Կարծիքներ՝ Ս. Բաբայանի ձերբակալության թեմայի շուրջ

новый коллаж

«Սամվել Բաբայանը մեր և գաղափարակիցն է, և համակիրն է մեր, և ինքն իր խոսքով, իր ելույթներով աջակցում էր մեզ, և մենք գտնում ենք, որ նրա ձերբակալման հիմնական պատճառը դա էր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության նախկին նախարարի ձերբակալմանը:

Մարգարյանի հավաստմամբ՝ Ս. Բաբայանը չի կարող որևէ կապ ունենալ այն կասկածների հետ, որոնք նրան ներկայացվել են իրավապահ մարմինների կողմից: Հիշեցնենք, ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

«Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռք բերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»,- նշվում է ԱԱԾ հայտարարությունում:

«Որևէ հիմք չկա ձերբակալման համար, այն կրում է քաղաքական բնույթ, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, և ինչ կասկածներ որ կան, անհեթեթ է, մենք համարում ենք, որ դա որևէ հիմք չի կարող ունենալ, ինչ-որ խողովակ ցույց տալ ու ասել, թե բերում էին չգիտեմ ինչ անեին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Ստեփան Մարգարյանը:

Բաբայանի հետ ձերբակալված մյուս երկու քաղաքացիներն, ըստ Մարգարյանի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ որևէ կապ չունեն: Անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչ պատճառով են ընտրություններին մասնակցող հենց այս քաղաքական ուժի շուրջ իրադարձությունները զարգանում, այս ամենը շարունակություն կունենա՞, Ս. Մարգարյանը նշեց.

«Երբ որ օդից բաներ են ասում Բաբայանի մասով, երբ որ անում են մի բան, որը որ նույնիսկ ծիծաղելի է ու որևէ տրամաբանության չի ենթարկվում, այդ դեպքում ամեն ինչի կարելի է սպասել, բայց մենք անում ենք մեր գործը, մենք անում ենք այն, ինչը որ նախատեսել էինք մեր գրաֆիկով, չենք շեղվելու դրանից ու գնում ենք դեպի ընտրություններ:

Հաստատակամորեն դաշինքի ռեյտինգն աճում էր հասարակության մեջ, դա ակնհայտ երևում էր, երևում էր նաև հարցումներով, դա ակնհայտ էր ու երևում էր նաև շփումների ընթացքում»,- նշեց Ս. Մարգարյանը:

«Ս. Բաբայանի ձերբակալման հետ կապված ԱԱԾ-ն ունի պաշտոնական հաղորդագրություն, խնդիրը գտնվում է նախաքննության փուլում, ուստի նախաքննության փուլի ժամանակահատվածում ճիշտ չեմ համարում, որ որևէ քաղաքական ուժ որևէ քաղաքական գնահատականով հանդես գա, ամեն ինչ կլինի հրապարակային, նախաքննությունը կլինի, կմտնի դատաքննության փուլ փաստաբաններն իրավունք կունենան իրենց կարծիքն արտահայտելու, ԱԱԾ-ն էլ հիմքերը կներկայացնի, հիմա քանի որ ամեն բան նախաքննության փուլում է, ի՞նչ կարող եմ ասել»,- անդրադառնալով Ս. Բաբայանի ձերբակալությանն՝ հայտնեց իշխող քաղաքական ուժի՝ Հանրապետականի մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ Ս. Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է ու պայմանավորված է նրանով, որ Բաբայանն իր աջակցությունն է ցուցաբերում այս ուժին, որի վարկանիշը հասարակության շրջանում ավելանում է, ու իշխող քաղաքական ուժը ռեալ վտանգներ տեսնելով՝ նման քայլերի է գնում, Է. Շարմազանովը քաղաքական դիվիդենտներ շահելու հնարք է համարում. «Նախ Ս. Բաբայանն ի՞նչ կապ ունի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ, իրենք իրենց քարոզարշավն են անում, ու ես «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի իմ գործընկերներին կառաջարկեի զբաղվել իրենց քարոզարշավով և չգերագնահատեն իրենց սեփական հնարավորությունները, հետևում եմ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի քարոզարշավին ու տեսնում եմ, թե ով ինչքան հրապարակային աջակցություն ունի հասարակության կողմից, ու այո, տեսնում ենք, որ բազում ընդդիմադիր ուժեր կան, որոնք մի քանի անգամ ավելի ընդունված են հանրության մոտ, քան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գործիչները: Սպասենք ապրիլի 2-ի ընտրություններին ու 2-ից հետո կտեսնենք՝ ով ինչքան ձայն ունի: Ես՝ որպես Ալավերդիում ապրող և Մասիվի 5-րդ զանգվածում ապրող, երկու տեղերում էլ ակտիվ շփվել եմ հանրության հետ և կարող եմ ասել իմ դիտարկումները, որոնք միգուցե կարող են ճիշտ չլինել, չեմ պնդում, բայց կարող եմ ասել՝ ինչ եմ տեսել ու լսել: Հանրապետականը դնում եմ կողքի, ընդդիմադիր կուսակցություններ կան, որ թե Լոռու մարզում, կոնկրետ Ալավերդիում ու նաև Նորքի զանգվածում ավելի շատ ձայն ունեն: Ապրիլի 2-ին ընտրություն կլինի, կտեսնենք, եթե այսպես շարունակեն, կարող է ավելի քիչ ձայն հավաքեն, քանի որ փոխանակ զբաղվեն ժողովրդի հետ հանդիպումներով ու քարոզչությամբ, սա էլ բարեկամական խորհուրդ, բան ու գործը թողած՝ քաղաքական, քաղաքական, Սամվել Բաբայանը ոչ ձեր ցուցակում եղել է, ոչ ձեր հանդիպումներին մասնակցել է, ոչ էլ քաղաքական հայտ է ներկայացրել, ինչ եք ընկել Սամվել Բաբայան, Սամվել Բաբայան: Ս. Բաբայանի ձերբակալումը պետք չէ արհեստականորեն քաղաքականացնել ու փորձել դրանից դիվիդենտներ շահել»,- նշեց Շարմազանովը՝ ավելացնելով.

«Ինչ վերաբերում է կոնկրետ ձերբակալությանը, դա իրավական ակտ է, ԱԱԾ-ն տվել է պաշտոնական ինֆորմացիա, ու նախաքննության փուլում որևէ գնահատական տալը ճիշտ չէ, իմ ցանկացած գնահատական կարող է դիտվել որպես պետական այրի միջամտություն նախաքննական պրոցեսին»,- եզրափակեց ՀՀԿ մամլո խոսնակը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝