Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հունաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

4

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 15-ին հանդիպումներ է ունեցել Հունաստանի խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մասնավորապես` Պանայոտիս Զխուրիտիսի («Անկախ հույներ» կուսակցության փոխնախագահ), Լիանա Կանելիի (Կոմունիստական կուսակցություն), Սիլվանա Ռապտիի (ՊԱՍՕԿ` Համահունական սոցիալիստական շարժում), Էվի Խրիստոֆիլոփուլուի («Դեմոկրատական համախմբում» կուսակցություն), Գեորգիոս Կումուցակոսի («Նոր ժողովրդավարություն» կուսակցություն) հետ։

Կարեն Միրզոյանը հույն խորհրդարանականներին է ներկայացրել իրավիճակն Արցախում և նրա շուրջ, ինչպես նաև անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և  Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին՝  ուղղված բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ապահովմանը։

Անդրադառնալով Արցախում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին ու վերջին զարգացումներին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հաստատակամությունը՝ ամրապնդել ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա հիմնված անկախ պետականությունը։

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափով համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

1 2 3 4

Դիտվել է՝