Կարեն Կարապետյանը ՀՀԿ քարոզչության գնում է վարչապետի ծառայողական մեքենայով. ՀՀ կառավարության մեկնաբանությունը

Karapetyan1

Ի՞նչ ֆինանսական և նյութական միջոցներ են օգտագործում ՀՀԿ քարոզչության համար հանդիպումների մեկնող պաշտոնյաները:

Մարզեր են մեկնում իրենց անձնակա՞ն, թե՞ ծառայողական մեքենաներով, ո՞ւմ հաշվին են գիշերում հյուրանոցներում:

Այս հարցի վերաբերյալ ԳԱԼԱ-ի հարցման պատասխանել են նաև ՀՀ կառավարությունից:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը թեև ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված չէ, բայց առաջնորդում է ՀՀԿ քարոզչությունը: Նա գնում է հանդիպումների թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Վարչապետի մարզային այցելությունների մասին սովորաբար հայտարարություն են տարածում թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ ՀՀԿ պաշտոնական քարոզչության էջը:

Առաջին հարցը, որ հետաքրքրում է, այն է, թե Կարեն Կարապետյանն ինչու է նաև կուսակցական հանդիպումների գնում ՀՀ վարչապետին տրամադրվող ծառայողական մեքենայով:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչ մեքենայով է կուսակցական հանդիպումների մեկնում Կարեն Կարապետյանը, անձնակա՞ն, թե՞ ծառայողական, կառավարության լրատվականից պատասխանել են, որ Կարեն Կարապետյանը Երևանում և մարզերում հանդիպումների գնալիս օգտվում է իրեն տրամադրված ծառայողական մեքենայից: Կառավարությունում սա պայմանավորում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին›› ՀՀ օրենքով:

«‹‹Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին›› ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ է, ով իրավունք չունի հրաժարվել պետական պահպանությունից: Միևնույն ժամանակ, նույն օրենքը սահմանում է նաև, որ պետական պահպանությունն, ի թիվս այլ միջոցառումների, ապահովվում է տրանսպորտային սպասարկման իրականացմամբ, այդ իսկ պատճառով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում և մարզերում հանդիպումների գնալիս օգտվում է իրեն տրամադրված ծառայողական մեքենայից»:

Մեր հաջորդ հարցն այն է, թե մարզերում գիշերակացի համար Կարեն Կարապետյանին ով է վճարում՝ ՀՀ քաղաքացի՞ն՝ պետբյուջեից, ՀՀԿ՞-ն, որի փոխնախագահն է Կարեն Կարապետյանը, թե՞ անձնական միջոցներ են ներդրվում, կառավարության լրատվությունից պատասխանել են, որ Կարեն Կարապետյանն ինքն է վճարում: Կոնկրետ հարցրել էինք Սյունիքի մարզում ինչ հյուրանոցային ծառայություններից է օգտվել, որքան գումար է հատկացրել և ինչ միջոցներից:

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Սյունիքում իր անձնական միջոցների հաշվին գիշերել է տեղի հյուրանոցներից մեկում և վճարել այդ ծառայության համար գանձվող սակագներին համապատասխան»:

Ինչ վերաբերում է ճանապարհածախսին, ասենք, օրինակ, ծառայողական մեքենաներն ով է բենզին լցնում, ինչ միջոցներ են ծախսվում, ՀՀ կառավարությունից պատասխանել են, որ դարձյալ վարչապետի անձնական միջոցներն են օգտագործվում:

«Վարչապետը ճանապարհածախսը վճարում է իր անձնական միջոցների հաշվին»:

Հիշեցնենք, մեր հարցմանը պատասխանել էր նաև ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, իսկ ՊՆ Վիգեն Սարգսյանը պատասխանել էր, որ կպատասխանեն ավելի ուշ՝ սահմանված ժամկետում:

ՀՀ ՊՆ-ից մեզ փոխանցել են, որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝