Ինչո՞ւ են Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը շահարկում Արցախի պատերազմը

levonnn

Երբ խորհրդարանական ընտրությունները որոշ կուսակցությունների ու իրավաբանների պնդմամբ ՀՀ Սահմանադրության ու օրենքների խախտումով նշանակվեց ապրիլի 2-ին, շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչու իշխանությունը որոշեց կանգ առնել հենց այդ օրվա վրա: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 2-ին, բռնկվեց քառօրյա պատերազմը, որի հետևանքով մենք 100-ից ավելի զոհեր ու տարածքային կորուստներ ունեցանք: Այդ ամսաթիվն ինքնին այլևս ասոցացվում է պատերազմի հետ, այն հիշեցում է արցախյան չլուծված հակամարտության մասին:

Թվում է, թե սկզբունքային որևէ խնդիր չկար ընտրությունների օրն ապրիլի 2-ից տեղափոխելու մեկ այլ օր, սակայն տարօրինակ համառություն դրսևորեցին: Տպավորություն է, որ Հանրապետական կուսակցության համար խիստ կարևոր էր, որ խորհրդարանական ընտրությունների օրն ասոցացվեր պատերազմի և պատերազմից բխող վախերի հետ: ՀՀԿ-ի կարգախոսը ևս ուղղակի հուշում է պատերազմի վտանգների մասին՝ «Անվտանգություն և առաջընթաց»:

Ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը հանկարծ որոշեց հիշեցնել պատերազմն այն դեպքում, երբ 800 հեկտար տարածք հայկական ուժերի վերահսկողությունից անցավ Ադրբեջանին, և բազմաթիվ հարցադրումներ հնչեցին վատ կառավարման հետ կապված:

Պատասխանը կարելի է գտնել մարտի 25-ին Արցախում ունեցած Սերժ Սարգսյանի ելույթի մեջ, որտեղ նա մասնավորապես հայտարարեց.

«Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում։ Ընտրում ենք, թե ում հրամանատարության ներքո են այս տղաներն ավարտելու իրենց ծառայությունը, հաջորդները ծառայելու, ովքեր են պաշտպանելու մեր մանուկների անհոգ ուսման իրավունքն ու մեր մեծերի մայրամուտը։ Հասկանո՞ւմ ենք արդյոք մենք սա, թե՞ ոչ, բայց քվեատուփին մոտենալիս ուղղակի պարտավոր ենք հասկանալ»:

Փաստորեն նախընտրական քաղաքական դիսկուրսի մեջ նա հիմնական թեման համարում է անվտանգության խնդիրը՝ ըստ այդմ կարևորելով գերագույն գլխավոր հրամանատարի ընտրության խնդիրը: Նախընտրական տրամադրություններում անվտանգության բաղադրիչի կարևորությունն ընդգծելու համար Սերժ Սարգսյանն օրինակ է բերում Հայաստանին Սիրիայի պատերազմի աշխարհագրական մոտիկությունը և ցեղասպանության վտանգի մասին խոսելով՝ էմոցիոնալ մակարդակում խաղում է հասարակության վախերի հետ. «Անցած ապրիլին մենք մի բռունցք դարձանք ու հետ շպրտեցինք բանականությունը կորցրած հարևանի լայնամասշտաբ հարձակումը. մենք կանխեցինք ապագայում նահատակներ սրբացնելու հեռանկարը։ Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին, մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը, դրանից, միևնույն է, վտանգը չի նվազելու»,- հայտարարում է Սերժ Սարգսյանը՝ այնուհետև տրամաբանական եզրահանգում անելով, որ «մեր անվտանգությանն ուժեղ առաջնորդություն է պետք»։

Անվտանգության համակարգի միակ բաղադրիչը ռազմականը չէ

Թե ինչքանով է Սերժ Սարգսյանն ուժեղ առաջնորդ, կարծում եմ, դժվար չէ պատասխանել: Անվտանգության համակարգը բաղկացած չէ միայն ռազմական բաղադրիչից. այն ունի մեկ այլ կարևորագույն բաղադրիչ, որից բխում է ռազմական կարողությունների մակարդակը. խոսքը տնտեսական բաղադրիչի մասին է: Իսկ այստեղ Սերժ Սարգսյանը խոսելու բան չունի, քանի որ պաշտոնական վիճակագրությունն իրենց համար շատ տհաճ թվեր է ներկայացնում: Այդ թվերը ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը հիմնովին քայքայել է երկրի անվտանգության համակարգի կարևորագույն՝ տնտեսական բաղադրիչը:

Ուստի առաջնային խնդիր է դարձել անընդհատ հիշատակել ու քննարկման թեմա դարձնել ռազմական առաջնորդի, այն է՝ գերագույն գլխավոր հրամանատարի հարցը:

Ինչքան էլ տարօրինակ հնչի, այս առումով Սերժ Սարգսյանն, իր բոլոր տապալումներով հանդերձ, պատերազմի ժամանակ որպես գերագույն գլխավոր հրամանատար հանրության մի մասի կողմից ընկալելի է: Ոչ թե նրան կընտրեն կամ ցանկանում են Սերժ Սարգսյանին տեսնել այդ պաշտոնում, այլ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների ցանկում նա ընկալելի է՝ համեմատած մյուսների հետ: Նույնիսկ իշխանության ներսում որպես գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մրցակիցներ չունի, վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկվածներից և ոչ մեկը հանրության կողմից ընկալելի չէ այդ պաշտոնի համար: Քաղաքական դաշտում նրա հետ կարող են մրցակցել Սեյրան Օհանյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՕՐՕ դաշինքի նկատմամբ ընդգծված հետապնդումները բացատրվում են ոչ թե նրանով, որ այդ դաշինքը ծանրակշիռ հանրային աջակցություն ունի ու կարող է իշխանափոխության հայտ ներկայացնել, այլ նրանով, որ Սեյրան Օհանյանը կարող է ընկալվել որպես գերագույն գլխավոր հրամանատար թե՛ հանրության, թե՛ զինվորական էլիտայի և թե՛ իշխանական էլիտայի կողմից: Հնարավոր կրիտիկական իրավիճակներում այդպես ընկալվող գործիչներին անհրաժեշտ է մեկուսացնել, կազմաքանդել նրանց քաղաքական հենարանը և նվազեցնել հանրային աջակցության մակարդակը:

Ինչ վերաբերում է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա դատելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քարոզչության բովանդակությունից ու հռետորաբանությունից՝ կարելի է նկատել, որ նրանք ինքնակամ իրենց ուսերի վրա են վերցրել արցախյան հակամարտության և պատերազմի թեման քաղաքական դիսկուրսի առաջնային թեմա դարձնելու ծանր բեռը:

Նրանց կարգախոսը դարձավ «Խաղաղություն, հաշտություն ու բարիդրացիություն»: Ինչո՞ւ հանկարծ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց Ադրբեջանի հետ խաղաղության ու անվտանգության թեման դարձնել նախընտրական շրջանի Կոնգրեսի քարոզչության գլխավոր ու միակ թեման՝ անտեսելով սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրները: Ավելին, այդ խնդիրների առկայությունը նա սկսեց բացատրել պատերազմական իրավիճակով: Մարտի 28-ին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում առաջին նախագահը բառացի հայտարարեց. «Այո՛, կոռուպցիայի, ալան-թալանի գլխավոր պատճառը ղարաբաղյան պատերազմն է»:

Իսկ ՀՀԿ փոխնախագահ, հանրապետականների քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը դրվատեց Լևոն Տեր-Պետրոսյանին անվտանգության թեման քաղաքական օրակարգում ակտիվացնելու համար: «Ես կտրականապես համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ, բայց Կոնգրեսը կատարեց կարևոր բան, վատ կատարեց՝ Արցախի խնդիրը փորձեց մտցնել նախընտրական դիսկուրսի մեջ: ՀԱԿ-ի դերակատարությունն այս տեսակետից ես շատ պոզիտիվ եմ համարում…»,- մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշեց Արմեն Աշոտյանը:

Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ զինվորների արյունը դեռ թարմ է, հայերի դեմ ադրբեջանական ֆաշիստական քարոզչության ֆոնին Ադրբեջանի հետ հաշտությունն ու բարիդրացիությունը, մեղմ ասած, չեն ընկալվում հասարակության լայն շերտերի կողմից: Ավելին, Կոնգրեսն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական տարբեր ուժերի, լրատվամիջոցների, փորձագետների ու հասարակական գործիչների սուր քննադատության թիրախում հայտնվեցին՝ էականորեն վնասելով Կոնգրեսի վարկանիշին:

Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թ. թեժ նախագահական ընտրությունների ընթացքում մերժել էր մասնակցել որևէ տաղավարային հարցազրույցի: Սակայն այս ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ տաղավարային հարցազրույցներ է տալիս «Հանրային» ու «Կենտրոն» հեռուստաընկերություններին: Հարցազրույցի թեման բացառապես մեկն է՝ Արցախի հիմնախնդիր, անվտանգություն, պատերա՞զմ, թե՞ խաղաղություն:

Տարօրինակ զուգադիպությամբ նախընտրական օրակարգ ձևավորելու Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները համընկնում են:

Սոցիալ-տնտեսական խնդիրներից հանրության ուշադրության շեղումը, ավելին, «կոռուպցիայի, ալան-թալանի» առկայությունն արցախյան պատերազմով պատճառաբանելն աշխատում է բացառապես Սերժ Սարգսյանի օգտին, այդ քարոզչությունից նույնիսկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը քաղաքական դիվիդենտներ չի ստանում:

Դերենիկ Մալխասյան

«Պոլիտիկա» կենտրոնի նախագահ

Դիտվել է՝