«Անվտանգության համակարգը միայն «Իսկանդերով» ու դրանից կրակ արձակելու վճռականությամբ չի որոշվում». Գ. Բաղդասարյան

nkk

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ:

-Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանն Արցախում հայտարարեց, որ ապրիլի 2-ին պետք է ընտրել ուժի, որն ունակ է լինելու հարձակման կամ զորքի հետքաշման հրաման տալ, ուժի, որն ունենալու է այդպիսի հրամանների կամք: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը մյուս ուժերից փորձում է իրեն տարանջատել, որպես զինվորական, ով ունակ է առաջնորդել պատերազմող երկիրը եւ «անվտանգություն» ապահովել: Սրան զուգահեռ, մենք տեսնում ենք, որ մեկուսացվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, հիմա նաեւ մամուլը գրում է Սեյրան Օհանյանի հնարավոր ձերբակալության մասին: Ի՞նչ եք կարծում, արդյոք Սերժ Սարգսյանն այսպիսով չի փորձում 8 քաղաքական ուժերից իրեն առանձնացնել որպես «անփոխարինելի» գերագույն գլխավոր հրամանատար:

-Երկրի անվտանգությունը չպետք է անձով պայմանավորված լինի։ Երկրում պետք է ձևավորված լինի անվտանգության կայուն համակարգ, որն իր մնայունությամբ չպետք է առնչված լինի քաղաքական գործընթացներին։ Առավել ևս իշխանության ղեկին տարիներ շարունակ եղած մարդիկ պետք է որ նպաստած լինեին նման համակարգի ձևավորմանը։ Ընտրությունների միջոցով իշխանափոխությունը չի կարող բացասաբար անդրադառնալ բանակի մարտունակության և անվտանգության համակարգի վրա։ Համակա՛րգը պետք է անփոխարինելի լինի, այլ ոչ թե անհատը։ Ասենք, նույն պատմությունն է տնտեսության ոլորտում, երբ այս կամ այն ղեկավարը երաշխավորում է ներդրումների ապահովությունը։ Սա նշանակում է, որ մենք դեռ պետություն չենք դարձել՝ բառի դասական իմաստով։

-Արդյոք որպես «անվտանգության երաշխավոր» դիտավորյալ չէր «Իսկանդերից» կրակ արձակելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, դարձյալ որպեսզի ընդգծի իր «համեմատական առավելությունը»՝ մյուսների նկատմամբ:

-Դե, Սերժ Սարգսյանի առավելությունն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ղեկավարները գերագույն գլխավոր հրամանատար չեն եղել։ Բայց դա շտկման ենթակա է։ Բացի դրանից, անվտանգության համակարգը միայն «Իսկանդերով» ու դրանից կրակ արձակելու վճռականությամբ չի որոշվում։ Անվտանգության քաղաքական բաղադրիչները նվազ կարևոր չեն։ Այնպես որ, խորհուրդ կտայի հենց այս վերջին հանգամանքում առավել ծավալվել։

-Տեր-Պետրոսյանն էլ ընդգծում է, որ Սերժ Սարգսյանին չի կարելի դավաճան համարել, եւ ենթատեքստով կարծես ակնարկեց, որ դեմ չէ Սերժ Սարգսյանի վերարտադրությանը: Ի՞նչ գնահատական կտաք Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը:

-Դե, ընդհանրապես, առողջ քննարկում ապահովելու համար հարկ է դուրս գալ դավաճան-հերոս տիրույթից։ Այս առումով նորմալ եմ վերաբերվում նման հայտարարություններին։ Իսկ թե ինչ է դրանով ակնարկել ՀՀ առաջին նախագահը՝ դժվարանում եմ ասել, ենթադրություններ էլ չեմ ուզում անել։

-Արցա՞խն է խանգարում Հայաստանի տնտեսական առաջընթացին, Արցա՞խն է մեղավոր, որ Հայաստանը չի կայանում, ինչպես որոշ քաղաքական ուժերի կողմից շահարկվում է նախընտրական այս շրջանում:

-Երկրի զարգացման խնդիրները ես անմիջականորեն առնչում եմ Հայաստանի ինքնիշխանության ռեսուրսին։ Այս ռեսուրսով է պայմանավորված նաև խաղաղության հեռանկարը։ Սեփական ժողովրդի կողմից չվերահսկվող իշխանությունը, որպես կանոն, խաղալիք է դառնում ուրիշների ձեռքին, ինքը դառնում է խոցելի և իր խոցելիությամբ նաև երկիրը դարձնում խոցելի։ Ցանկացած ղեկավար մեծ քաղաքականությունում պետք է նահանջի տեղ ունենա, թիկունք ունենա ի դեմս սեփական ժողովրդի, մինչդեռ մեր իշխանության հիմնական վախը հենց ժողովրդից է։ Իշխանությունն իրեն զրկել է մանևրելու այս բացառիկ հնարավորությունից, ինչը քաղաքական ինքնասպանության փորձ եմ համարում։ Իշխանության այն որակը, որ ունենք հիմա, սպանում է երկրի ապագան։ Իշխանության այս որակը, շատ մեղմ ասած, չի համապատասխանում մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերների որակին։ Մարտահրավերները, ցավոք սրտի, փոխել չենք կարող։ Իսկ իշխանությունը փոխել հնարավոր է։

-Եվ վերջին հարցըԲաբայանի կալանավորումը եւ Օհանյանի մասին խոսակցություններն անձամբ Դուք ինչի՞ հետ եք կապում:

-Այս ամենն, ըստ իս, ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ է։ Անկեղծորեն ասած, տեղյակ չեմ կողմերի քաղաքական հաշվարկներին ու մարտավարությանը, ուստի դժվարանում եմ խոսել հետագա զարգացումների մասին։ Կարծում եմ՝ քիչ ժամանակ է մնացել ջրերը պարզվելուն։ Իսկ կոնկրետ Բաբայանի պարագայում պաշտոնական վարկածին, բնականաբար, չեմ հավատում։

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝