Հայկական կինոյի Ալեն Դելոնը. Քո ձայնը

karen-karapetryan-600x400

«Հայ կանանց 80 տոկոսը Ձեզ սիրում, համակրում է, ի՞նչ է լինելու մեր վերջը»,- հարց է  տալիս մանկավարժը ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Վերջը լավ ա լինելու, վերջում տուն եմ գնալու»,- պատասխանում է վարչապետը մաչոյական ժեստիկուլյացիայով եւ լայն  ժպիտով:

Իսկ ի՞նչ կլիներ, որ Դուք, պարոն վարչապետ, Հայաստան գայիք աշխատելու ոչ թե որպես վարչապետ, այլ պարզապես որպես կինոդերասան: Եվ վերջապես ի՞նչ է լինելու, ի վերջո, հայկական կինոմատոգրաֆիայի վերջը:

Իսկ կինոյում Կարեն Կարապետյանը հաստատ որակ կփոխեր. ես, ճիշտ է, կանանց այն 20 տոկոսի մեջ եմ, բայց չեմ էլ կարող դեմ լինել,  որ 80 տոկոսի համար այս մարդը համակրելի է: Ի վերջո, ինչ վատ կլիներ, որ ունենայինք մեր Ալեն Դելոնը: Հատկապես, որ բոլոր նախադրյալներն են առկա. դերասանական խաղ, հզոր ժպիտ, համոզիչ խոսք… Ինչ մի պակաս Ալեն Դելոն կարող էր լինել մեր Կարեն Կարապետյանը: Բայց, ցավոք, նա «գաստրոլների» է գնում որպես վարչապետ եւ որպես Հայաստանի քաղաքական ամենամեծ ուժի ներկայացուցիչ, ոչ թե որպես մեծ դերասան:

Նա հայաստանյան քաղաքական դաշտ եկավ ճիշտ այն ժամանակ, երբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «խաղը» դադարեց համոզիչ թվալ:

Հիշում եք Գասպարյանի աստեղային ժամը, երբ գոռում էր. «Ես Գասպարյան Վովան եմ, ես Վովան եմ…»:

Սկսած 2016 թվականի հուլիսի 17-ից, երբ մի խումբ հայեր գրավեցին  Էրեբունու ՊՊԾ գունդը, Ս. Սարգսյանն արդեն սկսեց մտածել Վ. Գասպարյանին արժանի հետնորդ գտնելու մասին, այնպիսին, որ նույնիսկ գերազանցի ոստիկանապետին իր արհեստավարժությամբ:

Եվ հենց այդ ժամանակ տեսահորիզոնում հայտնվեց նա՝ սպիտակ վերնաշապիկով՝ թեւերը քշտած, գործնական արտաքինով, նորաձեւ փողկապով ու կոստյումով Կարեն Կարապետյանը՝ բարեհամբույր, անմիջական, մենախոսության մեջ պրոֆեսիոնալ եւ վերջապես բարետես…

Ինչ վատ բան կա դրանում, որ նման հատկանիշներով օժտված գործիչն ուղեկցի ՀՀԿ քարոզիչներին: Ի վերջո, նա ընդհանրապես նման չէ Ս. Սարգսյանին, պատասխանատվություն չի կրում ՀՀԿ-ի 10 տարվա անցյալի համար, ի վերջո, շփումներում անկեղծ է, երիտասարդների հետ շատ լավ սելֆի է անում, գյուղացի պապիկների հետ գլուխ գլխի տված նկարվում ու ինչ լավ անեկդոտներ է պատմում, նաեւ գրեթե պրոֆեսիոնալ թմբկահար է: Նա ՀՀԿ-ի փայլն է ու իր այդ փայլով փորձում է  ծածկել Ս. Սարգսյանի, Շարմազանովի, Աշոտյանի, Գալուստ Սահակյանի, ի վերջո, Սամվել Ալեքսանյանի, Առաքել Մովսիսյանի ու մյուս մյուսների գորշությունը:

Դեռ որքա՜ն «կվայելենք» նրա ներկայությունը, հայտնի չէ. ՀՀԿ-ն խոստանում է, որ Կարեն Կարապետյանի՝ իրեն արդարացնելու դեպքում նա կշարունակի մնալ ՀՀԿ վարչապետի թեկնածուն, բայց միեւնույն ժամանակ Կ. Կարապետյանը, որը հիմա առաջնորդում է  ՀՀԿ քարոզչությունը, ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում:

Մենք միանգամայն շահող կլինենք, եթե վարչապետության ավարտից հետո իսկապես Կարեն Կարապետյանը որոշի իր ուժերը ներդնել հայկական կինոն զարգացնելու գործում:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝