«Հիմա գնում է պայքար, ու իրենք զննել են, թե ով է վստահություն ներշնչում»

maxresdefault

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ:

-Պարոն Պեպանյան, ներքաղաքական դաշտում նախընտրական այս շրջանում կարծես թե նոր զարգացումներ են սկսվել: Նախօրեին հայտարարություն տարածվեց Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա ծռերի անունից, որն, ըստ էության, աջակցություն էր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին: Ինչո՞վ է սա բացատրվում, ըստ Ձեզ, և արդյոք սպասելի էր:

-Ես այն կարծիքին եմ, որ ըստ երևույթին գնահատել են, թե եղածների մեջ ով է համեմատական ընդդիմադիրը:

Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Ժիրայր Սեֆիլյանը համագործակցության փուլ ունեցել է Րաֆֆիի հետ: Սա ևս պետք է հաշվի առնենք:

- Ծռերը և Հիմնադիր խորհրդարանն ընդհանրապես դեմ էին կուսակցություններին ու կուսակցական գործունեությանը: Նրանք նույնիսկ առանձնահատուկ էին մոտենում Զարուհի Փոստանջյանին, որն այդպես էլ չհամաձայնեց մտնել ՕՐՕ դաշինք:

-Պետք է ի նկատի ունենալ, որ հիմա գնում է պայքար, ու իրենք զննել են, թե ով է վստահություն ներշնչում իրենց:

Պարզապես ընտրության այլ հնարավորությունը բացակայում է:

-Արդյոք «Սասնա ծռերօպերացիան հիմնված է լինելու հենց այս ուժի կամ դաշինքի վրա:

-Սասնա ծռերի արածը՝ որպես ոգու պոռթկում, գնահատելի է, սակայն ժողովրդի առջև ծառացած խնդրի լուծման առումով անարդյունավետ էր, քանի որ քաղաքականությունը սիրում է իրենով զբաղվողին չափել արդյունքով:

«Սասնա ծռեր» անելու համար պետք է այլ որակներ ունենալ, այլ գաղափարներ կրել, ինչը նկատելի չէ նշված դաշինքում:

Իշխանությունների համար վտանգ ներկայացնող ուժ, որպես այդպիսին, երբևէ չի եղել: Այսօր առավել ևս չկա: Բայց քանի որ անցնցում ընտրություններն արտաքին ուժերին ձեռնտու չեն, ապա չեն բացառվում էքսցեսներ:

-Պարոն Պեպանյան, հիշյալ հայտարարությունում Սեյրան Օհանյանին համեմատում են հռոմեական բանակի՝ գերմանական ծագում ունեցող զորավար Արմինիուսի հետ:

Եվ ՕՐՕ դաշինքի համակիրներին կոչ են անում պատրաստ լինել համաժողովրդական ընդվզման: Արդյոք ՕՐՕ-ի հետ կարող է ժողովուրդը գնալ համընդհանուր ընդվզման: Օհանյանը, Օսկանյանը կարո՞ղ են ղեկավարել ժողովրդական ընդվզումը:

– Կարելի է ենթադրել, որ այս կերպ Հիմնադիր խորհրդարանն ու Ծռերը ոչ թե իրենց համակիրներին կողմնորոշում են դեպի ՕՐՕ, այլ ՕՐՕ-ին են կողմնորոշում դեպի իրենց:

Սակայն ես ժողովրդական մեծ ընդվզման ռեսուրս երբևէ չեմ տեսել, ու հիմա էլ չկա, և դրա ապացույցը տվեց հենց Սասնա ծռերի գործողությունը: Դրանք հեքիաթներ են:

Իսկ ՕՐՕ-ն ղեկավարողներն այդ մարդի՞կ են, որ կողմնորոշվեն. թերևս տեսականորեն միայն Օհանյանը:

-Լավ, պարոն Պեպանյան, ընդդիմության մեջ նախընտրական այս փուլում կարծես թե կոնսոլիդացիայի նոր հեռանկար է նշմարվում:

– Քաղաքական դաշտում ես լուրջ ուժեր չեմ տեսնում, որ կոնսոլիդացիա էլ լինի:

Հայկական ժամանակը» վերլուծական հրապարակախոսություն է հրապարակում, որտեղ հարցադրում կա՝ ԵԼՔ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կհամագործակցե՞ն արդյոք:

Իսկ հոդվածի վերջում ավելի ընդհանուր ԵԼՔ-ՕՐՕ-Ծառուկյան համագործակցության մասին է ակնարկվում: Ինչի՞ մասին է խոսում սա:

– Այդ հարցին արդեն պատասխանել եմ, որ իշխանություններին վտանգ սպառնացող ուժ երբևէ չի եղել, հիմա առավել ևս չկա, որքան էլ որ կոնսոլիդացվեն:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝