«Գռփում են, թալանում, Ս. Սարգսյանին խոնարհվում, հետո գալիս ասում են՝ ժողովուրդ ջան, մենք ընդդիմադիր ենք». Ն. Փաշինյան

nikol

«Սիրելի գյումրեցիներ, այստեղ փնտրեք պրոբլեմը, որ իրենք գալիս են ձեզ ասում են՝ աղետի գոտին կվերականգնենք, Հանրապետական կուսակցությունը կամ իշխող թիմը, հետո անցնում է ժամանակ, հետո մենք գալիս ենք, ասում եք՝ բա անօթևանները, բա տուն չունեցողները, տնակները, հետո էլի գալիս է ու իշխող թիմը հաղթում է: Բա այստեղ է խնդիրը: Գնացել ու վստահության քվե են տվել, ասել են՝ այո, ճիշտ եք արել, իշխանություն, որ աղետի գոտին չեք վերականգնել, քանի որ քաղաքական պրոցեսի էությունը սա է, դուք պետք է ձեր ձայնը տաք ու ձեր ձայնը տալով գնահատեք նախորդ շրջանի քաղաքական գործունեությունը»,- նախընտրական քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզի համայնքներում և Գյումրիում «Ելք» դաշինքի անցկացրած հանդիպումներն ընտրողների հետ ամփոփելով՝ նման կարծիք է հայտնում «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի ևս: Խոսելով ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ տեղեկություններից՝ նա նշեց. «Քանի դեռ մարդիկ մտածում են՝ ողորմություն ստանանք, գնանք ընտրության, իրենք իրենց դատապարտում են աղքատության, մենք ասում ենք՝ ողորմությունը պետք է փոխարինել քաղաքացիական գիտակցությամբ: Հիմա, սիրելի գյումրեցիներ, բացատրեք, թե ինչ տրամաբանությամբ եք այս աղետի գոտին շարունակաբար աղետի գոտի դարձրած, ինչպես եք գնացել քվեարկել մի քաղաքական ուժի օգտին, որը Գյումրին դատարկել է, ՀՀ-ն դատարկել է, ՀՀ-ն դարձրել է աղետի գոտի, ու դուք ամեն անգամ մեզ փողոցում տեսնելով՝ ասում եք՝ դե մի բան արեք: Մենք ձեզ ասում ենք՝ եթե դուք գնացիք քվեարկեցիք ՀՀԿ-ին ու նրանց կոալիցիոն նախկին ու ներկա գործընկերներին, դուք ավելի եք խորացնելու Հայաստանի Հանրապետության հուսահատության փոսը»:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե ինչ պատճառով ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Արդեն երկար ժամանակ այդ թեման շոշափվում է, թե ինչու բոլոր ընդդիմադիրներով չեք միավորվում: Մինչև հիմա եղած միավորումները շատ արագ քանդվել են, այդպես է եղել ՀԱԿ դաշինքի հետ, «Ժառանգության» հետ, երրորդ հանրապետությունում ոչ մի դաշինք չի գոյատևել: Երբ որ հիմա մեզ ասում են՝ գնացեք Օսկանյանենց հետ միավորվեք, Օհանյանի հետ միավորվեք կամ այլ դաշինքի հետ, երբ որ նման հարցադրումներ են արվում, ես մտածում եմ, որ ընդհանրապես սխալ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել: 1994-95 թ.թ.-ից մինչև 2012 թվականն անընդհատ հետապնդումների եմ ենթարկվել, հիմա մտածում եմ՝ ես սխա՞լ եմ արել, այսինքն 95 թվականից մի տեղ ծանոթ գցեի, պաշտոն ստանայի, այդ պաշտոնի գործադրմամբ միլիոններ վաստակեի, առանձնատներ կառուցեի, ախրանաներ ունենայի, ընտրություններից 3 ամիս առաջ դուրս գայի իշխանությունից, ասեի՝ ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, ես ընդդիմություն եմ, եկեք ինձ հետ միավորվեք: Հիմա ես հարց եմ տալիս՝ Հովիկ Աբրահամյանն ընդդիմադիրից հիմա 3 պակաս է, երկու անգամ որ լավ բզեն, դուրս է գալու ասի՝ Սերժիկ հեռացիր, Սերժիկ հեռացիր: Հիմա ի՞նչ. Աբրահամյանն ընդդիմադիր գործի՞չ է: Հիմա ասում են՝ ինչի չեք գնում կոռուպցիոներների, վախկոտների, ժողովրդի ձայնը ծախածների հետ միավորվում, ժողովուրդ ջան, մենք չենք պատրաստվում նրանց հետ միավորվել:

Իշխանություն են գռփում, թալանում, Սերժ Սարգսյանին տարիներ շարունակ խոնարհվում, ընտրություններից 3 ամիս առաջ ասում՝ ժողովուրդ ջան, ես ընդդիմադիր եմ, Սերժը կաշառակեր է, չարիք է»:

Դիտվել է՝