Սասնա ծռերից գյումրեցի ազատամարտիկ Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում

aram hakobyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանը:

Ըստ նրա, իր պաշտպանյալը շտապ հետազոտման ու բուժման կարիք ունի:

Հիշեցնենք, Արամ Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ: Ազատամարտիկը կալանավորվելուց մի քանի ամիս առաջ գլխի ծանր վիրահատություն էր տարել. ուռուցք ունի: Սակայն նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը շարունակում է մնալ անփոփոխ:

«Ընդհանուր առմամբ կյանքին վտանգ կա: Լուրջ վտանգ կա, քանի որ նրա մոտ նախանշանները չեն անցել: Նախաինսուլտային վիճակում նա փետրվարին տեղափոխվել էր հիվանդանոց, այնտեղ ախտորոշվել է գլխուղեղի արյան շրջանառության խանգարում:

Դրանից հետո ինչ-որ սիստեմաներ էր ընդունել մեկ-երկու շաբաթ ընդմիջումով, լավացել է ընդհանուր վիճակը, բայց չի ապաքինվել: Վերջին նիստի ժամանակ էլ տեսանք, որ հակառակը՝ նա նաև խոսակցական խնդիրներ ունի: Նույնիսկ մեզ համար տարօրինակ էր. իր հետ շփման ժամանակ զգում ենք, որ խանգարում կա, դժվարությամբ է արտաբերում բառերը: Բացի այդ, առկա է աջ կողմի ձեռքի և ոտքի դժվար կառավարում, թուլացում»:

Փաստաբանն ասաց, որ դիմում են ներկայացրել, որպեսզի նրան հետազոտման տանեն: Դիմումը քրեակատարողական հիմնարկին են հասցեագրել, բայց պատասխան դեռ չեն ստացել. «Հենց որ հետազոտվի, հետո նոր կարելի է խոսել ախտորոշման մասին: Նրա առողջական վիճակի մասին մենք մինչև հիմա տեղեկություն չունենք: Մեկ ամիս ու կես է՝ նրան հետազոտության չեն ենթարկել: Չիմացության մեջ է նաև ինքը՝ Արամ Հակոբյանը»,- ասաց փաստաբանը՝ հայտարարելով, որ ցանկացած պահի Արամ Հակոբյանի կյանքը վտանգված է, ու այդ մասին տեղյակ են իրավապահները:

Արամ Հակոբյանը «Սասնա ծռերի» գործով մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում շենք-շինություն զավթելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու և փոխադրելու մեջ, որոնք նախատեսված են քր. օր-ի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մեկ կարևոր փաստ ևս. ի տարբերություն «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների՝ Արամ Հակոբյանին ոչ ոք ՊՊԾ գնդի տարածքում զինված չի տեսել: Սակայն սա չի խանգարել նախաքննական մարմնին նույն մեղադրանքն առաջադրելու Արամ Հակոբյանին:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝