Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի պարտվողական հայտարարություններն իրական վտանգ են ներկայացնում Արցախի ժողովրդի և անվտանգության համար

timthumb (4)

ԳԱԼԱ-ի հարցազրույցն Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

-Պարոն Խանումյան, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հերթական այցն էր տարածաշրջան: Այս անգամ այցելեցին նաև ազատագրված տարածքներ: Մինսկի խմբի համանախագահները նաև հայտարարություն հնչեցրին, որ ղարաբաղյան ընդհատված բանակցությունները վերսկսելու են: Ի՞նչ եք կարծում, հայտարարությունը գործնականում կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ:

-Ես համոզված չեմ, որ Ադրբեջանը կհամաձայնվի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին: Ավելին, ես գտնում եմ, որ նույնիսկ Ադրբեջանի համաձայնելը դրանց էական ոչինչ չի փոխի հակամարտության լուծման գործում: Հետևաբար համանախագահների տարածաշրջանային այցին մեծ նշանակություն չեմ տալիս, առավելագույնն այն կարող է ավարտվել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև անպտուղ հանդիպմամբ:

-Պարոն Խանումյան, ստացվեց այնպես, որ Արցախի հիմնահարցն, անվտանգության թեման հայաստանյան քաղաքական ընտրություններում որոշ կուսակցություններ չափից ավելի կարևորեցին և թիրախավորեցին: Տեր-Պետրոսյանը քանիցս ակնարկեց, որ միայն Կոնգրեսն ու ՀՀԿ-ն ունեն այս հարցի լուծման վերաբերյալ ճշգրիտ պատկերացումներ: Իսկ Ս. Սարգսյանը կարծես թե ակտիվ քարոզարշավի մեջ մտավ Արցախից՝ հենց դիրքերից խոսելով զինծառայողների ու հարազատների առաջ, նրանց հորդորելով, որ ինքն անփոխարինելի է Արցախի անվտանգության հարցում: Ի՞նչ գնահատական կտաք Դուք այս ամենին որպես Արցախի Ազգային ժողովի պատգամավոր:

-Ես ղեկավարում եմ Արցախի ԱԺ-ի «Վերածնունդ» խմբակցությունը: Կարող եմ ներկայացնել մեր կուսակցության մոտեցումներն արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ, դրանք են՝

1.Արցախի ժողովուրդն արդեն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը, և բոլորիս նպատակը պետք է լինի այդ իրականացված ակտի միջազգային ճանաչումը:

2.Արցախի տարածքների ավելացումը հետևանք է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի: Ագրեսորին պատժելու եղանակներից մեկը նրան տարածքներից զրկելն է, ինչն էլ մենք արել ենք 1991-94թթ. պատերազմի ժամանակ: Արցախի ներկայիս տարածքը սակարկման ենթակա չէ, այն Արցախի, Արցախի ժողովրդի և համայն հայության անվտանգության կարևորագույն գրավականն է:

3.Որևէ միջազգային կամ օտարերկրյա ռազմական ուժ չի կարող հանդես գալ որպես Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիք: Անվտանգության իրական երաշխիք կարող է լինել միայն Արցախի պաշտպանության բանակը՝ ՀՀ զինված ուժերի հետ իր հարաբերությունների ամբողջությամբ:

4.Միջազգային հանրության որևէ խոստում կամ գրավոր երաշխիք չի կարող խաղաղության ապահովման գործիք լինել: Այսօրվա դրությամբ խաղաղությունը հնարավոր է միայն հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռության շնորհիվ:

5.Հանուն խաղաղության կամ կարգավիճակի տարածքային և այլ զիջումները բերելու են ավելի լայնածավալ պատերազմի և ավելի շատ զոհերի:

արոն Խանումյան, Ս. Սարգսյանի ելույթն Արցախում ի՞նչ մեսիջներ էր պարունակում: Նա փորձում էր հանրության մոտ ապացուցել իր «անփոխարինելի» լինելու մասին: Այնուհետ արդարանում էր, որ միայն ուժեղ առաջնորդը կարող է «կանգ առ» հրամանը տալ: Հորդորում էր ընտրել ուժ, ով կապահովի երկրի անվտանգությունը:

-Նախընտրական շրջանի ելույթ էր՝ ամբողջովին նախընտրական տրամաբանությամբ: Հետևապես չէի ցանկանա այն մեկնաբանել:

Չէի ցանկանա ընդհանրապես լայնորեն անդրադառնալ Հայաստանում ընտրական գործընթացին, պետք է միայն նշեմ, որ հանրությանը պատերազմով և նոր զոհերով ահաբեկելն անթույլատրելի է, մանավանդ, որ այդ վարքագիծը որդեգրած ուժերի՝ հակամարտության կարգավորման առաջարկների իրականացումը կբերի լայնածավալ պատերազմի և նոր զոհերի:

-Տեր-Պետրոսյան և Ս. Սարգսյան այսօրվա նախընտրական «դաշնակցությունն» այսօր արդյոք միտված է Արցախի հարցի լուծմանը՝ տարածքների զիջման գնով: Հետաքրքիր է այս հարցում Արցախի ժողովրդի դիրքորոշումը:

-Գիտեք, Արցախի քաղաքական ուժերը փորձել են չեզոքություն պահպանել ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ, բայց ակնհայտ է, որ որոշ ուժեր դա չարաշահում են: Այն, ինչ ասում է Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր դաշինքի գործիչները, ինչպես նաև Սերժ Սարգսյանի և իր որոշ կուսակիցների պարտվողական հայտարարություններն իրական վտանգ են ներկայացնում Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության անվտանգության համար: Դրանք դավաճանական մոտեցումներ են:

-Պարոն Խանումյան, ապրիլյան ընտրություններից հետո հավանական համարո՞ւմ եք Արցախի հիմնահարցի լուծում՝ Ս. Սարգսյանի կողմից տերպետրոսյանական բանաձևով: Սա հավանակա՞ն տարբերակ է, ի՞նչ եք կարծում: Արցախի իշխանություններն ի՞նչ դիրքորոշում կորդեգրեն այս հարցում՝ դարձյալ պարտվողակա՞ն, թե՞ կփորձեն թելադրել Արցախի և հայ ժողովրդի իրական կամքը:

-Ընտրություններից հետո հարցի լուծում որևէ սցենարով ես անհավանական եմ համարում: Հակամարտող կողմերը զբաղված են սեփական ռազմական ներուժը բարձրացնելով: Ռազմական հավասարակշռության անընդհատ պահպանումը կբերի հարցի լուծման սառեցման: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ ընթացքում Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ իրական և արդյունավետ աշխատանքը:

-Տեր-Պետրոսյանի այս ակտիվությունն Արցախի հիմնահարցի լուծման շուրջ ի՞նչ նպատակ է հետապնդում. դա պարզապես համառությո՞ւն է, որով ՀՀ առաջին նախագահը փորձում է ապացուցել իր «ճիշտը», Արցախի հարցում հեռավոր «կոալիցիա՞ է ՀՀԿ-ի հետ», թե՞ ինչ:

-Կարծում եմ հանրությանը պատերազմով և զոհերով ահաբեկելու հնարք է՝ որոշակի ընտրազանգվածի ձայները ստանալու նպատակով:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝