Փող բաժանողների գաղափարական մուտացիան. կարեւորը մասնակցությունն է

kasharq

Խորհրդարանական ընտրություններին մնում է երկու օր: Հատկապես վերջին մի քանի օրերին ավելի ինտենսիվ են դարձել ընտրակաշառքի մասին ահազանգերը:

Ամեն օր ՀՀ տարբեր քաղաքացիներ նոր տեղեկություններ են հաղորդում ընտրակաշառքի բաժանման, փող բաժանող պատգամավորության թեկնածուների, քաղաքացիներին առաջարկվող պահանջների, բաժանվող դրամի չափի մասին:

Այս ամենն այլեւս գաղտնիք չէ եւ նաեւ նորություն էլ չէ: Ամեն անգամ ընտրական գործընթացներից առաջ գրեթե նույն այս պատկերն է՝ որոշակի տարբերություններով:

Գինը բարձրացավ

Սա բնական երեւույթ է. ինչպես ցանկացած ապրանքի դեպքում, այս դեպքում էլ գին թելադրողը շուկան է, առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության արդյունքում է մեկ ձայնի արժեքը բարձրացել: Տվյալ դեպքում փողատեր թեկնածուների թիվը մեծ է, զուգահեռ մեծ է ժողովրդի մոտ ընտրությունների նկատմամբ հիասթափությունը եւ ընտրությունները բոյկոտելու ցանկությունը, հատկապես երբ ընտրությունների օր է նշանակված ապրիլի 2-ը՝ քառօրյա պատերազմի առաջին օրը:

Սրա արդյունքում կոնկրետ Գյումրիում ընտրակաշառքի գինը բարձրացավ՝ նախկին 5000 դրամի փոխարեն կազմելով 10-15 հազար դրամ:

Փող սկսեցին բաժանել նախընտրական քարոզարշավի հենց սկզբում

Սովորաբար ընտրակաշառքի պատրաստությունները տեսնում էին շատ ավելի վաղ՝ անձնագրային տվյալների հավաքագրում, ստորագրություններ, հասցեներ, իսկ վերջին օրը՝ լռության օրը, հայտարարվում էր նաեւ «փողի» կամ «նվերների օր»:

Որոշ դեպքերում փող բաժանում էին հենց ընտրության օրը: Այս անգամ որոշ գործիչներ գումարը սկսեցին բաժանել նախընտրական քարոզչության սկզբում:

Պատճառներից մեկը թերեւս այն էր, որ այս կերպ մրցակցում էին նաեւ «փողատու» թեկնածուները: Նրանցից ճարպիկները սկսեցին վաճառվողներին «գնել» օր առաջ, քան կհասցնեին դա անել մրցակից «գնորդները»:

Մյուսն այն է, որ փող վերցնողներն այս անգամ իրենց ծառայությունն են մատուցելու ոչ միայն իրենց ձայնը տալով տվյալ թեկնածուին, այլ ապահովելով նաեւ իրենց ներկայությունը թեկնածուի հանդիպումներին:

Դրամական «լավությունը» մասսայական է

Քարոզարշավի վերջին օրերին ընտրակաշառքի բաժանման մասին խոսակցությունները սկսեցին դառնալ մասսայական. կաշառք գրասենյակներում, բնակարաններում: Գյումրիում, օրինակ, խոսակցություններ կան, որ անգամ Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ ինքնաթիռում են փող բաժանել:

Կան ճարպիկ քաղաքացիներ, ովքեր արդեն մի քանի թեկնածուից են հասցրել փող փախցնել: Տեղեկություններ տարածվեցին, որ որոշ թեկնածուներ սկսեցին անձնագրերում նշումներ կատարել: Որոշ թեկնածուներ ցուցակագրումից հետո, այսպես ասած, «ավանս» են տվել՝ խոստանալով գումարի մի մասն էլ տալ ընտրություններից հետո ապացույց ներկայացնելուց հետո միայն:

Սակայն, այնուամենայնիվ, տպավորությունն այլ է, որ կարեւորն ինձ, քեզ, մյուսին ընտրելը չէ:

Կարեւորը մասնակցությունն է

Մի տեսակ նկատելի է, որ  գումար բաժանողներն աշխատում են մեկ նպատակի համար՝ չնայած տպավորությանը, որ ակտիվ մրցակցություն պետք է լիներ գումար բաժանող քաղաքական ուժերի, այնպես էլ նույն կուսակցության տարբեր թեկնածուների միջեւ:

Այս դեպքում կարեւորը գումարը քաղաքացուն հասցնելն է, սպառելն է, բաժանելն է, կարեւոր չէ՝ այդ մարդն ում կընտրի: Կարեւորն այն է, որ նա դուրս գա տնից, կարեւորն այն է, որ նա գնա ընտրատեղամաս եւ ապահովի ակտիվ մասնակցություն:

ՀՀԿ-ն վստահում է Մուկուչյանին

Ակտիվ մասնակցությունը խիստ կարեւոր է, հատկապես համընդհանուր բոյկոտային տրամադրությունների ֆոնին: Եթե ապահովվի ակտիվ մասնակցություն, իշխանությունը կկարողանա ապահովել հաղթանակ: ՀՀԿ-ն վստահում է Մուկուչյանի արհեստավարժությանը, ՀՀԿ-ն ակնկալում է 50+1, եւ ապրիլի 3-ից կտրվի Կարեն Կարապետյանի «փոփոխությունների» մեկնարկը:

Ս. Սարգսյանը գիտի իր հաճախորդներին

Բացի Մուկուչյանից ՀՀԿ-ն վստահում է նաեւ վաղեմի կոալիցիոն գործընկերներին: Ի վերջո, այնքան էլ կարեւոր չէ, թե ընտրողը նրանցից ում կտա իր ձայնը, կարեւորն այն է, որ կհաղթի Ս. Սարգսյանի իշխանությունը:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝