«Բնական է, որ ամենաշատ մեղավորը, ում պետք է փնտրեն ու հայհոյեն, իշխանությունն է»

feliqs colakyan

ՀՀԿ ցուցակով Շիրակի մարզից վարկանիշային ընտրակարգով առաջադրված Ֆելիքս Ցոլակյանն ամփոփում է քարոզարշավի անցած օրերը: Հասցրել է շրջել Շիրակի մարզի բազմաթիվ համայնքներում:

Հայցում է բոլոր այն համայնքների բնակիչների ներողամտությունը, որտեղ չի հասցրել լինել:

Նշում է, թե բնակիչների հետ հանդիպումների արդյունքում արձանագրել են՝ խնդիրների փունջը շատ մեծ է: Այս ընթացքում փորձել են դասակարգել, գրի առնել՝ առաջնահերթության կարգով դրանց լուծման ելքեր գտնելու համար: Իսկ խնդիրները շատ տարբեր են՝ ջրի, գազի, մշակույթի տան, մանկապարտեզի, քանդված դպրոցի, վարկային բեռի, գործազրկության եւ այլն…

Գործադիր իշխանության կազմում գտնվող պաշտոնյայի հնարավորությունները սահմանափակ են, կարծում է Ցոլակյանը, այդ իսկ պատճառով որոշել է առաջադրել իր թեկնածությունը:

«Գործադիր իշխանության մեջ աշխատող մարդուն կարող են ասել՝ սա քո բնագավառը չէ, սա քո զբաղվելու գործը չէ, գործադիրում աշխատող ամեն մեկն ունի իր գործառույթները: Գործադիրում աշխատող մարդը մի քիչ անպաշտպան է: Միշտ ես սա ասել եմ եւ կարող եմ կրկնել: Նա կախված է իրենից վերեւում գտնվող մյուս պաշտոնյաներից»:

Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն պետք է խոսի արված գործերի մասին, խնդիրների փնջի մասին խոսելիս ընդգծի, թե ինչու է փունջը նվազելու փոխարեն ավելի ու ավելի մեծացել: Անդրադառնալով այս հարցին՝ Ցոլակյանը նշում է.

«Ես կողմ եմ նրան, որ ասվի՝ այստեղ սխալ կա եւ այս սխալի մեղավորը նա է: Իշխանություն ասելիս միշտ մենք հասկանում ենք մեկ մարդ: Չէ, այսպես չէ: Իշխանությունը բազմաշերտ է: Բոլոր օղակների հետ հարկավոր է աշխատել, եւ այդ բոլոր օղակները հավասարաչափ պատասխան են տալիս: Չի կարելի անընդհատ շեշտադրումն անել մի տեղ ու կանգնել: Բնական է, որ ամենաշատ մեղավորը, ում պետք է փնտրեն, իշխանությունն է, ամենախոցելի տեղը ո՞րն է՝ իշխանությունը: Իշխանության համար ո՞վ է պատասխանատու՝ Հանրապետական կուսակցությունը: Բնական է, պետք է ասեն, հայհոյեն…»,- նշում է Շիրակի նախկին մարզպետը:

Իր թեկնածությունն առաջադրելիս հաշվարկել է վտանգը, որ իշխանություններին ուղղված քննադատության թիրախում է հայտնվելու, թեեւ նշում է, որ վիրավորական է իր համար:

«Գիտեք, վիրավորական է, երբ որ դու գնում ես հանդիպման, դու մեղք չես գործել, ոչ մի բան չես արել, բայց հանկարծ դու ես դառնում թիրախ: Ասում ես՝ լավ, ես չեմ արել էդ բանը, ընդհակառակը, ես լավ բան եմ արել»:

Ֆելիքս Ցոլակյանը չի պատասխանում հարցին, թե ՀՀԿ-ն իրեն ավելի շատ օգնե՞լ է, թե՞ խանգարել:

Դիտվել է՝