ՀՀԿ-ն գտավ զոհին, ՀՀԿ-ն միշտ ճիշտ է

107340

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն այսօր արդեն հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնք աշխատել են դպրոցների տնօրենների ու մանկավարժների վարիչների հետ ընտրող քաղաքացիների անձնական տվյալները և ցանկը ՀՀԿ-ին փոխանցելու գործում:

Հիշեցնենք, որ հրապարակվել էր 114 ձայնագրություն, որտեղ տեղեկություններ էին հաղորդում դպրոցների տնօրեններն ու մանկապարտեզների վարիչները: Նրանք պատմում էին ցուցակագրման աշխատանքների մասին: ՀԿ-ն հիմա արդեն հրապարակել է անուններ՝ մարզպետարանների, թաղապետարանների, քաղաքապետարանների, ՀՀԿ շտաբների աշխատակիցների անուններ, ովքեր ակտիվ կապի մեջ են եղել Հանրապետական կուսակցության ընտրողների ցուցակները հավաքող տնօրենների հետ:

Բոլորին է պարզ, որ գործ ունենք բացահայտ հանցագործ բուրգի հետ, որի ամենավերևում գտնվում է ՀՀԿ ղեկավարությունը, ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանը:

Հանցագործ բուրգն աշխատել է  հետևյալ տրամաբանությամբ՝ հրահանգ ՀՀԿ շտաբներին, շտաբներից հրահանգ մարզպետարաններին ու քաղաքապետարաններին, սրանք իրենց հերթին հրահանգ են իջեցրել վարչությունների աշխատակիցներին, վարչությունները՝ տնօրեններին, տնօրենները՝ մանկավարժներին:

Այսինքն, ՀՀԿ ցուցակների ճշգրտման գործն արել են մանկավարժները: Նրանք զանգահարել են աշակերտների ծնողներին ու հավաքել են անձնական տվյալներ, կորզել են անձնագրային տվյալներ, փոխանցել վերև: Տնօրեններն իրենց հերթին են վերև փոխանցել վարչություններ, վարչությունները՝ մարզպետարաններ, և այսպես մինչև ՀՀԿ կենտրոնական գրասենյակ:

Այսքանից հետո ՀՀԿ ամենակենտրոնական դեմքերից մեկը՝ Արմեն Աշոտյանը, երեկ հայտարարեց, թե ավելի շուտ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» կզրկեն դիտորդությունից, քան ՀՀԿ-ին ընտրություններին մասնակցելուց: Զուգահեռ Աշոտյանը սպառնաց՝ ՀԿ-ն կարող է  ենթարկվել պատասխանատվության:

Աշոտյանը ճիշտ էր

Աշոտյանը միշտ ճիշտ է, քանի դեռ նույն կենտրոնից են ղեկավարվում ինչպես մանկավարժներն ու տնօրենները, այնպես էլ դատախազությունը, ոստիկանությունը, ԿԸՀ-ն:

ՀՀ դատախազությունն առերևույթ հանցագործություն պարունակող այս գործը սկսեց տարանջատել և ուսումնասիրել ձայնագրություններն առանձին–առանձին:

Այն, որ աղմկոտ այս բացահայտումն էլ իրավապահները համարելու էին չբացահայտված, որևէ մեկի մոտ կասկած չկար: Բայց որ ինչ-որ մեկին կամ մի քանիսին զոհելու էին, սա արդեն ՀՀԿ-ի փորձված ձեռագիրն է:

Պարզ դարձավ, որ 114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն 1-ն  է, որ  պարունակում  է առերևույթ հանցագործության հատկանիշներ:

Խոսքը վերաբերում է Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի ձայնագրությանը: ՀՀ դատախազության մամլո ծառայությունից տեղեկացրին, որ քրեական գործ առայժմ հարուցված չէ:

ԿԸՀ-ն ևս արդարացրեց ՀՀԿ-ի համար ձայն հավաքած տնօրեններին

Ձայնագրությունների հրապարակման հենց առաջին օրը Տիգրան Մուկուչյանն անձամբ էր զանգահարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավարին ու խնդրել նրանից ձայնագրությունները: Ավելի ուշ հայտարարեցին, որ ուսումնասիրում են դրանք:

Իսկ երեկ ԿԸՀ–ն արտահերթ նիստում նորմալ համարեց տնօրենների մասնակցությունը ցուցակների հավաքագրման գործընթացին և որոշում կայացրեց մերժել ՀՀԿ-ի գրանցումը չեղարկելու պահանջը:

ԿԸՀ-ն ևս գտել է, որ առերևույթ խախտում կա Գյումրու թիվ 37 դրպոցի տնօրենի ձայնագրությունում: Այդ ձայնագրությունը ԿԸՀ-ի կողմից ևս ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Զոհը՝ Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենը

ԿԸՀ-ն և դատախազությունը 114 ձայնագրություններից առանձնացրեց մեկը՝ Գյումրու թիվ 37 դպրոցի գործը: Ինչո՞վ էր այդ ձայնագրությունը տարբերվում մյուս 113-ից:

Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի ամուսինը՝ Արտակ Ավետիսյանը, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է: Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ընդգրկում է Շիրակի մարզի ընտրատեղամասերի մեծ մասը՝ շուրջ 52 ընտրատեղամաս:

Հրապարակվել է երկու ձայնագրություն այս դպրոցից, երկրորդում հենց սկզբում խոսողը ներկայանում է տնօրենի անունից ու պատմում, որ ունի ցուցակներ, որով զբաղվում է իր ամուսնու հետ միասին, ընդհանուր ցուցակում կա մոտ 1700 հոգի, որոնց հետ ամսից ավելի է խոսում են և ամենավերջին ձևով վախեցնում են, որ ընտրեն ՀՀԿ-ին: Խոսողը նաև ասում է, որ այս ամենի գլխին հենց ամուսինն է կանգնած, ով, հիշեցնենք, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է:

Խոսող ձայնը հայտարարում է, որ գործը մենակ չի արել, ամուսինը ոլորտի մեջ է, ավելին, ամուսինն է գլխավորել «ՀՀԿ ցուցակագրում» օպերացիան: Աշխատում են մեկ ամիս՝ ամենավերջին ձևով վախեցնելով:

Ինչո՞վ են տարբերվում Աստղիկ Ավետիսյանն ու իր ամուսինը: Վստահաբար մեկ բանով. նրանք առավել անզգույշ են աշխատել, ոչ պրոֆեսիոնալ: Գոնե ձայնագրությունում դա այդպես է, անզգուշորեն ու անկեղծ տիկինը խոստովանում է և՛ ամուսնու մասնակցության մասին, և ժողովրդին վախեցնելու մասին: Նույն կերպ աշխատում են բոլորը, մի տարբերությամբ՝ Աստղիկ Ավետիսյանն  ու  ամուսինը չափազանց ոչ պրոֆեսիոնալ էին, չափազանց անզգույշ:

Իսկ ՀՀԿ-ն պատժում է  բոլոր նրանց, ովքեր հանձնարարությունները չեն կատարում մինչև վերջ ու չեն կատարում պրոֆեսիոնալ կերպով:

Վստահաբար կհարուցեն քրեական գործ, հնարավոր է Արտակ Ավետիսյանին նաև հեռացնեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ինչ-որ մեկին գոնե օրինակի համար պատժելու են: Բոլոր ժամանակներում եղել են այդպիսիք: Այս անգամ զոհը կլինեն թիվ 37 դպրոցի տնօրենն ու իր ամուսինը:

Կզրկե՞ն «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» դիտորդական առաքելությունից

Չի բացառվում նաև, որ այդպես լինի: Չի բացառվում նաև, որ Դ. Իոաննիսյանին ստիպեն, որ մի բան էլ ներողություն խնդրի ընտրակեղծարար տնօրեններից: Չի բացառվում անգամ, որ զրկեն կազմակերպությանը դիտորդական առաքելությունից: Ոչինչ չի բացառվում, քանի մենք ապրում ենք մեկ կենտրոնից ղեկավարվող Հայաստանի Հանրապետությունում:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝