«Դրանք քաղաքական հետապնդումներ են Սամվելի նկատմամբ»

Снимок

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներն այսօր մամլո ասուլիսով են հանդես եկել: ՀՀ պաշտպանության նախարար, ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն, անդրադառնալով Սամվել Բաբայանի կալանավորմանը, նախ նշեց, որ տարբեր ժամանակահատվածներում իր հնարավորությունների շրջանակներում Բաբայանն աջակցել է ՕՐՕ դաշինքին, քանի որ իրենց գաղափարակիցն է:

«Նրա իրավունքների պաշտպանության գործում մենք պետք է հաստատակամ լինենք եւ մինչեւ վերջ գնանք: Մեզ համար մի քանի բան է անհասկանալի, առաջին հերթին լրատվական դաշտում: Ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ նյութերը, փաստերն առաջինը հայտնվում են որոշ լրագրողների մոտ, նախօրոք լրատվական դաշտում նրանք տեղեկություններ են տարածում, որ կլինեն ձերբակալություններ, հետապնդումներ եւ իրավական գործընթացներ:

Եվ երկրորդը. մենք աշխատում ենք փաստաբանի միջոցով, բոլոր տեղեկությունները մեզ տալիս է փաստաբանը, ինչպես որ ընդունված է կարգը, եւ փաստաբանի ասած տվյալներով որեւիցե մի փաստ գոյություն չունի, եւ նաեւ Սամվել Բաբայանն այդ ամենը չի վերցրել իր վրա, եւ կարծում եմ, որ որեւիցե մի առնչություն ինքը չունի, եւ չեմ կարծում, որ նա կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել, մանավանդ այս ժամանակահատվածում: Եթե կան տեղեկություններ, այդ տեղեկությունները թող տան, որ մենք էլ իմանանք: Եթե չկան այդ տեղեկությունները, ապա գոնե այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ դրանք քաղաքական հետապնդումներ են եւ՛ Սամվելի նկատմամբ, եւ՛ մեր դաշինքի նկատմամբ, որն անընդունելի է այս նախընտրական քարոզարշավի ընթացքում: Դա միանշանակ եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դաշինքն ունի ուժ, վերահսկողությունից դուրս է եւ անկասկած այն դերակատարությունն է իրականացնելու, որպեսզի մեր երկրում մենք փոխենք իշխանությունն անկախ անձանցից, ձեւավորենք նոր կառավարման համակարգ, որը որ այս իրավիճակից ելնելու համապատասխան ճանապարհ ցույց կտա»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը:

«Համախմբում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւս պնդեց, որ Բաբայանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, եւ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ներկայացվում համոզիչ փաստեր, ինքը Սամվել Բաբայանին կհամարի քաղաքական բանտարկյալ:

«Ինչպես բոլոր մյուսները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Անդրեաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները եւ բոլոր մյուսները: Անունները հատ-հատ չտամ, բավարարվեմ միայն երեքով: «Սասնա ծռերի» հետ կապված, իհարկե, ընդունում եմ, որ այնտեղ ոստիկանների մահվան խնդիրը կա եւ այնտեղ պետք է արդար դատաքննություն լինի, դա հասկանալի է: Բայց մնացածի մասով կարող եմ ասել, որ նրանք քաղբանտարկյալներ են, եւ երբ կլինի իշխանափոխություն, կարծում եմ, որ ցանկացած այլ քաղաքական ուժ այդ տղաներին բանտի խցերից ազատ կարձակեն»,- նշեց Օսկանյանը:

Օսկանյանը նաեւ հայտարարեց, որ երբեք այսքան մասսայական ընտրակեղծիքներ չեն եղել, որքան հիմա՝ ընտրությունների նախաշեմին:

«Սա ամենաակնհայտն է, ամենաբացահայտն է, ամենամասսայականն է»:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝