Խաղաղ անհնազանդության ակցիան շարունակվելու է

hhhhh

Լրացված՝ 21:22

Ցուցարարները որոշեցին ամեն օր ժ. 18:00-ին հավաքվել Ազատության հրապարակում: Մի խումբ երիտասարդներ տեղում անցկացնում են շուրջօրյա նստացույց:

Լրացված՝ 21:07

Ցուցարարները երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Նրանք «Միացում», «Դուրս արի փողոց», «Սերժիկ մարդասպան», «Հաց բերողին սպանել են» վանկարկումներ են հնչեցնում: Երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանական խմբերը:

Լրացված՝ 20:46

Ոստիկանները բռնի ուժ են կիրառում՝ երիտասարդներին տեղափոխելով փողոցի կենտրոնից, որտեղ վերջիններս նստացույց էին անցկացնում:

Լրացված՝ 20:37

Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Նրանց ուղեկցում են ոստիկանական խմբերը՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:

Հայտարարվեց, որ խաղաղ անհնազանդության ակցիան շարունակվելու է, եւ ամեն օր ժ.18:00-ին հանրահավաքները մեկնարկելու են Ազատության հրապարակից:

Լրացված՝ 20:29

Ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը եւ նրանց չեն թողնում շարժվել առաջ:

Ցուցարարները շարունակում են «Արթուր, Արթուր», «ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն» վանկարկումները:

Լրացված՝ 20:06

Ցուցարարները «Ամոթ, ամոթ», «Որոշողը մենք ենք», «Արթուր, Արթուր»  վանկարկումներով անցան Երեւանի կենտրոնական հրապարակով: Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը: Ցուցարարները փորձեցին նստել կառավարության շենքի մոտ, սակայն ոստիկանները բռնի ուժով նրանց տեղափոխում են տարածքից:

Ցուցարարները երթ անցկացրեցին Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթի մասնակիցները նստեցին Սայաթ-Նովա – Մաշտոց  փողոցների խաչմերուկում։ Ոստիկանները պահանջեցին ազատել տարածքը:

Ազատության հրապարակի հարթակից հայտարարվեց, որ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը մերժվել է: Հաշվի առնելով Արթուրի ընտանիքի անդամների ցանկությունը, նա կհուղարկավորվի Շահումյանի գերեզմանատանը։

Լրացված՝ 18:47

Մայրաքաղաքում մեկնարկել է հանրահավաքը՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի»: Արդեն 3-րդ օրն է Երեւանում անցկացվում են բազմամարդ հանրահավաքներ եւ երթեր, որի մասնակիցները հանդես են գալիս մի քանի պահանջներով:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր  «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու համար «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանը:

Ըստ բժիշկների, նա վիրահատությունից հետո մահացել է սրտի անբավարարությունից:

Դիտվել է՝