Սկզբունքային հողատուներն ու պատեհապաշտ հողատուները

levon serj

ԳԱԼԱ-ի հարցազրույցն Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

-Պարոն Մելիքյան, ԵԱՀԿ դիտորդների հերթական այցն է գրանցվել տարածաշրջան, հայտարարել են ընդհատված բանակցությունների վերսկսման մասին, և այս անգամ ԵԱՀԿ ՄԽ-ն այցելել է ազատագրված տարածքներ: Արդյոք ինչի՞ մասին է խոսում այս այցը:

-Եթե չեմ սխալվում, հենց նրանց կողմից Արցախ այցելելու օրը թշնամու գնդակից սպանվեց պաշտպանության բանակի զինծառայող. Մադրիդյան սկզբունքների զոհասեղանին արդեն որերորդ անգամ մարեց հայ երիտասարդի կյանք: Հայկական կողմերին փորձելու են պարտադրել գնալ միակողմանի զիջումների այնքան ժամանակ, քանի դեռ գործող իշխանությունները կշարունակեն մնալ ստեղծված իրավիճակի պատանդը, իսկ հայրենի հողատուներն էլ խաղաղության կեղծ քարոզով կշարունակեն պղտորել ժողովրդի միտքը: Նրանց քարոզած կապիտուլյացիան արժանապատիվ և իրական խաղաղության հետ ոչ մի կապ չունի:

-Պարոն Մելիքյան, Արցախի հարցը հատկապես երկու քաղաքական ուժ փորձեց այս ընտրություններում դարձնել առավել թիրախային. խոսքը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի և ՀՀԿ-ի մասին է: Պարզ դարձավ անգամ, որ այս հարցում հեռավոր կոալիցիա կա այս ուժերի միջև, կա համաձայնություն: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Արդյոք ո՞ւր կարող է տանել այս պայմանավորվածությունը:

Արման Մելիքյան

Արման Մելիքյան

– Այս երկու քաղաքական ուժերին կարելի է դասակարգել որպես, համապատասխանաբար, սկզբունքային հողատուներ և պատեհապաշտ հողատուներ: Սկզբունքային հողատուներն իրոք համոզված են, որ Հայաստանի փրկությունը հող հանձնելու միջոցով խաղաղություն հաստատելու մեջ է և ժամանակին իրենց սկզբունքայնությունն այս հարցում ապացուցեցին նաև իշխանությունից հրաժարվելով: Պատեհապաշտ հողատուներն էլ իշխանության եկան հող չհանձնելու դրոշը ձեռքներն առած, սակայն շատ չանցած մտքափոխվեցին ու գերադասեցին հողատու դառնալու գնով իշխանությունը պահելու արտաքին երաշխիքներ ստանալ: Առաջինների համար անընդունելի է այն միտքն անգամ, որ Հայաստանը կարող է տարածքների շուրջ առևտրի խնդիրը հանել մեջտեղից ու միանգամայն այլ խնդիրների շուրջ ձևավորել բանակցությունների նոր առանցք: Նրանք կոտրվել են ժամանակին և այսօր հողատվությունը գերագույն հայրենասիրություն են հռչակել, այնպես որ, դրանից հրաժարվելը նրանց համար հոգեբանորեն ինքնաոչնչացման հավասարազոր բան է, և մենք պետք է հասկանանք, թե սրա հետ կապված ինչպիսի վտանգների աղբյուր կարող են նրանք դառնալ: Պատեհապաշտների խնդիրն ավելի պարզ է. նրանք հիմնականում բազմիցս գունափոխված, գերազանցապես անսկզբունք մարդիկ են, ովքեր մշտապես տեղ են փնտրում ուժեղի կողքին՝ ուստի հող տալ-չտալու հարցն իրենց համար ոչ թե առաջինների պես կյանքի-մահու խնդիր է, այլ զուտ բարիքներ շռայլող իշխանությանն անձնապես մերձ լինելու հարց, և նրանց դիրքորոշումն ու գործելակերպը կախված կլինի իրենց գլխին կարգված գերագույն պետի կամքից: Հող տալու հարցում այդ ուժերի առերևույթ և ժամանակավոր միավորումը կեղծ ընկալված սկզբունքայնության և անափ անսկզբունքայնության դաշինք է, որին ներկայումս ընտրապայքարի մեջ մտած Հայաստանի այլ քաղաքական ուժերն այս պահին հակադրելու իրապես ոչինչ չունեն հատկապես այն պատճառով, որ իրենց առջև այդպիսի նպատակ լրջորեն չեն էլ դնում:

-Պարոն Մելիքյան, Ս. Սարգսյանն իր քարոզարշավը սկսեց 20-րդ օրը՝ Արցախից, երբ ելույթ ունեցավ զինծառայողների և նրանց հարազատների մոտ դիրքերում: Ի՞նչ մեսիջներ էր պարունակում Սարգսյանի ելույթը կամ քարոզը:

-Հայաստանի ղեկավարի գործառույթները ստանձնած անձն, իմ համոզմամբ, պետք է զբաղվի ոչ թե նախընտրական քարոզչությամբ, այլ մեր Հայրենիքի տարածքային ամբողջականության, անվտանգության և զարգացման երաշխիքների ամրապնդմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն իրականացնելով:

-Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ առաջին նախագահը. Լ. Տեր-Պետրոսյանինը պարզապես համառությո՞ւն է՝ ապացուցելու իր վաղեմի «ճիշտը», թե՞ հեռավոր պայմանավորվածություն գործող իշխանությունների հետ՝ Ս. Սարգսյանի հետագա գործողությունները լեգիտիմացնելու փորձ:

-Հավանաբար Ձեր նշած երկու վարկածն էլ կյանքի իրավունք ունեն, բայց կարծում եմ, որ լինելով նաև բավականին հաշվենկատ քաղաքական գործիչ՝ պարոն Տեր-Պետրոսյանն այդպիսով փորձում է ՀՀ ԱԺ- ում ապահովել իր առաջնորդած դաշինքի ներկայությունը. հողատվական ակտիվ հռետորաբանությունը կարող է ՀՀ գործող իշխանությունների կողմից օգտագործվել որպես իրենց ապագա ցանկացած գործողության լեգիտիմացում-ինդուլգենցիա, ուստի Կոնգրես-ՀԺԿ դաշինքը քվեների հաշվման ժամանակ կարող է որոշ փոքրիկ նվերների արժանանալ:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: Արցախի իշխանությունները կո՞ղմ են, թե՞ կընդդիմանան Արցախի հակամարտության լուծման տերպետրոսյանական-սարգսյանական սցենարին:

-Արցախի ներկայիս իշխանությունները սեփական քաղաքական պոտենցիալն այս պահին, ցավոք, չունեն, բայց Արցախի ժողովուրդը կարող է և ընդվզել. դրա համար այնտեղ դեռ կան բավարար քանակությամբ սկզբունքային քաղաքացիներ, ու, թերևս, զենքի պակաս էլ չկա: Այդուհանդերձ, առկա սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ քաղաքական ու դիվանագիտական ներուժն էլ դեռևս լիովին սպառված չէ:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Դիտվել է՝