ԿԸՀ-ն այսօր նիստ է հրավիրել, բայց մանկավարժների ձայնագրություններն այսօր չեն քննարկի

mukuchyan

ՀՀԿ օգտին աշխատած 114 մանկավարժների ձայնագրությունները, որոնք երեկ հրապարակեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, այսօր արդեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Չնայած հասարակության ակտիվ արձագանքին՝ ՀՀ ԿԸՀ-ի նախագահը չի շտապել որեւէ կարծիք կամ գնահատական հնչեցնել ձայնագրությունների մասով՝ հայտարարելով, որ դրանք պետք է ուսումնասիրեն:

Հիշեցնենք, այդ ձայնագրություններն ուսումնասիրելու մասին երեկ հայտարարեց նաեւ ՀՀ դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ձայնագրությունների ուսումնասիրմամբ եւ կտա կոնկրետ գնահատական:

Տիգրան Մուկուչյանը կոնկրետ ժամկետներ չի նշել, թե ինչ ժամկետներում են ուսումնասիրելու ձայնագրությունները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իրեն էլ հայտնի չեն այդ ժամկետները:

«Տիգրան Մուկուչյանը երեկ զանգել էր, նա ինքն է խնդրել ձայնագրությունները, մենք անմիջապես հանձնել ենք դրանք, բայց ինչ ժամկետում կուսումնասիրեն, երբ կարձագանքեն, դեռ պարզ չէ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:

Այսօր՝ ժամը 18:00-ին, ԿԸՀ-ը նիստ ունի, արդյոք մանկավարժների ձայնագրությունների թեման եւս ԿԸՀ-ն կքննարկի:

ԿԸՀ-ի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հերմինե Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարցն օրակարգում ընդգրկված չէ:

«Օրակարգում երկու հարց է ընդգրկված, հիշյալ հարցը՝ մանկավարժների ձայնագրությունների մասով, ընդգրկված չէ: Այն ուսումնասիրվում է, դեռ ուսումնասիրման փուլը չի ավարտվել»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե կա՞ն կոնկրետ ժամկետներ, թե երբ ԿԸՀ-ն կավարտի ուսումնասիրությունները եւ երբ կտա գնահատական, Հերմինե Հարությունյանն ասաց, որ հստակ ժամկետներ նշված չեն:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է ԿԸՀ-ն ուսումնասիրություններն ավարտի, ասենք, 8 օր անց, երբ ընտրություններն ավարտված կլինեն արդեն, ԿԸՀ մամլո պատասխանատուն ասաց, որ ողջամիտ ժամկետներում կավարտեն ուսումնասիրությունը եւ կտան գնահատական:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝