անում, ինչից հետո, պարտքդ կատարած համարելով, նորից ենթարկվում ես հրեշի հետ կնքած պայմանագրին և փակվում քո փոքրիկ աշխարհում:

Մի՛ վիրավորվիր, բայց մարդն այդպես չի վարվում: Առավել ևս՝ մտավորականը:
Այդպես վարվում է անասունը, որն իր ձագի մորթվելը տեսնելուց կարճ ժամանակ անց շուռ է գալիս և շարունակում անվրդով կերպով արածել:
Իմացած եղի՛ր, որ քեզ սարսափի մատնած հրեշն իրականում ի՛նքն է սարսափում քեզանից:
Բա՛ց արա աչքերդ, նայի՛ր աշխարհին և ազատ կամքով ստանձնի՛ր քո առաքելությունը:
Այսօր քո առաքելությունն է՝ ժողովրդին տոգորել Հայրենիքի և մարդու ու քաղաքացու իրավունքի գիտակցությամբ, համախմբել նրան և առաջնորդել դեպի ներքին Սարդարապատի մարտադաշտ, որ նաև արտաքին է: Դու՛ պետք է խփես Սարդարապատի զանգերը և, պատանք հագած՝ քեզ հետ տանես մնացածին:
Իսկ եթե հրաժարվում ես քո առաքելությունից, ես՝ որպես հայ և քաղաքացի, քո հասարակական-բարոյական մա՛հն եմ ուզում:

Որպեսզի հայությունն ու հասարակությունը զատեն քեզ իրենցից, ազատագրվեն քեզանից և ընդվզմամբ վաստակեն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունք:
Ժամն է ընտրության և ժամանակը սուղ է:

Վարուժան Ավետիսյան
«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ

«Արմավիր» ՔԿՀ

Դիտվել է՝