Ա. Հովհաննիսյանը վստահեցնում է, որ սեփական մեքենայով է մեկնում հանդիպումների և իր գրպանից է վճարում հյուրանոցային ծախսերը

Arpine-Hovhannisyan-800x445

Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք, ԳԱԼԱ-ն հարցում է ուղարկել ՀՀԿ համամասնական ցուցակում առաջատարի դիրքերում գտնվող նախարարներին և վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ճշտելու համար՝ ինչ միջոցներ են օգտագործում քարոզչության համար:

Ինչպես հայտնի է, հիշյալ պաշտոնյաներն արձակուրդ չեն վերցրել և համատեղում են պաշտոնն ու կուսակցական աշխատանքը: Օրինակ, վաղը ՀՀԿ քարոզչական խումբը մեկնում է Տավուշ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀԿ-ի նախընտրական կայքից, կուսակցականները հենց վաղը աշխատանքային ժամին՝ ժ.11:45 րոպեին, հանդիպում են տավուշցիների հետ՝ մշակույթի կենտրոնում:

Հասկանալի է, որ այդ հանդիպումը լինելու է պետական աշխատանքի հաշվին: Այսինքն, այն ժամանակ, երբ ՀՀԿ-ականներն իրենց քարոզչությունն են իրականացնելու, հենց այդ ժամանակ, օրինակ, վարչապետի պարտականությունները մնալու են անկատար, կամ էլ վարչապետը միաժամանակ երկու պարտականություն համատեղելու է Տավուշում, ինչն օրենքի տեսանկյունից անթույլատրելի է:

Հարցի մյուս կողմն էլ այն է, թե ինչ ֆինանսական և նյութական միջոցներ են օգտագործում հիշյալ պաշտոնյաները քարոզչության ժամանակ, օրինակ, հանդիպումների գնում են իրենց անձնակա՞ն, թե՞ ծառայողական մեքենաներով, ո՞ւմ հաշվին են գիշերում հյուրանոցներում:

Արդեն ՊՆ Վիգեն Սարգսյանի պատասխանը հրապարակել ենք:

Այսօր մեր հարցմանը պատասխանել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Մեր այն հարցին, թե ՀՀԿ նախընտրական քարոզարշավի նպատակով Երևանում և մարզերում հանդիպումների գնալիս ինչ տրանսպորտային միջոցներից է օգտվում, նա պատասխանել է, որ օգտվում է իր անձնական տրանսպորտային միջոցներից:

Մեր հաջորդ հարցին, թե ՀՀԿ նախընտրական քարոզարշավի նպատակով որքան գումար է ծախսում մարզային հանդիպումների ժամանակ՝ գիշերակացի և սննդի համար, կոնկրետ Սյունիքում որ հյուրանոցում է գիշերել, որքան գումար է վճարել և ինչ միջոցներից է վճարել, պատասխանել են.

«ՀՀ արդարադատության նախարարն իր միջոցների հաշվին օգտվել է Սյունիքի մարզում գործող հյուրանոցային հաստատություններից մեկի ծառայություններից` նշված ծառայությունների համար գանձվող սակագներին համապատասխան»:

ՀՀԿ նախընտրական քարոզարշավի նպատակով Երևանում և մարզերում հանդիպումների գնալիս ճանապարհածախսն ի՞նչ գումարներից եք վճարում՝ պետակա՞ն, անձնակա՞ն, թե՞ կուսակցական:

Այս հարցին առայժմ պատասխանել են նաև ՀՀ ՊՆ-ից: Մեզ փոխանցել են, որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ու չեն կարող պատասխանել այդ հարցերին անմիջապես:

Ինչ մնում է ՀՀԿ քարոզների մեկնելու ճանապարհածախսին, դարձյալ վստահեցրել են, որ Արփինե Հովհաննիսյանը վճարել է սեփական գրպանից:

Հիշեցնենք, որ նույն հարցերին պատասխանելու համար ՀՀ ՊՆ-ից օրենքով սահմանված կարգով ժամանակ էին խնդրել՝ բացատրելով, որ մեր հարցումները տարողունակ են և ճշտելու համար ժամանակ է պահանջվում:

Իսկ ՀՀ կառավարությունից դեռ պատասխան չենք ստացել:
1

2

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝